Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցումային» գործընկերություն

Մարտ 15,2007 00:00

Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի, Ռուսաստանում հայերի սպանությունները «քսենոֆոբիայի հետեւանք» չեն:

«Ցավալի է, որ այդպիսի դեպքեր են տեղի ունենում, եւ մենք գիտենք, թե որքան սուր է դա ընկալվում Հայաստանում»,- երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է դեսպանը, հավելելով, թե Ռուսաստանի իրավապահ մարմիններն անում են հնարավորը՝ հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու համար: Պավլովը կարծիք է հայտնել, թե այդ հանցագործություններն ունեն սոցիալական հիմք եւ անցումային շրջանի հետեւանք են:

Իհարկե, հետաքրքիր կլիներ հարցնել դեսպանին, թե ի՞նչ մեխանիզմով է այդ անցումային շրջան կոչվածը ներազդում, ասենք, Սանկտ-Պետերբուրգի դատավորների վրա, որոնք անցումային շրջանի «զոհ» դարձած մարդասպան սափրագլուխներին դատապարտում են 1-2 տարվա ազատազրկման կամ պարզապես դատարանի դահլիճից ազատ են արձակում: Կամ՝ եթե նման փաստերը քսենոֆոբիայի (այլատյացության- խմբ.) արտահայտություն չեն, հապա ի՞նչ են, երբ շատ դեպքերում այդ սպանությունների մնացած բոլոր հնարավոր շարժառիթներն իսպառ բացակայում են: Հետաքրքիր կլիներ, սակայն, ցավոք, այդ հարցերն ուղղելու հնարավորությունը չունեցանք, քանի որ դեսպանի նշած անցումային շրջանը, հավանաբար, ազդել էր նաեւ ՌԴ դեսպանատան աշխատաոճի վրա, ինչի արդյունքում լրատվամիջոցներին այստեղ ասուլիսի են հրավիրում ընտրողաբար, իսկ ընտրությունն էլ կատարում են միայն իրենց հայտնի չափանիշներով:

Ասվածի ֆոնի վրա, թերեւս, արդեն դժվար ընկալվի ՌԴ դեսպանի այն հավաստիացումները, թե հայ-ռուսական հարաբերությունները «դաշնակցային» են եւ «դինամիկ զարգացող»: Եվ, այնուամենայնիվ, հենվելով լրատվական գործակալությունների տրամադրած տեղեկատվության վրա՝ ներկայացնենք հիշյալ ասուլիսի ժամանակ Նիկոլայ Պավլովի արած մի քանի այլ արձանագրումներ եւս: Անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան տնտեսական հարաբերություններին՝ դեսպանը նշել է, թե դրանց լիակատար զարգացմանը խանգարում են տրանսպորտային օբյեկտիվ խնդիրները: Չնայած դրան, 2006 թ. երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, Պավլովի տվյալներով, կազմել է $420 մլն՝ 2005 թ. $350 մլն-ի փոխարեն:

Դեսպանը նշել է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան ներդրումների աճը, ընդգծելով ամենախոշոր ներդրողներին՝ «ՀայՌուսգազարդ», «Արմենալ», «ՎՏԲ Բանկ Հայաստան» եւ «Վիմպելկոմ» ընկերություններին: Պավլովի խոսքերով, երկկողմ տնտեսական հարաբերությունների խնդրահարույց հարցերից է շարունակում մնալ մի քանի տարի առաջ ՌԴ-ին «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում փոխանցված հայկական ձեռնարկությունների պարապուրդը:

Հոգ չէ, անցումային շրջան է: Կանցնի՝ կշահագործեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031