Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դասականները՝ հոթ-դոգի գնով

Մարտ 12,2007 00:00

\"\"Այսօր ամենամեծ ծավալներով վաճառվում է մանկական գրականություն, հատկապես՝ հեքիաթներ

Երեւանում մետրոյի ցանկացած կայարանի գետնանցումում արեւածաղկի սերմերի, ակնոցների, ձողիկների ու փոփ-կորնի կողքին կարելի է հանդիպել հայ դասականների նվազագույն գներով վաճառվող հատորների: Անհատ գրավաճառները, օրինակ, Րաֆֆու «Սամվելը» գնահատում են 500 դրամ, Ակսել Բակունցի պատմվածքների ժողովածուն՝ 150 դրամ, «Վարդանանքի» երկհատորյակը՝ 500 դրամ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի չորս հատորները միասին՝ 5000 դրամ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ստացվում է, որ մեկ հոթ-դոգի գնով կարող ես տիրանալ Բակունցի ողջ նովելային ժառանգությանը: Բայց նույնիսկ այս պարագայում՝ նշված գրքերը շարունակում են մնալ կուտակված:

«Երիտասարդական» մետրոյի գետնանցումում գիրք վաճառող պապիկը փաստեց, որ գեղարվեստական գրականություն համարյա չեն գնում, եւ ավելի մեծ է դասագրքերի պահանջարկը: Նույնն է պատկերը նաեւ գրախանութներում: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը այս առիթով հայտնեց. «Մեծ թափով վաճառվում է մանկական գրականությունը, իսկ գեղարվեստականը վերջին տեղում է: Սրա պատճառն այն է, որ մարդիկ այսօր կամ լարված աշխատում են ու ժամանակ չունեն գիրք կարդալու, կամ էլ ընդհանրապես չեն աշխատում եւ հոգեբանորեն այն վիճակում չեն, որ ընթերցեն»: Ոմանց կարծիքով՝ ընթերցասիրության պակասի պատճառը հրատարակչական բիզնեսի ցածր մակարդակն է Հայաստանում: «Պատճառներից մեկն էլ այն է, որ շուկա չկա: Եթե գրահրատարակչական բիզնեսը մեր երկրում շահութաբեր լիներ, գրախանութներն էլ դեղատների, բենզալցակայանների նման կաճեին, եւ ոչ թե սովետական շրջանի 67 գրախանութից այսօր 10-15-ը կմար»,- կարծում է Խ. Վարդանյանը:

«Նոյյան տապան» գրախանութի տնօրեն Ֆրիկ Մկրտչյանն էլ նշեց. «Խորհրդային տարիների համեմատ, այո, գրքի վաճառքի ծավալները փոքրացել են: Սակայն վերջին տարիներին աշխուժացել են մեր հրատարակչությունները, եւ այսօր ավելի քիչ քանակությամբ գիրք ենք ներկրում, քան մի քանի տարի առաջ»: Մեր դիտարկմանը, թե հատկապես դժգոհում են արտերկրից ներկրված գրքերի բարձր գներից, Խ. Վարդանյանը պատասխանեց. «Այդպես մտածում են այն մարդիկ, ովքեր ապրում են սովետական տարիների մտածողությամբ, երբ գրքերը էժան գներով ձեռք էին բերում, որ դարսեն գրադարակներում: Ով իրականում ուզում է գիրք գնել, նա ցանկացած գնով էլ ձեռք կբերի: Օրինակ՝ «Ռեզիդենտը», որ 3750 դրամով էինք վաճառում, միանգամից սպառվեց, կամ «Սուլամիթան», որը նույնպես այդքան արժեր»,- հիշեց Խ. Վարդանյանը:

Հ. Գ. Վերջերս հեռուստատեսությամբ ներկայացվեցին վիճակագրական տվյալներ ամենաշատը վաճառված 10 գրքերի վերաբերյալ: Այդ տասնյակի 7 հորիզոնականներում հեքիաթների ժողովածուներ էին, մյուս երեքը զբաղեցնում էին Հարկային, Մաքսային օրենսգրքերը եւ ՀՀ Սահմանադրությունը: Արդյո՞ք այս պատկերը ստեղծվել է այն պատճառով, որ մարդիկ փախչում են իրականությունից, որտեղ նրանց իրավունքներն ամեն քայլի ոտնահարվում են եւ երազում են ապրել, ինչպես իրենց կարդացած հեքիաթներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել