Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ» ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Մարտ 29,2007 00:00

\"\"Այս փառատոնը կհամագործակցի գերմանական «Վիլսի» հետ

Պատկերասրահներում, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոների, համերգաշարերի գաղափարը նոր չէ. այն տասնամյակներ շարունակ հաջողությամբ իրագործվում է աշխարհի մշակութային կենտրոններում. օրինակ, Մոսկվայում՝ «Դեկտեմբերյան երեկոներ», Սանկտ Պետերբուրգում՝ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոները, Նյու Յորքում, Փարիզում, Դրեզդենում անցկացվող նման համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումները եւ այլն: 2005 եւ 2006թթ. Հայաստանում էլ անցկացվեց «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնը: Մասնագետները, բարձր գնահատելով միջոցառումը, նշեցին, որ մեզանում դեռեւս եզակի այս փառատոնը դասական երաժշտության եւ կերպարվեստի նորովի համատեղ ներկայացման հետաքրքիր գաղափար է:

«Ազգային պատկերասրահի» առիթով անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որը փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահն է, «Առավոտին» ժամանակին ասել էր. «Փառատոնը հնարավորություն է ընձեռում արվեստի յուրաքանչյուր տեսակի ներկայությունը նոր լույսի ներքո՝ ձեռք բերելով նոր հնչողություն՝ շնորհիվ արվեստների բացառիկ համադրության: Մյուս կողմից էլ՝ արվեստների սինթետիկ ընկալման խնդիր, ճանաչողական եւ դաստիարակչական ֆունկցիա ունեցող այս ծրագիրը միտված է հասարակության ուշադրությունը սեւեռելու մշակութային օջախների հիմնախնդիրների լուծմանը՝ պետության, գործարար մարդկանց մասնակցությանը»:

Տեղեկանալով, որ «Ազգային պատկերասրահ» փառատոնի նախագահ Մարիամ Շահինյանն ու գործադիր տնօրեն Գարիկ Նազարյանը ստեղծել են նաեւ մշակութային հիմնադրամ, հանդիպեցինք նրանց, խնդրելով նախ ներկայացնել երրորդ փառատոնային ծրագիրը եւ հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը: Կազմակերպիչները հայտնեցին, որ փառատոնը կմեկնարկի ապրիլի 20-ին: «Եթե անցած երկու փառատոների ընթացքում ընդգրկել էինք միայն Հայաստանի պետական կամերային եւ «Սերենադ» նվագախմբերը, այս տարի՝ ապրիլի 20-ից հունիսի 12-ը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում հանդես կգան Արցախի պետական կամերային եւ Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերը, «Սպեղանի», ՀՊԿՆ կամերային երգչախմբերը: Եթե անցած փառատոներին հրավիրել էինք միայն դաշնակահարներ Սերգեյ Բաբայանին (ԱՄՆ), Վարդան Մամիկոնյանին (Ֆրանսիա) եւ դիրիժոր Սուրեն Շահիջանյանին (Ֆրանսիա), այս տարի կներկայացնենք «Prome-

teo» լարային քառյակին (Իտալիա), թավջութակահար Դենիս Ժդանովին (Գերմանիա), ինչպես նաեւ հայաստանցի սիրված երգիչներ Աննա Մայիլյանին, Բարսեղ Թումանյանին եւ այլոց»,- հայտնեց Մ. Շահինյանը: Հետո էլ ավելացրեց. «Սկսել ենք համագործակցել գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնի հետ, որի հիմնադիրն է դիրիժոր Վլադիմիր Խաչատրյանը: Բանակցությունների արդյունքում արդեն կազմված են համատեղ փառատոնի աշնանային ժամանակացույցն ու ծրագիրը: Այն կսկսվի սեպտեմբերի 20-ին եւ կտեւի մինչեւ 30-ը: Մասնակցության իրենց համաձայնությունն են տվել թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), թավջութակահար Լեւոն Մուրադյանը (Պորտուգալիա), Եվրոպայում ապրող ու ստեղծագործող մեր մյուս ճանաչված երաժիշտները»: Գ. Նազարյանն էլ շեշտեց, որ 4 երեկո հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Ինչ վերաբերում է հիմնադրամին, տիկին Շահինյանն ասաց, որ այն ստեղծվել է անցյալ տարեվերջին՝ շնորհալի երաժիշտներին աջակցելու նպատակով: Իրենց նախաձեռնությամբ կայացել է բարեգործական համերգ-երեկո, որին ներկա են եղել տեղացի ու արտերկրից ժամանած գործարարներ: Հանգանակված միջոցներով պատանի երաժիշտները ապահովվել են կրթաթոշակներով: Մեր խնդրանքին՝ բերել մի քանի օրինակ, Մ. Շահինյանը ներկայացրեց կրթաթոշակառուների ցանկը: Այդ թվում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ֆլեյտահար Լուսինե Մելիք-Վրթանեսյանը, Սպենդիարյանի անվան դպրոցից Մերի Խոջանյանը, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի սան Հակոբ Աթյանը, Պետկոնսերվատորիայի ուսանողուհի Թերեզա Գեւորգյանը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել