Լրահոս
Օրվա լրահոսը

Երթեւեկությունը գնալով ծանրաբեռնվում է

Մարտ 12,2007 00:00

«Բոգդաններն» ավելանում են, բայց «Գազելները» չեն պակասում

Այս տարի էլ Երեւանի քաղաքապետարանը կներկրի 150 «Բոգդան» մակնիշի ավտոբուս: Ամեն անգամ «Բոգդանների» շնորհանդեսի ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ ավտոբուսները բերում են մայրաքաղաքի ծանրաբեռնված երթեւեկությունը բեռնաթափելու եւ միկրոավտոբուսների թիվը կրճատելու համար, ու թեեւ 2005-ից սկսած 160 «Բոգդան» արդեն շրջանառության մեջ է, սակայն մինչ օրս որեւէ երթուղագծից ոչ մի միկրոավտոբուս չի պակասել: Երեկ սա հավաստիացրին թե՛ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, թե՛ երթուղագծերի գործունեությունը վերահսկող «Երեւանտրանս» ընկերությունից: Ավելին, ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանի խոսքերով. «Մենք իրավունք չունենք գծատերերին ասել, որ միկրոավտոբուսները կրճատեն, քանի որ մրցույթ է եղել, այդ մարդիկ մեզ հետ համապատասխան քանակի երթուղային տաքսիներով երթեւեկելու պայմանագիր են կնքել, ինչպես կարող ենք «Գազելները» գծից հանել: Այդ մարդիկ վարկ են վերցրել, մեքենաներ են գնել»:

Այս առնչությամբ քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Անժելա Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ միկրոավտոբուսների՝ երթուղագծերից դուրս մղումը ոչ թե միանգամից պետք է լինի, այլ աստիճանաբար՝ տարիների ընթացքում:

«Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս անգամ ներկրած ավտոբուսների համար քաղաքապետարանը նոր երթուղագիծ չի բացելու: Դրանք, ըստ պարոն Խաչատրյանի, հանձնվելու են մասնավոր գծատերերին: Նրանք, երթուղային տաքսիներին զուգահեռ, պետք է աշխատեցնեն նաեւ ավտոբուսները: «Բոգդանները» գծատերերին կհանձնվեն վարձակալական հիմունքներով, ու իրենց արդարացնելու դեպքում գծում եղած «Գազելներն» աստիճանաբար կփոխարինվեն ավտոբուսներով: Ինչ վերաբերում է «Բոգդանների»՝ վարորդներ չունենալու պատճառով պարապուրդի մատնված լինելուն, ապա Գ. Խաչատրյանը վստահեցրեց, որ այլեւս նման խնդիր չկա. «Մենք ամեն ուրբաթ ընդունելություն ենք կազմակերպում եւ վարորդներ հավաքագրում, ուստի հնարավոր չէ, որ ավտոբուսները մնան առանց վարորդների»:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանի տվյալներով, մինչ 2009 թվականը նախատեսված է ներկրել, ընդհանուր առմամբ, 600 ավտոբուս: Այդ ընթացքում միկրոավտոբուսների թիվը մոտ 2000-ով կկրճատվի: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում երթեւեկում է 3 հազար 300 երթուղային տաքսի: Մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուների հաշվարկներով՝ 1 «Բոգդանը» կփոխարինի 3 «Գազելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել