Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոհը ՕԵԿ-ի դեմ շարունակվում է

Մարտ 20,2007 00:00

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արազբեկ Սարգսյանը, ով ներկայացնում էր ՕԵԿ-ը, ազատվել է նախագահի պարտականություններից:

Նրան փոխարինում է ՀՀԿ-ական Սմբատ Գասպարյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր «պաշտոնանկությունը», պարոն Սարգսյանն ասաց. «Պատճառը ճնշումներն են հանձնաժողովի անդամների վրա Հանրապետական կուսակցության կողմից: ՀՀԿ-ն իր դրածո կուսակցություններով վախենում է «Օրինաց երկրից»: Հանձնաժողովի 2/3-ին ստիպեցին անվստահություն հայտնել ինձ: Նրանք ներկայացնում էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, նախագահի եւ դատարանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Ժողպատգամավորը» ներկայացնող Վլադիմիր Ղալումյանը, ով մինչեւ ուղնուծուծը խրված է կեղծիքների մեջ: Նախորդ ԱԺ ընտրություններում նա կարողացավ իր հարազատ Արծրուն Ղալումյանի հարցերը կեղծիքներով լուծել: Իսկ իմ եւ հանձնաժողովի մյուս անդամների տարաձայնությունը գալիս է դեռեւս 2005թ. ՏԻՄ ընտրություններից», երբ իմ փոխարեն ուզում էին ՀՀԿ-ական նախագահ ընտրել»: «Առավոտի» մյուս հարցին, թե ինչ կանխատեսումներ է անում առաջիկա ընտրությունների հետ կապված, հանձնաժողովի նախկին նախագահը պատասխանեց, որ լինելու են կեղծիքներ, որոնց ուղիներն ու ճանապարհը իրենք իրենց ձեռքով բացեցին:

«Առավոտի» հարցին, թե ինչու անվստահություն հայտնեցին ՕԵԿ-ական նախագահին, Վլադիմիր Ղալումյանը պատասխանեց, որ «Ընտրական օրենսգիրքը» դրա համար բացատրություն չի պահանջում, կարծիք արտահայտել պետք չէ, պարզապես ԸՕ-ի 38 եւ 39 հոդվածների հիման վրա հանձնաժողովի 5 անդամ գրավոր ներկայացրել է իրենց պահանջը: «Դա ոչ թե ցանկություն է, այլ հանձնաժողովի կոլեգիալ սկզբունքի խախտման արձանագրության հետեւանք, որը եղել է 2005-ի ՏԻՄ ընտրություններից հետո: Խախտվել է 44 հոդվածի 5-րդ կետը: Արազբեկ Սարգսյանը, ով այդ ժամանակ նույն հանձնաժողովի նախագահն էր, պետք է ընտրական փաստաթղթերը արխիվացներ, մինչդեռ մինչեւ հիմա այդ «մեշոկներն» իր մոտ են: Դրա համար էլ մենք անվստահություն ենք հայտնել նրան»,- ասաց պրն Ղալումյանը: Ասվածի առիթով Արազբեկ Սարգսյանն ասաց, որ իր մոտ պահվել են ոչ էական նշանակություն ունեցող, ավելցուկ թղթերը, որոնք ենթակա են այրման, ոչ մի կարեւոր փաստաթուղթ իր մոտ չկա եւ չէր էլ կարող մինչեւ հիմա լինել:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ՕԵԿ-ական նախագահները փոխարինվում իշխանության ներկայացուցիչներով, եթե ոչ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար՝ այդ հարցը մնում է բաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել