Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՄՐՑԱԿԻ՞Ց ՉԷ

Մարտ 15,2007 00:00

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճող ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը եւ Վահան Շիրխանյանը համակարծիք էին, որ այս ընտրություններում գաղափարական պայքարի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Հայաստանում վերջին գաղափարական պայքարը տեղի է ունեցել 1991 թվականին, երբ քաղաքական ռինգում էին ՀՀՇ-ն եւ կոմունիստները: Իսկ ըստ Սամվել Նիկոյանի՝ այս ընտրություններում իշխանություն-ընդդիմություն սուր պայքար չկա. «Մայիսի 12-ի ընտրություններում հիմնական պայքարը գնալու է իշխանական համակարգի քաղաքական ուժերի միջեւ»: Կոնկրետ ՀՀԿ-ին նա մրցակից է համարում «Բարգավաճ Հայաստանին», ՀՅԴ-ին, նաեւ ՄԱԿ-ին: Վահան Շիրխանյանն ասվածից վիրավորվեց. «Ընդդիմությանն այնքան են ջարդել, որ նրան նույնիսկ մրցակից չեն համարում»:

Ներիշխանական մրցակցության առկայությունը Սամվել Նիկոյանը համարում է ընտրության արդարության գրավական, կարծելով, թե այդ դաշտում կան այնպիսի ուժեղ կուսակցություններ, որոնք մեկը մյուսին թույլ չեն տա ընտրախախտում կատարել: «Ընտրություններն անկանխատեսելի են այնքանով, որքանով որ ամեն ինչ հնարավոր է,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամը:- Իհարկե, իմանալով կուսակցության ներքին ներուժը (երկար ժամանակ զբաղվել եմ ՀՀԿ կառույցներով)՝ ես ասում եմ, որ մենք մեր հաջողությունները կկրկնենք Ազգային ժողովում: Բայց մյուսներն ինչ հաջողություն կունենան՝ չեմ կարող ասել»: Սակայն կանխատեսեց, որ որեւէ մեկը չի կարող ձեւավորել բացարձակ մեծամասնություն:

Սամվել Նիկոյանը նաեւ չբացառեց, որ ԱԺ ընտրություններում մրցակցող ներիշխանական ուժերը միմյանց հետ կմրցակցեն նաեւ նախագահի ընտրության ժամանակ եւ կներկայացնեն առանձին թեկնածուների, առավել եւս, որ այժմ ոմանք հայտարարում են սեփական թեկնածուով գնալու մասին:

Ըստ ՀՀԿ խորհրդի անդամի՝ կա իշխանափոխության, այսինքն՝ որոշակի անձերի եւ ծրագրերի աստիճանական փոփոխության կարիք. «Իշխանությունը պետք է միշտ թարմանա թե՛ անձերով, թե՛ ծրագրով: Պետք է հրաժարվի այն անձերից, որոնց հասարակությունը չի ընդունում, թեկուզ եթե իր թիմից է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031