Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերին չեն սիրում» շարքից

Մարտ 12,2007 00:00

«Մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանին նվիրված գլուխը պարունակում է փաստացի սխալներ եւ սուբյեկտիվ մոտեցում որոշ հարցերի վերաբերյալ:

Ներկայումս ՀՀ ԱԳՆ-ում ուշադիր ուսումնասիրում են զեկույցը՝ Հայաստանին վերաբերող գնահատականները համադրելով տարածաշրջանի հարեւաններին եւ մի քանի այլ երկրներին տրված գնահատականների հետ»: ԱՄՆ Պետդեպի վերջին՝ աղմկահարույց զեկույցին Վարդան Օսկանյանի տված այս արձագանքը, որը նա հնչեցրեց երեկ տեղի ունեցած ասուլիսին, միանգամայն սպասելի էր: Անգամ ամենահպանցիկ լրագրողական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ շարքային քաղաքացիները ոչ միայն ամբողջությամբ կիսում են վերոհիշյալ զեկույցում տեղ գտած մտահոգությունները, այլեւ համոզված են, որ դրանում իրավիճակը դեռ մի բան էլ զուսպ է ներկայացված: Մինչդեռ, Օսկանյանը, ինչպես եւ վայել է ակնհայտ իրողությունները գլխիվայր շրջված մատուցելու՝ ՀՀ իշխանությունների «սիրելի ոճի» արտահայտչին, երկրի դեմքը փրկելու անհաջող փորձեր է անում: Թերեւս վատ չէր լինի, որ ԱԳՆ-ում գեթ մեկ անգամ էլ, թեկուզ սպորտային հետաքրքրությունից դրդված, «ուշադիր ուսումնասիրեն» ոչ թե Հայաստանի մասին գրված զանազան զեկույցները, այլ երկրում տիրող բուն վիճակը, որի առաջացման ուղղակի պատասխանատուները, ի դեպ, նույն իշխանություններն են: Այդժամ արդեն կողքից տրված գնահատականների կարիք հաստատ չի լինի:

ԱԳՆ-ում արվող ուսումնասիրությունների իմաստը, իհարկե, կարելի է հասկանալ. հանկարծ այնպես չլինի, որ, ենթադրենք՝ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը լռության մատնվեն, իսկ հայաստանյան «ոտնահարումների» հետ կապված՝ մեծ աղմուկ բարձրացնեն: Ասել է թե՝ քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, «ջոկողություն» չանեն: Այդ «ջոկողության» հանգամանքը, անշուշտ, հաճելի չէ: Սակայն երեւի ավելի ճիշտ կլիներ սեւեռվել ոչ թե Պետդեպի գնահատականի համեմատական սուբյեկտիվիզմի վրա, այլ պարզապես մտածել սեփական երկրում գոյացած ավգյան ախոռները գեթ մի փոքր մաքրելու մասին: Հատկապես հաշվի առնելով, որ արտաքին քաղաքական ֆոնը, առանց այդ էլ, Հայաստանի համար խիստ աննպաստ է:

Ղարաբաղյան թեմայի մասին: «Եթե Ադրբեջանն անսպասելի քայլեր չանի, ապա հաջորդ շաբաթ Ժնեւում կայանալիք՝ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքները կարող են դրական լինել»,- նույն ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նա ընդգծեց, որ ժնեւյան հանդիպմանը միջնորդները պատրաստվում են հատուկ ջանասիրությամբ: Իսկ նման ակտիվության բացատրություններից մեկը, ըստ Օսկանյանի, «միջնորդների ցանկությունն է՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել