Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մարտ 22,2007 00:00

\"\"ՀՀԿ խորհրդի անդամ թաղապետերի կողմից ղեկավարվող համայնքապետարանները, բնականաբար, ժխտում են, որ անձնագրեր են հավաքում քաղաքացիներից:

Դեռ փետրվարին էր «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում պնդել. «Կենտրոն համայնքում ՀՀԿ-ն 30 հազար դրամ է վճարում թաղային լիազորներին, ովքեր մտնում են շենքերը եւ հավաքում բնակչության անձնագրերը»: Նույն օրը նաեւ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն էր «Առավոտին» տեղեկացրել, որ Կենտրոնի բնակիչներից ահազանգեր են ստանում, թե հավաքում են անձնագրերը. «Խաբեությամբ՝ իբր ստուգում են գրանցումները: Եվ դա անում են Գագիկ Բեգլարյանի կողմից ուղարկվող մարդիկ»: Այն ժամանակ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Կենտրոնի թաղապետարանից, սակայն չհետեւեց որեւէ արձագանք: Այժմ, երբ արդեն բազմիցս են հրապարակվել նման անձնագրահավաքի մասին պնդումներ՝ նորից դիմեցինք Կենտրոնի համայնքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանին: Նա պատասխանեց, թե չունի նման քայլեր անելու անհրաժեշտությունը, քանի որ եթե իրեն պետք լինեն անձնագրային եւ այլ (մասնավորապես, թե ով է բացակայում հանրապետությունից) տվյալներ՝ դրանք կան իր համակարգչում: Ըստ պրն Բեգլարյանի՝ նման բանով կարող է զբաղվել ցանկացած այլ կուսակցություն, բացի ՀՀԿ-ից, քանի որ այդ տվյալներն անհրաժեշտ են այն ուժերին, որոնք չեն տիրապետում բնակչության մասին այդպիսի տեղեկատվությանը:

Սակայն ՕԵԿ նախագահի պնդումը չէր վերաբերել միայն Կենտրոնին. ըստ նրա՝ նույնը տեղի է ունենում նաեւ Էրեբունի, Շենգավիթ եւ այլ համայնքներում:

Շենգավիթի թաղապետի տեղակալ Արբակ Աբրահամյանը երեկ մեր զրույցի ընթացքում ժխտեց. «Մենք չենք տիրապետում նման տեղեկատվության»: Իսկ Էրեբունու թաղապետարանի մամուլի քարտուղար Սուսաննա Գեւորգյանն ասաց. «Ես ՀՀԿ անդամ եմ, նաեւ շտաբում եմ ակտիվ գործողություն ծավալում, բայց առաջին անգամ եմ լսում, թե մեր համայնքում հավաքում են անձնագրեր: Նման բան բացառված է: Քաջատեղյակ եմ՝ չկա՛ այդպիսի բան»:

Թեեւ անգամ իշխող ուժի ներկայացուցիչը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր մարտի 20-ին ԱԺ ամբիոնից անհանգստություն հայտնել անձնագրերի հավաքման գործընթացի վերաբերյալ, մեր զրուցակից պաշտոնյաները միահամուռ ժխտում էին նման փաստերի առկայությունը:

Մեր թերթը հրապարակել էր, թե ՀՀԿ-ն Մալաթիա-Սեբաստիա համայնքում հավաքել է անձնագրերը կամ դրանց տվյալները: Սակայն ՀՀԿ խորհրդի անդամ եւ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Աղվան Գրիգորյանի ղեկավարած համայնքի մամուլի քարտուղար Հրաչուհի Երանոսյանն ասաց. «Ե՛վ մեր համայնքում, ե՛ւ թաղապետարանում տեղի չի ունենում անձնագրերի հավաքում: Եթե որեւէ մեկը հակառակի մասին փաստեր կներկայացնի՝ կօգնի մեզ»:

Անձնագրահավաքի եւ հօգուտ ՀՀԿ-ի քարոզչության մասին հրապարակված տվյալներ կան նաեւ Արաբկիր համայնքի վերաբերյալ: Սակայն թաղապետարանի կրթության եւ մշակույթի, սոցիալական հարցերի եւ տեղեկատվության բաժնի պետ Լիանա Մկրտչյանն ասաց. «Ի պաշտոնե հայտարարում եմ, որ մեր թաղապետարանն ընդհանրապես չի իրականացնում նման գործընթաց: Արաբկիրի թաղապետարանում են այսօր աշխատում ե՛ւ հանրապետականներ, ե՛ւ դաշնակցականներ, ե՛ւ «Բարգավաճ Հայաստան»-ի, ե՛ւ «Հզոր Հայրենիք»-ի անդամներ, իսկ փոխթաղապետն ՕԵԿ-ից է»:

Արաբկիրի համայնքապետ Հովհաննես Շահինյանը մեր զրույցի ընթացքում ենթադրություն հայտնեց տարածված լուրերի պատճառի մասին, այն է՝ քաղաքական ուժերի ակտիվիստներն են երեւի փորձում իրենց ծանոթների անձնագրերի տվյալները հավաքել, ներկայացնել. «Կարող եմ հավաստիացնել՝ մեր համատիրություններին ու թաղային կոմիտեներին անձամբ եմ խորհրդակցությունների ժամանակ զգուշացրել, որ եթե որեւէ մեկը փորձի համայնքի բնակիչների հետ նման գործողություններ անել, հավաքել անձնագրերը եւ այլն՝ այդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության: Եվ առաջիկա օրերին հրավիրելու եմ բոլոր լիազոր կառավարիչներին, նաեւ համայնքի ոստիկանապետին ու եւս մեկ անգամ խիստ զգուշացնելու եմ անձնագրահավաքների կամ մարդկանց անձնական տվյալների մասին տեղեկությունների հավաքագրման հետ կապված»:

Երեկ հրապարակել էինք, թե «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցներն ահազանգել են, որ «Փեթակի» տնօրենը «պահանջում է վաճառողների անձնագրերը՝ սպառնալով, թե այլապես նրանք չեն աշխատի տոնավաճառում»: Հրապարակումից հետո արդեն վաճառողները մեզ միաբերան հավաստիացնում էին, թե այս լուրերը հերյուրանքներ են՝ անձնագրերի հավաքման ոչ մի դեպք չի եղել տոնավաճառում:

Հիշեցնենք, որ ինչպես «Փեթակ»-ում, այնպես էլ Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում այս փաստերի մասին քաղաքացիների ահազանգերը մեր թերթին փոխանցել էր ՀԺԿ վարչության եւ խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը: Այժմ, այս հերքումներից հետո, նրանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է հավաստել հակառակը. «Իհարկե, կարող եմ,- պատասխանեց տիկին Խաչատրյանը:- Եթե այդ թաղապետերն անձամբ լսեին, թե ինչպես եւ ինչ բողոքներ, փաստեր են ներկայացնում մեզ դիմած քաղաքացիները՝ նրանք, կարծում եմ, չէին ունենա այսպես միահամուռ հերքելու համարձակություն: Բացի դրանից, թերեւս այդ պարոնները բավարար քաջություն էլ չունեն, որ ի վերջո՝ օրենք են խախտում, խարդախություններ անում՝ տղամարդավարի ասեն, որ այո՛, արել ենք: Սա՛ է իրենց դիմանկարը: Բնականաբար, պիտի թաքնվեն ու ասեն, թե ո՜չ, այդպիսի բան չկա՜: Այսինքն՝ նրանք ճիշտ են, իսկ Երեւանի հազարավոր բնակիչներ ստո՞ւմ են: Թույլ տվեք չհամաձայնել: Ես վստահում եմ մեր քաղաքացիներին, այլ ոչ թե նրանց»:

Հ. Գ. Ի դեպ, «Փեթակի» մի վաճառողուհի, որն այլոց պես չի ցանկացել ներկայանալ՝ «Ա1+»-ի թղթակցին երեկ անկեղծորեն խոստովանել է, թե ինքը ՀՀԿ անդամ է, ապրում է Կենտրոն համայնքում, շատ է սիրում իր ՀՀԿ-ական թաղապետին եւ անձնագիրն իր կամքով հանձնել է այդ կուսակցությանը: Թերեւս նա տեղյա՞կ չէր, որ դրա մասին տվյալներն առանց այդ էլ կան Գագիկ Բեգլարյանի համակարգչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել