Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՉՏԱԼԸ՝ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Մարտ 01,2007 00:00

Ինքնահրկիզված Ջիվան Հակոբյանը ՀՀ կառավարությունից խորհրդային տարիներին իր քրտինքով վաստակած խնայբանկի ավանդն է պահանջել:

\"\"Սա Ջիվան Հակոբյանի կինն է՝ Լիդան:
Նա, վշտից դառնացած, կուչ էր եկել տան մի անկյունում եւ հեկեկում էր:

\"\"14-ամյա Պատվականը այժմ տան միակ տղամարդն է: Նա չի էլ պատկերացնում, թե ինչպես է օգնելու մորն ու քույրերին:

 

\"\"Հակոբյանների գոմը դատարկ էր, քանի որ անասուններին հերթով վաճառել են, որպեսզի գոյատեւեն: Ջ. Հակոբյանի կնոջ խոսքերով՝ «էլ վաճառելու բան չունենք՝ մնացել է տունը»:

\"\"Ջ. Հակոբյանի այրվածքներն այնքան խորն էին, որ հարազատներն անգամ հնարավորություն չունեցան վերջին անգամ նրան տեսնելու. դագաղը տանը դրված էր փակ վիճակում:

 

Երեկ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում Հակոբյանների ընտանիքը մեծ վշտի մեջ էր: Ընտանիքի 4 երեխաները մնացին որբ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ ինքնահրկիզվել էր 44-ամյա Ջիվան Հակոբյանը, որը տեղափոխվելով «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք՝ այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր: Հրկիզման արդյունքում այրվել էին Ջ. Հակոբյանի շնչուղիները եւ կենսական կարեւորության մյուս օրգանները: Ընտանիքի անդամները հոր ինքնասպանության լուրը լսել են հեռուստատեսությամբ:

Երեկ «Առավոտը» եղավ Հակոբյանների տանը: Երբ Ջ. Հակոբյանի կնոջից՝ Լիդա Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ամուսինն այդ քայլին դիմել, նա հեկեկալով ասաց. «Նայեք մեր թշվառ վիճակին ու պարզ կլինի ձեր հարցի պատասխանը: Շատ վատ վիճակում ենք ապրում, պարտքերի մեջ կորած ենք: Այս պահին տանը ընդամենը 3 գլուխ սոխ ունենք, սրանով երեխաներս ո՞նց են սնվելու»:

Թե՛ կինը եւ թե՛ Ջ. Հակոբյանի երեխաները հոր ինքնահրկիզումը պայմանավորեցին իրենց ընտանիքի սոցիալական ծանր պայմաններով, քանի որ հայրը վերջերս պարբերաբար դիմումներ է հղել Արմավիրի մարզպետարան, այնուհետեւ՝ ՀՀ կառավարություն՝ խնդրելով կամ իրեն վերադարձնել հալալ քրտինքով վաստակած խնայբանկի ավանդը, կամ առանց տոկոսի՝ վարկ տրամադրել, որպեսզի ընտանիքին ճգնաժամից հանի: Սակայն, ինչպես հարազատները պատմեցին, թե՛ մարզպետարանը եւ թե՛ կառավարությունը մերժել են:

Համագյուղացիների պատմելով՝ Ջիվանը 5-6 տարի ՌԴ-ում արտագնա աշխատանքի է եղել եւ միայն վերջերս է հայրենիք վերադարձել: Ընտանիքի անդամների խոսքերով, Ջ. Հակոբյանը տեսնելով, որ չի կարողանում ծայրը ծայրին հասցնել եւ ընտանիքի գոյությունը պահել՝ ստիպված հերթով վաճառել է գոմի անասուններն ու տան իրերը:

Ջ. Հակոբյանի երկու դուստրերը՝ Հասմիկն ու Աննան, ընդունվել են Գյուղատնտեսական ակադեմիա, սակայն ճանապարհածախս չունենալու պատճառով չեն կարողացել ուսումը շարունակել: Մյուս աղջիկը՝ Լիլիթը, սովորում է 10-րդ դասարանում, գերազանցիկ է եւ, հարազատների պատմելով, հայրը նպատակ է ունեցել, որպեսզի գոնե Լիլիթը բարձրագույն կրթություն ստանա:

14-ամյա որդու՝ Պատվական Հակոբյանի խոսքերով էլ, վերջին 10 օրերի ընթացքում հայրը պարբերաբար մայրաքաղաք է մեկնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելու վերադարձնել խնայբանկի ավանդը: Նրա պատմելով՝ այդ օրը հայրը առավոտյան շուտ է արթնացել ու իր մտադրության մասին առանց որեւէ բան ասելու՝ գնացել է. «Հաջողություն ասեց ու դուրս եկավ»:

Հարեւանների ներկայացմամբ, վերջին ժամանակներս Ջ. Հակոբյանը շատ ինքնամփոփ էր դարձել: Նրանց խոսքերով՝ Հակոբյանները «բարոյական, կիրթ ու սերով ընտանիք են, նրանց ձայնը երբեւէ չենք լսել»: Տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ ընտանիքը գյուղի խանութներում շատ պարտքեր ունի եւ դրանք մարում է մեծ դժվարությամբ՝ վաճառելով տանը եղած գյուղտեխնիկան:

Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը հավաստիացրեց, որ Ջիվանը օգնության կամ աշխատանքի հարցով երբեւէ գյուղապետարան չի դիմել. «Այս պահին էլ գյուղի դպրոցում շինարարություն է գնում եւ բանվորի կարիք կա, թող գար՝ աշխատեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել