Լրահոս
Օրվա լրահոսը

Անկանխատեսելի առաջադրումներ չկան

Մարտ 01,2007 00:00

Փախուստի մեջ գտնվող «Խուճուճ Էդոն»՝ պատգամավորության թեկնածու

Միայն երեկ ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հայտ է ներկայացրել 22 հոգի: Հայտեր ներկայացրած այս անձանց ցանկում առավել հաճախ պատահում են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անուններ, թեեւ կան նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցության՝ ՀԵԿ, Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ ՀԱԿ, եւ մինչեւ փետրվարի 26-ը հասարակությանն անհայտ «Հայոց Հայրենիք», նաեւ՝ «Դաշինք», «Ազգային միաբանություն» կուսակցությունները ներկայացնողներ:

Այսպես, թիվ 3 ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք համայնքներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է «Տոնուս» ՍՊԸ տնօրեն, ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը: Նույն ընտրատարածքում իր գլխավորած «Ժողովրդական ուղի» կուսակցության կողմից առաջադրվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում, ի թիվս ՀԵԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների, «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից առաջադրվել է ԱՄ փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը:

Շենգավիթում՝ թիվ 11 ընտրատարածք, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է հայտնի բռնցքամարտիկ, անկուսակցական Իսրայել Հակոբկոխյանը:

ԲՀԿ եւս մեկ ներկայացուցիչ՝ Վերսանդիկ Հակոբյանը՝ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, կուսակցության կողմից առաջադրվել է Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում:

Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, իսկ այսօր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Մադաթյանը («Խուճուճ Էդոն»):

Աշտարակի թիվ 14 ընտրատարածքում առաջադրվել է ԲՀԿ անդամ Արագած Ախոյանը: Նա պատգամավորական մանդատի համար պետք է պայքարի մասնավորապես ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է ԵԿՄ վարչության եւ նախագահության անդամ, ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Ռուստամ Գալստյանը: Նրան, ըստ մեր տեղեկությունների, աջակցում է ԲՀԿ-ն:

Գեղարքունիքի թիվ 24 ընտրատարածքում «ԱՄ» կողմից երեկ առաջադրման հայտ է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Թռչունի Սարգսյանը: Նա առաջադրվել է ԱՄ կողմից:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ թիվ 28 ընտրատարածք, առաջադրվել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում երեկ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է նաեւ անկուսակցական, ՔՊԻՑՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ նա մրցակցելու է Մխիթար Վարագյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Պետոյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել