Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդով. «Հանդիպումից դեռ չենք հրաժարվում»

Ապրիլ 12,2008 00:00

Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը:

Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «եթե որոշակի հարցեր ծագեն, կամ՝ եթե պահանջվի քննարկումներ անցկացնել որեւէ խնդրի շուրջ», Ադրբեջանի նախագահը, անկասկած, չի հրաժարվի հանդիպումից: «Իլհամ Ալիեւի հետ վերջին հանդիպման ընթացքում համանախագահները համառորեն ասում էին, թե ուժերի ներածը կանեն իրենց հեղինակությունը վերականգնելու համար: Նրանք (համանախագահները) պետք է հաշվի առնեն հանգամանքը, որ իրենց դիրքորոշումը կարող է ազդել Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է Մամեդովը, հավելելով, թե, այդուամենայնիվ, դռները բաց են բանակցությունները շարունակելու համար, «սակայն առայժմ հնարավոր չէ ասել, թե երբ եւ որտեղ հնարավոր կլինի նախագահների հանդիպումը»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու ԼՂ կարգավիճակին առնչվող հնարավոր հանրաքվեի մասին, Մամեդովը հայտարարել է. «Հանրաքվեի անցկացման համար, առաջին հերթին, հարկավոր է ստեղծել պայմաններ: Հարկ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա նախկին ստատուս-քվոյին: Ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ եւ մերձակա 7 շրջաններ: Բնականոն կյանք սկսելու համար անհրաժեշտ է մի քանի տարի: Բացի այդ, սահմանադրության համաձայն, հանրաքվե պետք է անցկացվի Ադրբեջանի ողջ տարածքում: Այլ տարբերակի մեր երկիրը երբեք չի համաձայնի: Այդ հարցում անհնար է ճնշում գործադրել եւ ինչ-որ բանի հասնել»,- պաշտոնական Բաքվի հայտնի դիրքորոշումն է կրկնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչը:

Մեկնաբանելով այն իրողությունը, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի բանաձեւի քվեարկության ժամանակ Ադրբեջանին ամենից շատ աջակցել են իսլամական երկրները, Մամեդովն ասել է, որ Արեւմուտքը պետք է հաշվի առնի իսլամական աշխարհի դիրքորոշումը: Նրա կարծիքով, եթե դա տեղի չունենա, ապա տանուլ կտա հենց Արեւմուտքը: «Իսլամական աշխարի աջակցությունն Ադրբեջանին նորմալ երեւույթ է: Միջազգային հարաբերություններում ճիշտ չէ աշխարհը բաժանել իսլամական եւ քրիստոնեական մասերի: Բոլորի համար կարեւոր պետք է լինի արդարությունը պաշտպանելը»,- եզրափակել է Նովրուզ Մամեդովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել