Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ՇԻԿԱՑԱԾ ԵՆ

Մարտ 15,2007 00:00

\"\"Ընտրություններին մասնակցելու է երեք հայտնի եւ մեկ անհայտ թեկնածու \"\"

Նախընտրական Էջմիածնի արտաքին տեսքը դեռ չի փոխվել, «օրենքով քարոզչությունը» դեռ չի սկսվել: Սակայն բոլորն էլ Էջմիածնում գիտեն, թե որտեղ են տեղավորված պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Սուսաննա Հարությունյանի կամ Սեյրան Սարոյանի գրասենյակները, որոնք կվերածվեն նախընտրական շտաբների: «Նորաթուխ» Հակոբ Հակոբյանի (ոչ Ճոյտ) շտաբի մասին ինձ պատահած էջմիածինցիները ոչինչ չգիտեին, նույնիսկ զարմանում էին, երբ իրենց հայտնում էի, որ վերջինս թիվ 19 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուներից մեկն է. «Մենք ուրիշ Հակոբ Հակոբյան չենք տեսել»,- ասում էին ինձ էջմիածինցիներից մի քանիսը:

Սեյրան Սարոյանի «տղերքը»

Առաջինը ուղեւորվեցինք գեներալ Սեյրան Սարոյանի ապագա շտաբ: Սրա տեղը մարդիկ բացատրում էին այսպես. «Որտեղ շատ «ջիփեր» կտեսնեք, այնտեղ էլ Սեյրանի շտաբն է»: Ոմանք ասում էին. «Նոր խանութում է», լինում էին նաեւ անցորդներ, որ գեներալ Սեյրանի անունը լսելուն պես՝ էլ չէին սպասում, թե ինչ եմ հարցնելու. «Ոչինչ չգիտեմ»: Մի մարդ էլ զարմացած նայեց ինձ ու հարցրեց. «Դու ի՞նչ գործ ունես Սեյրանի հետ, գործ չունես»: Նախ հեռվից նկարեցի շենքը: Դրա մոտ հավաքված տղամարդիկ ուշի-ուշով զննում էին, թե ինչ եմ անում, եւ երբ քայլերս ուղղեցի դեպի շենք, ակնհայտորեն զարմացան, եւ մեկը ուղղակի հարձակողական տոնով առաջ եկավ. «Կարելի՞ է իմանալ՝ ով եք եւ ինչու եք շենքը նկարում»: Մտա ներս եւ ներկայացա:

Վերեւի հարկում արդեն նկատել էին, որ շենքը նկարել եմ: Մի քանի րոպեից ներքեւ իջավ մի տղամարդ: Չներկայացավ, եւ երբ հարցրի, թե այստե՞ղ է տեղավորվելու Սեյրան Սարոյանի շտաբը, իրար անցավ եւ ասաց, որ սա ոչ մեկի շտաբն էլ չէ եւ իր սեփական տարածքն է: Նա ոչ մի կերպ չէր ցանկանում ներկայանալ, ոչ միայն իր անունն էր գաղտնի պահում, այլեւ միանգամից անցավ գրոհի: Նախ ասաց, որ թերթերը իրենց նկատմամբ սեւ քարոզչություն են իրականացնում, հետո անցավ կոնկրետ մեր թերթին. «Ձեր թերթում գրվածները կեղծիք են, սեւ քարոզչություն, վաղը-մյուս օրը էդ թերթերը հատ-հատ պատասխան են տալու»: Եվ երբ հարցրի, թե ո՞ւմ առաջ, կողքից օգնության եկավ մեկ ուրիշ մարդ (որն իր անունը նույնպես խիստ գաղտնի էր պահում) եւ պարզաբանեց. «Օրենքի շրջանակներում»: Փորձում էի հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի: Հստակեցրեց. «19 ընտրատարածքի մասին ինչ որ գրում եք, կեղծիք է, ցույց տվեք մի ուսուցչի, որը նման միջադեպի ներկա է եղել: Ոչ մի լուրջ բան ես էս թերթի մեջ չեմ տեսել»: Ավելի ուշ, երբ զրույցն արդեն համեմատաբար հանգիստ էր, որոշեց անունն էլ ասել. «Սերոբյան Մհեր, ի՞նչ խնդիր կա»: «Զրույցի» ամբողջ ընթացքում խնդրում էի կապվել Սեյրան Սարոյանի հետ եւ տեղեկացնել, որ լրագրողը խնդրում է իրեն հանդիպել՝ անձամբ իրեն մի քանի հարցեր ուղղելու համար: Ինձ պատասխանում էին, որ Սարոյանը այդ պահին քաղաքում չէ:

Ի դեպ, մեր գործընկեր Հակոբ Մարտունին, ով կարծես թե Սեյրան Սարոյանի մամուլի քարտուղարն է, իրեն դաստիարակված մարդու նման չէր պահում։

Միջադեպ

Ուղեւորվեցի Սուսաննա Հարությունյանի գրասենյակ։ Ճանապարհին Սեյրան Սարոյանի տունն էր, պարսպի վրա՝ պահապան առյուծների արձաններ: Դիմացի մայթին, բանկի մոտ մի երիտասարդ էր կանգնած. նախ հարցրի, թե որտեղ է Սուսաննա Հարությունյանի շտաբը: Ասաց, որ ինքը տեղացի չէ։ Մի քանի քայլ հեռանալով՝ անկյունից նկարեցի գեներալի տունը: Հենց այդ պահին անծանոթ երիտասարդը դարձավ «տեղացի» եւ կոպիտ տոնով հարձակվեց. «Ինչի՞ ես նկարում»: Տհաճ զրույցից հետո հեռացա, երիտասարդը իր հետ վերցնելով եւս մեկին՝ հետեւեց ինձ՝ ինչպես դա կինոներում է լինում: Սակայն չհամարձակվեցին այլ նեղություն պատճառել, ակնհայտորեն նման հրահանգ չունեին: Նրանց դեմքերից երեւում էր՝ եթե հրահանգ տրվեր դիմել ամենածայրահեղ քայլին, չէին վարանի:

Ս. Հարությունյանի «շտաբում»

Սա տեղավորված է իր ամուսնու՝ «Էլեկտրասարք» գործարանի շենքում; Տիկին Սուսաննան ներսում էր եւ զրուցեց մեզ հետ: Նրա «շտաբը» եւս նկարել էինք, բայց ոչ մի դժգոհություն չհայտնեց: «Կուզեի, որ ԱԺ գնային խելացի, կիրթ մարդիկ, ոչ մի օլիգարխ, ոչ մի հեղինակություն, ամոթ չի՞»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 19 ընտրատարածքի թեկնածուներից մեկը՝ Սուսաննա Հարությունյանը: Նաեւ նկատեց. «Մարդը եթե ունի ունեցվածք, հարստություն, անպայման ձգտում է գնալ ԱԺ, գնա՝ մանդատ ստանա, որ պաշտոն ստանա, կամ մանդատ ստանա, որ տանիք լինի իր ունեցվածքին: Ես, որպես էջմիածինցի, կուզեի, որ խորհրդարան գնային լուրջ մարդիկ»: Հարցրինք նաեւ քանի որ ինքն այս ընտրատարածքում միակ կին թեկնածուն է, արդյոք իր մրցակից տղամարդիկ շնորհավորեցի՞ն իրեն կանանց տոնի առթիվ: «Իմ մրցակից տղամարդիկ այնքան «ջենթլմեն» գտնվեցին, որ ոչ մի ծաղիկ կամ շնորհավորանք չուղարկեցին, ինձ ինչո՞ւ ուղարկեին, իրենց մրցակիցն եմ, բայց դպրոցների ուսուցչուհիներին, այո, նվերներ են տվել, քեֆեր են արել եւ այլն: Որպես թեկնածու, ես դեմ չեմ, թող տան, ժողովրդից թալանված փողերը թող բաժանեն մեր ժողովրդին, էջմիածինցին վերջում իր ընտրությունը թող անի»:

Հ. Հակոբյանի «շտաբը»

Սա տեղավորված է «Զվարթնոց» համալիրում, որտեղ գործում է ռեստորան, սաունա եւ այլն: Էջմիածնի նախընտրական տրամադրությունները գնահատելով՝ «իսկական» Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) ասաց. «Եթե իշխանությունները լարվածություն չառաջացնեն, կարծում եմ, շատ նորմալ ընտրություններ կլինեն, ժողովուրդը քաղաքականացված է եւ շատ լավ գիտի, թե որ թեկնածուին կամ կուսակցությանը պետք է ձայն տա: Ես էջմիածինցիներին ներկայանալու խնդիր չունեմ, այստեղ ինձ ճանաչում են գործով ապրած կյանքով»: Ասաց, որ ինքը մտավախություն չունի, որ նոր Հակոբ Հակոբյան անունով թեկնածուն իրեն կարող է խանգարել եւ շփոթեցնել ընտրողներին. «Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ ձայն տալ, շատ զգույշ կլինեն, կճշտեն եւ հետո կքվեարկեն»: Փաստորեն, ՀՀԿ-ն այս ընտրատարածքում սատարելու է ոչ ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանին, այլ գեներալ Սեյրան Սարոյանին: Հարազատ կուսակցության այս որոշումից Հակոբ Հակոբյանը չի նեղացել եւ ավելացրեց. «Ես չեմ կարծում, որ Երեւան քաղաքում իմ կուսակցական ընկերները կարող են ազդեցություն ունենալ Էջմիածնի մեր ընտրողների վրա: Ես համոզված եմ, որ կուսակցությունները Էջմիածին քաղաքում ոչինչ չեն կարող անել, եթե փորձեն անել, հակառակ էֆեկտը կստանան, քանի որ մարդիկ կասեն՝ այ, չորս տարի մեզ չեն հիշել, հիմա նոր հիշում են: Իսկ այն ուժերը, որ ժողովրդի հետ ընթացքում չեն աշխատել, նրանց համար շատ դժվար է լինելու խոսել ժողովրդի հետ եւ ակնկալել ժողովրդի քվեն»: Հարցրինք նաեւ, թե ինչո՞ւ է իր շտաբը տեղավորված «Զվարթնոց» համալիրում, արդյոք իր ընտրողները չե՞ն շփոթվում սաունա եւ ռեստորան եկողներին տեսնելով: Ասաց, որ այդ հսկա շենքում գործում է նաեւ ուսուցչական խորհուրդ, այստեղ սեմինարներ, դասախոսություններ են անցկացվում:

Հ. Գ. Սեյրան Սարոյանի հետ հարցազրույցը նախատեսել ենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031