Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՆՑՎԵՑԻՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Մարտ 12,2007 00:00

Մարտի 8-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:

Առաջին անգամ անցկացված կանանց մեծահասակների առաջնությունում ըստ քաշային կարգերի երկրի անդրանիկ չեմպիոն դարձան. 53 կգ՝ Թեհմինե Կարապետյան (երկամարտի 173 կգ), 58 կգ՝ Լիաննա Մանուկյան (175), 63 կգ՝ Հեղինե Եփրեմյան (185), 69 կգ՝ Մելինե Դալուզյան (210), 75 կգ՝ Նազիկ Ավդալյան (237), +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան (277):

Տղամարդկանց մեջ ոսկե մեդալ նվաճեցին. 56 կգ՝ Ռուբիկ Մամոյան (230), 62 կգ՝ Արսեն Թամրազյան (265), 69 կգ՝ Գեւորգ Կակոյան (285), 77 կգ՝ Գեւորգ Դավթյան (340), 85 կգ՝ Արա Խաչատրյան (357), 94 կգ՝ Ժորա Սարգսյան (360), 105 կգ՝ Արթուր Բաբայան (387), +105 կգ՝ Արտակ Մկրտչյան (387): Հուսախաբ արեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը՝ տապալելով պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները: Իսկ սպիտակցի Արմեն Ղազարյանը, առանց որեւէ պաշտոնական հիմնավորման, պարզապես մրցման չէր ներկայացել:

Առաջնության արդյունքներով կազմավորվեցին Հայաստանի ազգային հավաքականները, որոնք նախապատրաստվելու են այս տարվա կարեւորագույն մրցումներին՝ Եվրոպայի (ապրիլին) եւ աշխարհի (աշնանը) առաջնություններին:

Մրցումների ավարտին զրուցեցինք ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի (նա խոսեց աղջիկների մրցելույթների մասին) եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ:

Փաշիկ Ալավերդյան. «Չնայած սա, եթե կարելի է ասել, կանանց առաջնություն էր, բայց մենք թույլ էինք տվել հանդես գալ նաեւ երիտասարդներին, որպեսզի ընտրենք, թե քանի հոգու կարող ենք տանել այս տարվա պատասխանատու մրցումների: Ընդհանուր առմամբ մրցահարթակ մտավ 10 մարզուհի: Արդյունքները գոհացնող են: Պատկերացրեք, որ բոլորն էլ այստեղ գերազանցեցին իրենց ունեցած լավագույն ցուցանիշներն ու մոտեցան միջազգային մակարդակներին: Խոսքը հատկապես վերաբերում է Մելինե Դալուզյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Թեհմինե Կարապետյանին, Նազիկ Ավդալյանին: Թե նրանցից ո՞վ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, մարզիչները դեռ պետք է ընտրեն: Սակայն չի բացառվում, որ թվարկածս բոլոր աղջիկներն էլ մեկնեն աշխարհի առաջնություն, որտեղ թիմային վարկանիշ ձեռք բերելու խնդիր ունենք: Աշխատանք դեռ շատ կա, այնպես որ, եկեք առայժմ ժամանակից առաջ չանցնենք»:

Աշոտ Մխիթարյան. «Տղաների պայքարում մեր բոլոր սպասելիքները հիմնականում իրականացան: Սակայն առաջնությունն ունեցավ իր ե՛ւ առավելությունները, ե՛ւ թերությունները: Թերությունն այն էր, որ մեկ-երկու մարզիկ, ում հետ մեծ հույսեր էինք կապում, իրենց չարդարացրին: Նկատի ունեմ 85 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանին: Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիրը իրավունք չուներ զրո ստանալ: Նա հիմա կհանգստանա, մեր հաջորդ հավաքներին ու Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի: Նույն կերպ վարվելու ենք նաեւ մրցման ընդհանրապես չներկայացած Արմեն Ղազարյանի հետ, ով, իր հոր եւ անձնական մարզչի մեկնաբանությամբ, վնասվածք ունի եւ առաջնությանը պատրաստ չի եղել: Բայց նրանք կարող են կրկին հավաքական ընդգրկվել եւ պատրաստվել աշխարհի առաջնությանը, եթե օգոստոս-սեպտեմբերին մասնակցեն Հայաստանի գավաթի առաջնությանը եւ պահանջվող կիլոգրամներ բարձրացնեն:

Դրա փոխարեն իրեն լիովին արդարացրեց աշխարհի մեր մյուս բրոնզե մեդալակիրը՝ Արա Խաչատրյանը: Մարզիչներս նրան այս անգամ թույլատրել էինք հանդես գալ մեկ կարգ բարձր քաշում, որտեղ նույնպես Արան լուրջ կիլոգրամներ ցույց տվեց: Վատ չդրսեւորեցին 105 կգ քաշայինները: Այստեղ մենք ընտրություն կատարելու խնդիր կունենանք: Հավանաբար երեք մրցանակակիրներն էլ կհրավիրվեն հավաքների: Բացառված չէ, որ երկուսը մեկնեն Եվրոպայի առաջնություն: Ուրախացրին 94 կգ քաշային կարգում Եվրոպայի անցած տարվա երիտասարդների արծաթե մեդալակիր Սեւակ Սահակյանը, ով այս անգամ հանդես գալով 105 կգ-ում՝ լուրջ մրցակից դարձավ մրցակիցների համար եւ հանրապետության երիտասարդական ռեկորդ սահմանեց, եւ +105 կգ քաշում՝ նույնպես երիտասարդ Արտակ Մկրտչյանը: Նրանք, հավանաբար, կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ կարող են պայքարել մեդալների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել