Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍՆԱՑՆՈՒՄ ԵՆ

Մարտ 12,2007 00:00

Բայց չեն երաշխավորում, որ չեն բաժանվի

«Ծանոթացնում ենք տղաների ու աղջիկների: Գինը՝ 300-ից մինչեւ 6800 դրամ: Դա ավելի էժան է, քան մեկ փողկապը». այսպիսի հայտարարություն է տարածել «Ari.am» ընկերությունը, որը կոչ է անում «տանը մնացած» հայ աղջիկներին ու տղաներին գնալ իրենց օֆիս ու «բախտի վրայի քարը» հանել: Կախված այցելուի վճարած գումարի չափից՝ ընկերությունը կազմակերպում է նրանց ծանոթությունը՝ կամ վիրտուալ՝ ինտերնետի միջոցով, կամ՝ իրական, բացի այդ, «Ari.am»-ն այլ ծառայություններ էլ է մատուցում, ասենք՝ տղային կամ աղջկան հոգեբանական խորհրդատվություն է տալիս, թե հակառակ սեռին ինչպես կարող է գրավել, սիրտը շահել ու իրենով անել: Սակայն ոչ 300, ոչ էլ 6800 դրամ վճարելու դեպքում ընկերությունը որեւէ երաշխիք չի տալիս, որ այցելուն անպայման «ուզող» կունենա: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ari.am»-ի տնօրեն Լիլիթ Պահուտյանը, «մենք նախապես բոլորին ասում ենք՝ գործի մեծ մասն իրենցից է կախված: Լինում են դեպքեր, երբ հանդիպման ժամանակ չեն կարողանում իրենց դրսեւորել, այդ դեպքում մենք ոչինչ անել չենք կարող»:

Այցելուի վճարած գումարն ուժի մեջ է մինչեւ 4 ամիս, իսկ դրանից հետո, եթե հաճախորդի բախտը չի բացվում, ընկերությունը «գործարքը» խզում է հաճախորդի հետ: Վերջիններս կարող են հույսները չկորցնել եւ կրկին վճարել ու վերագրանցվել: Լ. Պահուտյանի խոսքերով՝ «որպես կանոն, մենք կարողանում ենք այցելուին ամուսնացնել, եւ հազվադեպ է լինում, երբ հարմար թեկնածու չենք գտնում: Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեզ դիմողների 60-70 տոկոսը եթե չի էլ ամուսնացել, ընկեր-ընկերուհի է գտել եւ գոհ է մնացել: Շատ հետաքրքիր դիմողներ ենք ունենում. մի կարծեք, որ մեր բոլոր այցելուներն անճար են, ոմանք պարզապես կոլեկտիվից դուրս շփումների այլ շրջանակ չունեն, իսկ բարեկամների ներկայացրած ռեսուրսներն էլ վաղուց արդեն իրենց սպառել են, ի՞նչ անեն այդ աղջիկը կամ տղան»: Մեր հարցին, թե չի՞ եղել, որ ամուսնանալուց հետո տղան կամ աղջիկը դժբախտանան ու ընկերությանը մեղադրեն՝ տնօրենը պատասխանեց. «Փառք Աստծո՝ դեռ նման դեպք չի եղել, բայց եթե նույնիսկ լինի էլ՝ մենք ի՞նչ մեղավոր ենք»:

Տնօրենի տվյալներով՝ «Ari.am»-ի միջնորդությանը հիմնականում դիմում են 25 տարեկանից բարձր տղաներ ու աղջիկներ. «Լինում են դեպքեր, երբ 18 տարեկանից ցածր, օրինակ՝ 14-15 տարեկաններն էլ ցանկություն են հայտնում կայքում իրենց տվյալները տեղադրել եւ ընկեր-ընկերուհի գտնել: Ի դեպ, այցելուներ ունենք, որոնք նույնիսկ 60-70 տարեկան են»: Լիլիթ Պահուտյանը հիշեց, որ վերջերս 72-ամյա մի տղամարդ է իրենց դիմել՝ ասելով, որ ոչ թե ամուսնանալու նպատակով, այլ պարզապես ընկերություն անելու համար կին է փնտրում: Միջնորդ ընկերությունը նրան ծանոթացրել է մոտ 60 տարեկան կնոջ հետ. «Ավագ տարիքում ընկեր-ընկերուհիներ փնտրողները ոչ թե կյանքի ընկեր են փնտրում, այլ զրուցակից, քանի որ ոչ բոլորն են ցանկանում իրենց միությունն այդ տարիքում զագսում գրանցել»:

Հաշվի առնելով հայկական մենթալիտետը՝ «Ari.am»-ի ծառայություններին դիմողները հիմնականում, ինչպես նշեց Լ. Պահուտյանը, պատճառաբանում են, թե սարսափելի զբաղված են եւ իրենց անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չունեն, դրա համար էլ ընկերությանն են վստահում իրենց համար հարսնացու կամ փեսացու գտնելու սուրբ գործը: Հայկական մենթալիտետի ազդեցությունը երեւում է նաեւ «Ari.am»-ի ինտերնետային կայքից: Իրենց մասին պատմող աղջիկներն ու տղաները ոչ միայն իրենց նկարներն են խուսափում զետեղել, այլեւ անուններն էլ փոփոխված են ներկայացնում: Աղջիկները հիմնականում ներկայանում են Կրասոտկա, Ումնիցա-ռազումնիցա, Ջեսիկա, Միլայա, Սկազկա եւ նման այլ կեղծանուններով: Իսկ տղաները հարսնացուների վրա լավ տպավորություն թողնելու համար հիմնականում կայքում զետեղել են «Ռեմբոյի» կերպարով նկարներ՝ սեւ ակնոցներով, մեքենայի մեջ կամ որեւէ օբյեկտում՝ ընկերների հետ: Տղաները՝ որպես առավելություն իրենց սպորտային կազմվածքը, խելքը գովելուց զատ, պարտադիր նշում են, որ ֆինանսապես ապահովված են եւ ամուսնանալուց հետո առանձին են ապրելու:

«Ari.am»-ի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ, թե եղե՞լ են դեպքեր, երբ նրանց դիմել են ինտիմ հարաբերությունների համար զուգընկեր գտնելու նպատակով: Ըստ Լիլիթ Պահուտյանի՝ «այո, տարվա մեջ մեկ-երկու նման դեպք լինում է, բայց մենք այդ այցելուին չենք գրանցում, քանի որ նման ծառայություններ չենք մատուցում, մեզ միայն լուրջ նպատակներով են դիմում»:

Նշենք, որ այս ընկերությունը երկու տարի է՝ ինչ գործում է, եւ այս պահի դրությամբ 1385 տղա եւ 571 աղջիկ կա այնտեղ գրանցված: Իսկ թե այս երկու տարվա ընթացքում քանի՞ զույգ է նրանց միջոցով «բախտավորվել»՝ Լ. Պահուտյանը չասաց՝ պատճառաբանելով, որ ամուսնացնելուց հետո նրանց բոլոր տվյալները ջնջում են եւ այդ մասին այլեւս չեն հիշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել