Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդներին էլ հրավիրեցին

Մարտ 15,2007 00:00

ՀՀ ԿԸՀ-ն երեկ որոշում ընդունեց միջազգային դիտորդական առաքելություններին հրավիրել մեր ընտրություններին հետեւելու:

Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց մայիսի 12-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու մասին: Համաձայն այդ որոշման, ԱԺ ընտրություններին հետեւելու համար հրավերներ կուղարկվեն ՀՀ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին, ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ղեկավարին, Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (international IDEA) հայաստանյան գրասենյակի ղեկավարին, ԼՂՀ ԿԸՀ-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահն էր համանման հրավերներ ուղարկել Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ խորհրդարանական, նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին, Եվրախորհրդարանին, իսկ ԱԳՆ-ն՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին, ԱՊՀ գործադիր կոմիտեին:

Հիշեցնենք, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը դեռ մարտի 1-ին է Երեւանում տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն բացել, որի նպատակն է կազմակերպել ՀՀ առաջիկա ԱԺ ընտրությունների գործընթացի երկարատեւ դիտարկում, որն իրականացնելու են 30 փորձագետներ, եւ որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն ու վերլուծություններն ուղարկվելու են Սանկտ Պետերբուրգ՝ գլխադասային գրասենյակին: Հավելենք, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը ղեկավարելու է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինը:

ՀՀ ԱԺ ընտրություններին հետեւելու համար դիտորդական առաքելությունների թեման ամփոփելով՝ տեղեկացնենք, որ երեկվա դրությամբ ՀՀ ԿԸՀ-ում արդեն իսկ գրանցվել են երկու տեղական եւ երկու միջազգային կազմակերպություններ: Հայաստանյան կազմակերպություններից «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի կողմից ընտրություններին կհետեւեն 2292, իսկ «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ից՝ 10 դիտորդներ:

ԿԸՀ-ում միջազգային դիտորդական առաքելություններից երեկվա դրությամբ ԿԸՀ-ում գրանցված էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդը՝ 12 դիտորդ, եւ ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ 8 դիտորդ: ՀՀ ԱԺ ընտրություններին կմասնակցի կարճաժամկետ առաքելությամբ Հայաստան ժամանող մոտ 1000 միջազգային դիտորդ:

Վերադառնալով ՀՀ ԿԸՀ նիստին՝ հավելենք, որ հանձնաժողովը երեկ միաձայն որոշում է կայացրել սահմանել տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող ընտրողների կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու եւ քվեարկությանը մասնակցելու կարգը: Սահմանված նոր կարգի համաձայն, տեսողության հետ խնդիրներ ունեցող ընտրողներին քվեարկելու հարցում նրանց խնդրանքով կարող է օգնել այլ քաղաքացի, ով, սակայն, չպետք է լինի հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ: Ընդ որում, ՀՀ-ում առաջին անգամ նախատեսվում է քվեարկությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացնել քվեաթերթիկին համապատասխանող բրալյան այբուբենով համարակալված ստվարաթղթե կաղապար: Այս ստվարաթղթե կաղապարները, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի փոխանցմամբ, տպագրվելու են Հայաստանում, բայց այդ ծախսերը հոգալու է ամերիկյան Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը՝ IFES-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031