Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե՞ն կհաղթի, թե՞ Նարեն

Մարտ 22,2007 00:00

\"\"Նրանցից ո՞վ կլինի երկրորդ «Հայ սուպերսթարը»

Շուրջ 5 ամիս «Շանթ» հեռուստատեսությամբ հեռարձակվող երիտասարդ երգիչների «Հայ սուպերսթար» մրցույթը մոտենում է վերջնագծին: Մեկ շաբաթից հայտնի կդառնա 2-րդ սուպերսթարի անունը: Այդ տիտղոսի համար պայքարում են Լուսինե Աղաբեկյանը եւ Նարե Գեւորգյանը: «Առավոտի» հետ զրուցած մասնագետների (որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել) կարծիքով, երկրորդ «սուպերսթարը» Լուսինեն է լինելու:

Հիշեցնենք, որ Հայաստանը 32-րդ երկիրն էր, որտեղ 2006թ. առաջին անգամ անցկացվեց բրիտանական հեռուստատեսային POP IDLE նախագիծը: Վերջինիս ռուսական տարբերակը կրում է «Նարոդնի արտիստ» խորագիրը: Ռուսաստանյան հեռուստամրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմինը այսօր արդեն մուտք է գործել տեղի շոու-բիզնես, իսկ հայաստանյանի առաջին սուպերսթար Սուսաննա Պետրոսյանին, բացի «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումներից, վերջինիս աջակցությամբ թողարկված CD-ներից, այլ տեղ չենք հանդիպում: Ինչո՞ւ երգչուհին չի երեւում Հ1-ով կամ այլ հեռուստաընկերություններով, ընդգրկված չէ հանրապետությունում կազմակերպված հայաստանյան աստղերի մասնակցությամբ շոու ծրագրերում: Այս առիթով «Հայ սուպերսթար» մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գուրջինյանն ասաց. «Իմ ցանկությունն է, որ մեզ մոտ իմը- քոնը չլինի, կուզեի, որ դեմոկրատիան շոու-բիզնես էլ ներխուժեր: Անկասկած, Հայաստանի նման փոքր հանրապետությունում, մասնավորապես՝ փոփ արվեստում, անհրաժեշտ է, որ մենք համախմբվենք, իսկ առիթի դեպքում՝ խոսքներս մեկ արած, ընտրելով լավագույնին՝ արտերկրում ըստ արժանվույն ներկայանանք: Մենք «դոստուպ» ունենք միայն «Երկիր մեդիա» TV-ում: Այս հեռուստաալիքով ցուցադրվող «Ոսկե քնար» մրցանակաբաշխությանը մասնակցում է ոչ միայն առաջին սուպերսթարը, այլ՝ «Հայ սուպերսթարի» լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր կատարողները»:

Դիտարկմանը, թե ինչքանո՞վ էր տեղին «Հայ սուպերսթարի» մասնակիցներին «ստիպել» կատարել նաեւ ժողովրդական երգեր, ինչի պատճառով, օրինակ, մասնագետների համակրանքին արժանացած Ջիվան Խաչատրյանը հեռուստադիտողների քվեարկության արդյունքում դուրս մնաց մրցույթից, Ն. Գուրջինյանը հայտնեց, որ Ջիվանին դեռ կնկատեն եւ նա մեր էստրադայում իր տեղը կունենա: Հետո էլ ավելացրեց. «Մրցույթը պայքար է, իսկ Ջիվանը ինքնատիպ երգիչ լինելով հանդերձ, այնքան էլ պատրաստ չէր այդ պայքարին: Դառնալով ժողովրդական երգերին, նշեմ, որ պարտադիր չէ մասնակիցների խորանալն այդ ժանրի մեջ: Սակայն նրանց չի խանգարի ժողովրդական, գուսանական արվեստին հաղորդակից ու տեղյակ լինելը»: Ն. Գուրջինյանից ցանկացանք լսել նաեւ իր կարծիքը՝ այս կամ այն երգչի օգտին նույն հեռախոսահամարից անսահմանափակ SMS-ներ ուղարկելու մասին: Նա ասաց, որ այդ առիթով մրցույթի կազմակերպիչները կապվել են բրիտանական կողմի հետ: «Վերջիններս ծանոթ չլինելով հայկական մենտալիտետին, թույլատրել են նույն հեռախոսահամարից անսահմանափակ SMS-ներ ուղարկել: Մենք, սակայն, ուռճացված քվեարկությունից խուսափելու համար բրիտանական կողմին խնդրեցինք բացառություն անել եւ SMS-ների քանակը սահմանափակել 50-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել