Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԱ՞Ծ Է

Մայիս 25,2007 00:00

\"\"Վերջապես կատարվեց ոմանց մանկության կապույտ երազանքը

Ըստ որոշ տեղեկությունների, արդեն ուրվագծվել է ՀՀ նոր կառավարության կազմը, բաժանվել են նաեւ խորհրդարանական պաշտոնները եւ մնում է միայն մեկ-երկու կոսմետիկ շտկումից հետո նորընծա պաշտոնյաների ցուցակը ներկայացնել հանրությանը:

Սկսենք վերեւից՝ վերապահում անելով, որ դա, բնականաբար, նախնական եւ ոչ ստույգ դասավորություն է: Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի նախագահի տեղը կզբաղեցնի այս պահին համակարգող նախարար, փոխվարչապետի կարգավիճակով գործող Հովիկ Աբրահամյանը: ԱԺ փոխնախագահներ կդառնան ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀԿ-ից՝ Իշխան Զաքարյանը:

Առայժմ կպահպանեն իրենց աթոռները այն նախարարները, որոնք ուղղակիորեն ՀՀ նախագահի իրավասության տակ են գործում՝ Վարդան Օսկանյան, Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Միքայել Հարությունյան: Միակ բացառությունը արդարադատության նախարարությունն է: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կդառնա արդարադատության նախարար, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը կստանձնի այս պահին գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Ենթադրվում է, որ մեծամասնություն նվաճած ուժը՝ Հանրապետականը, կփոխի իր գրեթե բոլոր նախարարներին: Փոխվարչապետ կդառնա, ինչպես եւ գրել էինք մի քանի օր առաջ, Կարեն Կարապետյանը: Այսօր գործող նախարարների մեծ մասը կանցնի օրենսդիր աշխատանքի: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կտեղափոխվի գործադիր կամ դիվանագիտական աշխատանքի, սակայն դեռ որոշակիություն այս հարցում չկա: Միակ հանրապետական նախարարը, որ կշարունակի պաշտոնավարել նույն տեղում, Անդրանիկ Մանուկյանն է: ՀՀԿ-ն կունենա բազմաթիվ նորաթուխ նախարարներ: Ըստ մեր տեղեկությունների, ֆինանսների նախարար կդառնա Հերմինե Նաղդալյանը: Թեպետ այս տեղի համար շրջանառվում է նաեւ Արա Ասլիկյանի անունը (ֆինանսների այսօրվա փոխնախարարն է): Էներգետիկայի նախարարի պաշտոնը կստանա Հարություն Փամբուկյանը. չմոռանանք, որ նա ընտրությունների ժամանակ ահռելի գումարներ է ծախսել եւ բացի այդ, ժամանակին որոշակի կապ է ունեցել բաշխիչ ցանցերի հետ: ՀՀԿ-ն կպահպանի իր բոլոր մարզերը, սակայն կկատարի կադրային փոփոխություններ: Արագածոտնի մարզպետ կդառնա Աջափնյակի նախկին համայնքապետ, այժմ բնապահպանության փոխնախարար Արծրուն Խաչատրյանը: Արարատի մարզպետը կմնա իր տեղում:

Խորհրդարանում եւս Հանրապետականը բազմաթիվ պաշտոններ կունենա: Այսպես, առողջապահության, սոցիալական եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Արա Բաբլոյանը, Հրանուշ Հակոբյանը կշարունակի ղեկավարել կրթության, երիտասարդության հարցերի, մշակույթի մշտական հանձնաժողովը: Մի քանի հանրապետական համայնքապետեր կանցնեն խորհրդարանական աշխատանքի: Եվ արդյունքում, ամռան ընթացքում համայնքապետերի ընտրություններ կանցկացվեն Շենգավիթ, Դավիթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում: Մեր տեղեկություններով, Դավիթաշեն համայնքը կտրվի Դաշնակցությանը:

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կստանա տնտեսական զարգացման նախարարի պորտֆելը: ՄԱԿ փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը կդառնա նույն տեղում փոխնախարար: ՄԱԿ-ը միաժամանակ կպահպանի մշակույթի նախարարի պորտֆելը, քանի որ տիկին Հասմիկ Պողոսյանը սերտ հարաբերություններ ունի երկրի թիվ մեկ տիկնոջ հետ:

Դաշնակցությունը կպահպանի իր բոլոր նախարարությունները, բացի առողջապահությունից: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ դարձյալ կլինի Արմեն Ռուստամյանը, ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Արթուր Աղաբեկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կտրվի երեք նախարարություն. առողջապահությունը՝ Արտյոմ Քուշկյանին, քաղաքաշինությունը՝ Վարդան Վարդանյանին, բնապահպանության նախարար հավանական է, որ դառնա Արեւիկ Պետրոսյանը: ԲՀԿ-ին կտրվեն նաեւ Կոտայքի եւ Շիրակի մարզերը: Հասկանալի է, որ ԲՀԿ-ին, ինչպես եւ ՀՅԴ-ին ու ՄԱԿ-ին, կտրամադրվեն նաեւ փոխնախարարների պաշտոններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել