Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Մարտ 22,2007 00:00

«Արագ» շախմատում Լեւոնը չունի հավասարը

\"\"Մոնակոյում ընթացող «16th Amber Blindfwld and Rapid Tournament» շախմատի միջազգային ավանդական գերմրցաշարի մասնակիցները երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում իր ապագա մրցակցին՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ սպիտակներով հաղթելով «կույր» շախմատում, այնուհետեւ սեւերով ոչ-ոքի անելով «արագ» շախմատում: Ընդհանուր արդյունքով մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը: Մեր աշխարհի գավաթակիրը 6,0 միավորով առայժմ ընթանում է երկրորդ տեղում: Նրան կես միավոր զիջում է Վասիլի Իվանչուկը: Լավագույն եռյակին, ըստ հերթականության, հաջորդում են Պյոտր Սվիդլերը՝ 5,0, Վիշվանաթան Անանդը, Պետեր Լեկոն, Ալեքսանդր Մորոզեւիչը՝ 4,0-ական, Մագնուս Կարլսենը՝ 3,0, Թեյմուր Ռաջաբովը, Ֆրանսիսկո Վալյեխոն եւ Լյուկ Վան Վելին՝ 2,0-ական միավոր:

Մոնակոյում Լեւոն Արոնյանը հաջող է հանդես գալիս հատկապես «արագ» շախմատում, որտեղ նրա առայժմ վաստակած 3,5 միավորը լավագույն արդյունքն է: Իսկ ահա «կույր» շախմատում առաջատարը Կրամնիկն է: Այստեղ Լեւոնի 2,5 միավորը չորրորդ ցուցանիշն է: Այսօր հերթական տուրում Արոնյանը խաղալու է իր վաղեմի մրցակցի՝ Ռուսաստանը ներկայացնող Պյոտր Սվիդլերի հետ:

Գաբին շարունակում է հաղթարշավը

\"\"Գրոսմայստեր Գաբրիել (Գաբի) Սարգսյանը շարունակում է հաղթարշավը Իսպանիայի Սաֆրա քաղաքում մեկնարկած Ռյուի Լոպեսի անվան 15-րդ կարգի միջազգային փառատոնում: Չորրորդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող հայաստանցի շախմատիստի հերթական «զոհը» դարձավ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը: Գաբրիելն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է արդեն միանձնյա: Մոտակա մրցակիցները՝ իսպանացի Մանուել Պերես Կանդելարիոն, պերուացի Խուլիո Գրանդան եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը Գաբրիելին զիջում են մեկ միավորով: Երեկ կայացած 5-րդ տուրում Սարգսյանը հանդիպելու էր Պոնոմարյովի հետ:

Դարչինյանը հերքում է

Օրերս «Boxingscene.com»-ի ինտերնետային կայքն իր էջերում տեղադրել էր մի հայտարարություն, ըստ որի՝ թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի եւ IBO-ի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանն իբր Վիկտոր Բուրգոսին նոկաուտով հաղթելուց հետո հայտարարել է, թե մտադիր է բարձրանալ միանգամից տասը քաշային կարգ ու հաղթել 72,6 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ջերմեն Թեյլորին:

Ի պատասխան դրա, «AllBoxing.ru»-ն հրապարակել է Վախթանգի հայտարարությունն այն մասին, որ դա չի համապատասխանում իրականությանը: Վիկը, մասնավորապես, ասել է. «Որ ես ձեռնոց եմ նետել Թեյլորին, ինքս իմացել եմ ինտերնետից: Ճիշտ է, ես ոչ մեկից չեմ վախենում, բայց դեռ չեմ գժվել այդպիսի անպատասխանատու հայտարարություն անելու համար: Ներկա պահին իմ գլխավոր նպատակը Խորխե Արսեի հետ մենամարտն է: Իսկ պրոումոթեր Գերի Շոուի՝ իմ անունից տարածած նմանատիպ արտահայտությունները կոչված են հասարակության որոշակի վերաբերմունք ձեւավորել եւ այդ հանդիպման շուրջ հետաքրքրություն բորբոքել»:

Մեկնաբանելով Վիկի անունից տարածված հայտարարությունը՝ «Red Stars Boxing» ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանն ասել է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտը բիզնես է՝ իր օրենքներով ու կանոններով: Իմիջը, որ բռնցքամարտիկի համար ստեղծում են պրոումոթերները, ոչ միշտ են համընկնում անձի իրական կերպարին: Գերի Շոուն այդ բիզնեսում առաջին տարին չէ ու լավ գիտե, թե ինչ է անում, չնայած դա կողքից տարօրինակ կարող է թվալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել