Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 153 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների 23 սուբվենցիոն ծրագիր՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արարատի մարզից՝ 1, Արմավիրի մարզից՝ 8, Գեղարքունիքի մարզից՝ 2, Լոռու մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 1, Սյունիքի մարզից՝ 1, Տավուշի մարզից՝ 7 ծրագիր:
«Այս համաֆինանսավորմամբ արդեն կունենանք պետական բյուջեից 2026 թվականին տրամադրված ընդհանուր 13 մլրդ 165 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր»,-նշել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սուբվենցիայով իրականացվող ծրագրերը։ Որոշմամբ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար՝ Արարատ մարզի Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում-2-րդ փուլ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 900 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար), Վաղարշապատ Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացում (ավարտված է, կառուցվել է 1․8 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 112 տնային տնտեսություն), Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Գ․ Նժդեհ, Դ․ Կանայան, Րաֆֆի, Վ․Մամիկոնյան փողոցների գազաֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3․4 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 276 տնային տնտեսություն), Արմավիր բնակավայրի Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34, 36 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում (ավարտված է, կառուցվել է 770 գծմ երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները՝ 230 տնային տնտեսություն), Լենուղի բնակավայրի թիվ 10 փողոցի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, հիմնանորոգվել է 460 գծմ երկարությամբ ճանապարհ), Արմավիր բնակավայրի թիվ 5 մսուր-մանկապարտեզի հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55 %, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 190 սանի համար), Արաքս համայնքի Գայ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 560 գծմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 23 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 22 հա), Արաքս համայնքի Ջրարբի բնակավայրի Թումանյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում (ավարտված է, ասֆալտապատվել է 1,1 կմ երկարությամբ ճանապարհ), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված է, ասֆալտապատվել է 4553 քմ բակային տարածք), Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Մ. Հերացի փողոցի երկկողմանի մայթերի կառուցում քարե սալիկներով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 1300 քմ երկարությամբ երկկողմանի մայթ), Լոռու մարզի՝ Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում, Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Քարաձոր և Սարամեջ բնակավայրերի ոռոգման ջրամբարի կառուցում, Հարթագյուղ և Գոգարան բնակավայրերի ոռոգման համակարգերի վերանորոգում (ավարտական փուլ, կառուցվել է 5,5 կմ և վերանորոգվել 3,7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, ինչպես նաև կառուցվել է 12000 խմ ոռոգման ջրամբար հա, տնտ), Սպիտակ բնակավայրի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է 6,6 կմ երկարությամբ ջրագիծ, 150 խմ տարողությամբ ջրամբար, վերանորոգվել է քլորակայանի շենքը և տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ պոմպային սարքավորում, շահառուները՝ 50 տնային տնտեսություն), Գեղասար բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել է 790 մ երկարությամբ ջրագիծ), Կոտայքի մարզի՝ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Ռուսովի և Խորենացի փողոցների հիմնանորոգում (ավարտված է, հիմնանորոգվել է 1,4 կմ երկարությամբ ճանապարհ), Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար), Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Դեղձավան բնակավայրերի փողոցների սալապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80 %, սալարկվել է 4889 քմ երկարությամբ ճանապարհ), Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 37-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, սալարկվել է 250 քմ երկարությամբ ճանապարհ), Բերդ համայնքի Արծվաբերդ և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում բնական տուֆ քարով (ավարտված է, սալարկվել է 1249 քմ երկարությամբ ճանապարհ), Բերդ համայնքի Չորաթան և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերում խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրում (կատարված շինարարական աշխատանքները՝ 55 %, տեղադրվել է ընդհանուր 640 ջրաչափ), Չինարի և Այգեձոր բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված է, ասֆալտապատվել է 750 գծմ երկարությամբ ճանապարհ), Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի 3-րդ փողոցի տուֆապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60 %, սալարկվել է 4485 քմ երկարությամբ ճանապարհ), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում հենապատերի հիմնանորոգում և կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, կառուցվել և հիմնանորոգվել է 400 գծմ երկարությամբ հենապատ)։
Ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ
Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը 176.1 կմ է. «Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»։
Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ նորոգվող ճանապարհները։ Կիրականացվեն հետևյալ միջին նորոգման աշխատանքները՝ Արագածոտնի մարզում Ապարանից դեպի Ալագյազ 10.5կմ, (աշխատանքներն ավարտական փուլում են), Ալագյազից դեպի Ծիլ Քար 11 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Փարաքարի, Վաղարշապատի և Արշալույսի հատվածներ 2.8կմ (աշխատանքներն ավարտվել են), Լոռու մարզում՝ Վանաձորից դեպի Վահագնաձոր 11կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Վահագնաձորից դեպի Ձորագետ 11 կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Սյունիքի մարզում՝ Նորավանից դեպի Հարժիս 15.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Արագածոտնի մարզում՝ Ագարակից դեպի Բյուրական 2.7 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Դաշտադեմից դեպի Քարակերտ 11.3 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել 6.1 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Արմավիրից դեպի Զորամաս 2 կմ (աշխատանքներն ավարտվել են), Շիրակի մարզում՝ Ախուրյանից դեպի Ջրառատ 12.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Կոտայքի մարզում՝ Հրազդանից դեպի Հանքավան (աջ և ձախ գոտիներ) 8.2 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Գեղարքունիքի մարզում՝ Լճափից դեպի Հայրավանք 7.6 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի Հաղարծին 9.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Տավուշի մարզում՝ Հաղարծինից դեպի Հովք 9.4կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Երևանի Աճառյան փողոցում՝ Երևանից դեպի Պտղնի (աջ և ձախ գոտիներ) 10 կմ, (աշխատանքները նախապատրաստական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Սեմյոնովկա 2 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Սյունիքի մարզում՝ Հարժիսից դեպի Գորիս 8.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Սյունիքի մարզում՝ Ծավից դեպի Շիշկերտ 5.6 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիշկերտից դեպի Շվանիձոր 12 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիրակի մարզում՝ Գյումրու փողոցներ 6.3 կմ (աշխատանքները նախապատրաստական փուլում են)։
ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված 500 կիլոմետր ճանապարհների կառուցումն ու հիմնանորոգումը կիրականացվի. «Մենք արդեն 310 կմ շրջակայքում ենք, բացի այդ 120 կմ հիմնանորոգված, ներքին շերտ տեղադրված ճանապարհ ունենք»։
Անդրադառնալով շինաշխատանքների որակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական կենտրոնացումը որակն է, որովհետև ճանապարհների կառուցմանը զուգահեռ մենք պետք է անընդհատ և շարունակաբար տեսնենք որակի բարձրացում։ Գիտեմ, որ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ որակի վերահսկողության պատշաճ կարողություններ ունենք»։
Արձագանքելով՝ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ձեռք են բերվել 230 մլն դրամի սարքավորումներ՝ լաբորատորիայի կարողությունները լավարկելու շրջանակում։
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2026 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում դիմած/դիմող շուրջ 626 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500 մլն հազար դրամ։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 28.08.2026թ. դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները։ Աջակցություն կտրամադրվի՝ 170-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 120-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 30 հազար դրամ), 336-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 970 հազար դրամ)։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Ըստ նախարարի՝ 13,2 մլրդ դրամի աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2 425 շահառուի։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ «Բայց տեսնելով, թե ինչպիսի ազդեցություն ունի այս ծրագիրն ընտանիքների վրա, մենք արդեն նոր ծրագիր ենք շրջանառում և շուտով կներկայացնեք Կառավարության քննարկմանը։ Այն հիմնված է գործող ծրագրի տրամաբանության վրա՝ որոշակի փոփոխություններով, որոնք դուրս են բերվել ծրագրի մշտադիտարկման արդյունքում։ Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,-ասել է նախարարը։
Սահմանվում են կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների գործունեության բարենպաստ պայմանների համար
Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման ՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետևյալ նոր չափանիշներ և կարգավորումներ։ Մասնավորապես, բացառվել են ներդրումային ֆոնդերին հավաստագրի տրամադրումը, վերանայվել է թե օրինապահ հարկ վճարող համարվելու, թե հավաստագրի գործողության դադարեցման համար թույլ տրվող իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը` վերին շեմ սահմանելով 10 մլն դրամ, նախկին 4 մլն դրամի փոխարեն, հարկ վճարողի մոտ դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող հարկային երկու տարում գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասի բացակայություն։ Միաժամանակ սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկում և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգ։
Կապահովվեն պետբյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումները
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին անվերադարձ կարգով հատկացվող համայնքային մասհանումների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Մասնավորապես, մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքների բնակավայրերին յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով (2 տոկոս) և կարգով հաշվետու տարում անհրաժեշտ է հատկացնել համապատասխան համայնքային մասհանումներ: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառման շրջանակում կատարել փոփոխություններ` Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքներին (Քաջարան, Կապան, Մեղրի, Ալավերդի, Փամբակ, Ծաղկաձոր և Վարդենիս) հատկացնելով համապատասխան համայնքային մասհանումները:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մի շարք ծրագրերի իրականացման համար հատկացնել 834,660.1 հազար դրամ։ Գումարը կուղղվի հետևյալ աշխատանքների համար՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1200 գծամետր ճանապարհի ասֆալտապատում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում և համայնքային ավտոբուսի ձեռքբերում, Լոռու մարզի Փամբակ համայնքի գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի և մեքենա-մեխանիզմների ձեռքբերում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 6-րդ փողոցի 1500 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների, աստիճանավանդակների և ընդհանուր օգտագործման հատվածների նորոգում, Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու նորոգում, Մեղրի և Ագարակ քաղաքների 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։
Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը
Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծերի ընդունմամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար» տարկետման հիմքից: Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:
Միջազգային համագործակցություն կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է սահմանել՝ կողմերի քաղաքացիների մուտքի և ելքի համար ընդունելի ճանապարհորդական փաստաթղթերի շրջանակը, առանց մուտքի արտոնագրի մուտքի և գտնվելու պայմանները, միմյանց պետությունների տարածքում գտնվելու ժամկետները, սահմանային անցման կետերով մուտքի և ելքի կարգը, քաղաքացիների գտնվելու վայրի գրանցման հետ կապված հարցերը, մուտքի կամ գտնվելու սահմանափակման հնարավոր հիմքերը, կորցրած կամ անվավեր ճանաչված ճանապարհորդական փաստաթղթերի վերաբերյալ իրավասու մարմինների համագործակցությունը։
Հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՂՀ նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի և համաձայնագրի իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։ Կողմերի օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է սահմանվելու յուրաքանչյուրի տարածքում կամ տարածքով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար, ինչպես նաև Կողմերի տարածքներում անօրինական գտնվող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի կիրառման համար։ Ստեղծվելու են միգրացիոն գործընթացների կարգավորման, արագ և արդյունավետ ընթացակարգերի և երկկողմ համագործակցության համար իրավական հիմքեր։
Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է, որը նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։ Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների համատեղ արտադրության գործընթացները՝ սահմանելով համագործակցության ընդհանուր սկզբունքներ և նպաստելով մասնակից երկրների միջև համադրելի և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։ ՀՀ-ի կողմից կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի՝ զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում, խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին, ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում, ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում, բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։
Հավանություն է տրվել 1996 թ. մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը կնպաստի ՀՀ-ում առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովմանը՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ ձեռնարկելով համապատասխան միջոցներ, կընձեռի նոր հնարավորություններ առողջության համար վնասակար պատճառները վերացնելու ուղղությամբ։ Վավերացման արդյունքում հնարավորինս կկանխվեն համաճարակային, տեղական (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները։
Հավանություն է տրվել 2026 թ. մայիսի 5-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման և ղեկավար մարմինները, ֆրանսիական կողմի և հայկական կողմի պարտավորությունները, ներկայացվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, կիրառական հետազոտությանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված դրույթները, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրումը։
Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը
Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, կհստակեցվեն ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։ Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը, իրավական որոշակիության ապահովմանը և Կադաստրի կոմիտեի կողմից միասնական վարչարարության իրականացմանը։ Արդյունքում՝ կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը։ Կստեղծվի անհրաժեշտ իրավական հիմք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու և դրանց հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիր ստանալու համար։
Սահմանվել է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը
Կառավարությունը սահմանել է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը։ Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ից արտահանված ԵՏՄ անդամ այլ պետությունում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնելու տեղեկատվություն՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի, առևտրի էլեկտրոնային հարթակի, տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)՝ առկայության դեպքում, համարի ու ամսաթվի, ապրանք մատակարարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, վաճառված ապրանքի, ինչպես նաև վերադարձված ապրանքի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու վերաբերյալ։ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ հարկային մարմնի սահմանած ծրագրային ձևաչափին համապատասխան։ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնելու յուրաքանչյուր ամսվա համար՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թ. հունվարի 1-ից:
Կբարելավվեն ավելի քան 60 դպրոցի շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 67 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 162,270.4 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ դպրոցներից 11-ում կիրականացվեն շենքային պայմանների մասնակի բարելավման, մասնավորապես ենթակառուցվածքների արդիականացման (ջեռուցման համակարգեր, հոսանքագծերի և այլն), շքամուտքի, հատակների մասնակի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման և այլ խիստ անհրաժեշտ աշխատանքներ։ 58 դպրոցին էլ դրամաշնորհ կհատկացվի գույքային հագեցվածության բարելավման նպատակով։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ՀՀ 2026 թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը դպրոցաշինության համար հատկացված գումարների շրջանակում կատարել վերաբաշխում՝ 1,277,104.7 հազար դրամի չափով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների կառուցման աշխատանքներն ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակում իրականացվում են այն դպրոցների վերակառուցման/նոր շենքերի կառուցման աշխատանքները։ Նախատեսում է 46 դպրոցի կառուցում/վերակառուցում: Ըստ հիմնավորման՝ ծրագրի ընթացքում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնք արդեն ավարտվել են թվով 29 դպրոցում, որից 11-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնում, 3-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 1-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 2-ը՝ Կոտայքում, 1-ը՝ Շիրակում, 1-ը՝ Սյունիքում, 1-ը՝ Վայոց ձորում և 1-ը՝ Տավուշում: Թվով 17 դպրոցի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման ակտիվ փուլում և ավարտի կհասցվեն 2026-2027 թթ:
Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ արտադպրոցական պետական և համայնքային ուսումնական հաստատությունների՝ երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածության բարելավման և երաժշտական գործիքների համալրման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին նշված հաստատություններում առկա երաժշտական գործիքների մեծ մասը մաշված կամ տեխնիկապես անպիտան է՝ ենթակա չէ վերանորոգման, ինչը խոչընդոտում է ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետությանը։ Որոշմամբ նախատեսվում է հանրապետության արտադպրոցական պետական և համայնքային ուսումնական հաստատություններին՝ սեփականության իրավունքով տրամադրել 2013-2023թթ. «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ձեռք բերված երաժշտական գործիքները:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
«Դարոյնք» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հրուշակեղենի, թխվածքաբլիթների, վաֆլիների, աղի և քաղցր ձողիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 346․5 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 505 աշխատատեղ 205 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 530-ի՝ 230 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 346․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26․7 մլն դրամ։
«ԽԱՔ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 201 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, ներդրումային ծրագրի շրջանակ նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 42-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 201 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
«ՖԻԼ-ԱՐՄ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել 3D տպագրության համար նախատեսված պոլիմերային լցանյութերի (ֆիլամենտների) արտադրության համար։ Արտադրվող արտադրանքը նախատեսված է FDM/FFF տեխնոլոգիայով աշխատող 3D տպիչների օգտագործման համար և կարող է կիրառվել ինչպես նախատիպերի, այնպես էլ տարբեր նշանակության պատրաստվածքների արտադրության նպատակով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 17 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ 75 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 2-ի՝ 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 680 հազ դրամ։
«Յունիոն» ՍՊԸ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել գազավորված ըմպելիքների և «Զուլալ» ջրերի արտադրության համար՝ իրականացնելով 155 մլն դրամի ներդրում հումքի և 17 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 170 աշխատատեղ՝ 265 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակ աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 175-ի՝ 275 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 155 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10․6 մլն դրամ։
«ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ ներմուծվող տրանսպորտային միջոցներով նախատեսում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ՝ իրականացնելով 683․4 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 20-ի 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 683․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ։
Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Ազգային ժողովին առաջարկվում է հոկտեմբերի 12-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թ. 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցները տրամադրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 40,827,146.9 հազար դրամ։ Ծախսերի լրացուցիչ պահանջը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































