Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրված էր գեղեցկության օրվան

Մարտ 12,2007 00:00

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ավանդաբար մրցաշրջանի պաշտոնական բացումը կատարում է Հովիկ Հայրապետյանի գավաթի խաղարկությունով: Սակայն այս տարի այդ ավանդույթը խախտվեց:

Երեկ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մանեժում անցկացված այս տարվա անդրանիկ մեկնարկը (արգելքների հաղթահարում կամ կոնկուր)՝ «Նոր ալիք» հեռուստաընկերության գավաթի խաղարկությունը, նվիրված էր գեղեցկության օրվան: Ֆեդերացիան մրցմանը հետեւելու եկած բոլոր աղջիկներին եւ կանանց գարնանային ծաղիկներ նվիրեց:

Ասպարեզ մտավ 15 նժույգավար, որոնց մեջ գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը ֆրանսուհի Էլիզ Կուռբին էր: Սակայն նա անհաջող հանդես եկավ: Մարզիկներն առաջին փուլում պետք է հաղթահարեին 120 սմ բարձրությամբ 10 արգելք, որի համար նրանց հատկացված էր 78 վայրկյան: Հաջորդ փուլ անցնելու իրավունք տրվում էր միայն նրանց, ովքեր 420 մետր մրցատարածությունը կանցնեին առանց տուգանային միավորի: Միջազգային այս պահանջները բավարարեցին միայն «Մուլտի Գրուպ» ակումբի անդամ Գեւորգ Հովհաննիսյանը՝ «Աստրա» նժույգով, եւ Ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Հայաստանի ազգային հավաքականի անդամ Օլիվյե Հարություն Շիշլիյանը՝ «Սկալդով»: Հենց նրանք էլ կրկնահերթում վիճարկեցին հաղթողի կոչումը: Շիշլիյանը երկրորդ շրջանում 5 արգելքներից բաղկացած 270 մետր մրցատարածությունը, կրկին առանց տուգանային միավորի՝ հաղթահարեց 31 վայրկյանում: Սակայն նրանից հետո Հովհաննիսյանն այդ ցուցանիշը գերազանցեց 4 վայրկյանով եւ նվաճեց գավաթը: 57 վայրկյան եւ 4 տուգանային միավորով 3-րդ տեղը գրավեց ամենատարեց մասնակիցը՝ «Պայտ» ակումբի 65-ամյա անդամ Մերուժան Մելքոնյանը՝ իր «Ռուխ» նժույգով:

Մրցման ավարտին ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանն ասաց. «Նոր ալիքի» գավաթի» խաղարկությունն ավելի շատ փորձամրցման նշանակություն ուներ: Նախ, օգտագործեցինք առիթը, որ մեր հավաքականի՝ արտասահմանում բնակվող անդամները Երեւանում են: Ապա հարկավոր էր, որպեսզի մինչեւ մրցաշրջանի պաշտոնական բացումը, որը կլինի մարտի 18-ին, թե՛ նժույգավարները եւ թե՛ կենդանիները, ինչպես ասում են, մի թեթեւ «տաքանային», եւ երրորդ՝ սա այս ամսվա վերջին կամ եկող ամսվա սկզբին օլիմպիական վարկանիշային մրցումների մեկնող մեր մարզիկների համար ուժերի ստուգման լավ առիթ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել