Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՉ

Մարտ 12,2007 00:00

10-րդ դասարանցիները դժվարանում են թեստերի՝ հայ գրականության հարցերից

Այսօր ավարտվում է «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից պետական ավարտական եւ միասնական քննությունների մասնակիցների հայտագրումը: Դպրոցներում դեռ շարունակվում են քննական նոր համակարգի մասին քննարկումները, որովհետեւ նոր կարգից առայժմ ոչ բոլորն են գլուխ հանում: Օրինակ, որոշ աշակերտներ տեղյակ չէին, որ ոչ թե ավարտական, այլ միասնական քննության հայտը լրացնելու համար պետք է 1500 դրամ մուծել: Ոմանք էլ չգիտեին, որ շարադրությունը հանված է թեստերից, չնայած ուղեցույցները վաղուց անվճար բաժանվել էին դպրոցներին:

«Առավոտը» դպրոցների տնօրեններից հետաքրքրվեց, թե 2007-ին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քանի աշակերտ է միասնական եւ քանիսը՝ ավարտական քննություն հանձնելու: Տեղեկացանք, որ Պուշկինի անվան դպրոցի 134 շրջանավարտներից միասնական քննության է գնալու 64-ը: Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը կարծում է, որ նոր համակարգը երեխաներին կօգնի ազատվել ավելորդ տառապանքներից. «Նախկինում բուհ ընդունվողները ստիպված էին 2 անգամ «Հայոց լեզվի» քննություն հանձնել՝ դպրոցում եւ բուհում, ինչի արդյունքում երեխան կրկնակի սթրեսի էր ենթարկվում»: Դպրոցների շրջանավարտների հետ զրույցներից էլ պարզեցինք, որ շատերը դժգոհ են թեստերում հատկապես «Գրականություն» առարկայի հարցերից, քանի որ քիչ են կարդում ու պատրաստ չեն դրանց լիարժեք պատասխանել: Մ. Մատղաշյանը նշեց, որ թեստերում գրականությանն առնչվող հարցերի ներդրմամբ երեխաներին է՛լ ավելի են մոտեցրել դասագրքին. «Ճիշտ է, աշակերտները դժգոհ են եւ անընդհատ բողոքում են, թե անգիր սովորելու շատ նյութեր կան, բայց ամեն դեպքում դրանք հետագայում նրանց պետք են գալու»:

Իսկ թիվ 109 դպրոցի տնօրեն Սամվել Թադեւոսյանը նշեց, որ իր աշակերտները նույնիսկ ուրախ են գրականության հարցերի համար. «Կարծում եմ, թեստերը հեշտ հաղթահարելի են: Մեզ մոտ վերջերս փորձնական քննություններ են անցկացվել եւ երեխաներից շատերը կարողացել են տրված 50 հարցից 49-ին ճիշտ պատասխանել»:

Թիվ 109 դպրոցն այս տարի 64 շրջանավարտ ունի, որից 12-ը ավարտական քննություն է հանձնելու, 47-ը՝ միասնական: Այս դպրոցի ռուսական դասարաններում սովորող 5 աշակերտ՝ իր դիմումի համաձայն, հրաժարվել է մասնակցել հայոց լեզվի եւ գրականության քննություններին: Թիվ 101 դպրոցի 27 շրջանավարտից ընդամենը 1-ն է միասնական քննության մասնակցելու: Թիվ 38 դպրոցի տնօրեն Ավետիք Վանեսքեհյանից էլ տեղեկացանք, որ 80 շրջանավարտից 34-ը միասնական քննություն է հանձնելու, մյուսները՝ ավարտական: Թիվ 68 դպրոցն էլ 2006-2007 ուստարում 100 շրջանավարտ ունի, որից 90-ը՝ միասնական, 10-ը՝ ավարտական քննության է մասնակցելու: Դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանը կարծում է, որ մինչ օրս ոչ ոք այդպես էլ լիարժեք չի ըմբռնել, թե այս քննությունները որքանով են արդյունավետ: Նրա համոզմամբ, ամեն ինչ պարզ կլինի միայն դրանց ավարտից հետո: «Աշակերտներիս հետ ունեցած զրույցներից պարզել եմ, որ նրանք դեռ պատրաստ չեն գրականության հարցերին լիարժեք պատասխանելուն, ուստի քչերը բարձր գնահատականի ակնկալիքներ ունեն: Նրանք դժգոհում են, որ թե՛ բանասիրական, թե՛ ֆիզիկամաթեմատիկական կրթություն ստանալու ցանկություն ունեցողները նույն բարդության թեստեր պետք է լրացնեն»,- փաստեց տիկ. Ազիզյանը:

Կապվեցինք ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանի հետ՝ բուհ ընդունվել ցանկացողների մոտավոր թիվը ճշտելու ակնկալիքով: Պրն Բարսեղյանը տեղեկացրեց, որ առայժմ հայտագրման արդյունքներն ամփոփված չեն եւ տվյալների մասին կհայտնի առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել