Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ

Ապրիլ 12,2008 00:00

Քաղաքապետի ընտրությունը մոտենում է

Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել եւ գրանցվել է 7 թեկնածու, ինչը բավականին մեծ թիվ է մոտավորապես 15 000 բնակիչ ունեցող համայնքի համար: Ըստ ՏԸՀ նախագահի տվյալների, վերջին նախագահական ընտրություններին 11 հազար 700 ընտրողից մասնակցել է 7400-ը: Ակնկալվում է, որ գարնանային արտագնա աշխատանքի մեկնածների հաշվին ընտրողների թիվն այս անգամ ավելի փոքր կլինի:

Բացի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վանիկ Ասատրյանից, իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցական Միհրան Սիսակյանը՝ «Մ. Սիսակյան» շինարարական ՍՊԸ տնօրեն, Սերժիկ Թադեւոսյանը, որը չի աշխատում, եւ անկուսակցական Աշոտ Դանիելյանը՝ «Դանիել» շինարարական ՍՊԸ փոխտնօրեն, համայնքի ավագանու անդամ, գազի ներտնային սպասարկման ծառայության պետ Սամվել Գաբրիելյանը, ՀՀԿ անդամ, «ՕՖՄԱ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Սահակյանը, ԲՀԿ-ական անհատ ձեռներեց Արտյոմ Մակարյանը: Այս ընտրությունը հետաքրքիր է նրանով, որ ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ական թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Վանիկ Ասատրյանը եւ Գագիկ Սահակյանը: Իսկ երբ ընտրապայքարի են դուրս գալիս իշխող կուսակցության երկու թեկնածուներ, ըստ դիտորդների, սա հաճախ նշանակում է, որ իշխանությունը փորձում է ձերբազատվել նրանցից մեկից: Տվյալ դեպքում, կարելի է ենթադրել, որ գործող քաղաքապետն է հայտնվել իշխանության թիրախում: Արդեն վեց տարի քաղաքը ղեկավարող Ասատրյանը տարբեր առիթներով՝ հիմնականում բնակչության հետ կապված տարաձայնությունների հետեւանքով, հաճախ է «առնչվել» մարզային դատախազության եւ իրավապահների հետ: Շուտով կլրանա աղետալի երկրաշարժի 20-ամյակը, սակայն բազմաթիվ սպիտակցիներ շարունակում են ապրել տնակներում, ինչը, բնականաբար, չեն կարող «չգնահատել» բնակիչները:

ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանին սատարում է թիվ 29 ընտրատարածքից ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Արկադի Համբարձումյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է, որ երկու ՀՀԿ-ական նույն համայնքում դուրս են եկել ընտրապայքարի, կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Հովիկ Սահակյանը մեկնաբանեց. «Կուսակցությունը որեւէ մեկին չի առաջադրել եւ պաշտոնապես չի սատարում: Այսպես ասած՝ «դաբրոյի» խնդիր մեզ մոտ չկա: Պարզապես, կա ազատ առաջադրվելու եւ ազատ ընտրելու հնարավորություն: Մենք ոչ մեկին կոչ չենք անում ընտրել մեր կուսակցական թեկնածուներից որեւէ մեկին: Թող բնակիչները կատարեն ազատ եւ դեմոկրատական ընտրություն, թող մարդիկ ունենան ընտրության լայն հնարավորություն եւ իրենց ձայնը տան՝ ում ուզում են: Իսկ թեկնածուների այսքան մեծ թիվը պետք է խորհելու տեղիք տա գործող քաղաքապետին: Եթե արդեն այնքան է իջել այն սանդղակը, որ յուրաքանչյուրը իրեն քաղաքապետ է պատկերացնում, դրա շուրջ պետք է խորհել»:

Թեկնածուներից Սերժիկ Թադեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Իմ թեկնածությունն առաջադրելուն դրդել են որոշ խնդիրներ, որոնք կարելի է այլ կերպ եւ արագ լուծել՝ հիմնականում արտագաղթի խնդիրը: Իսկ արտագաղթի պատճառը քաղաքում տիրող իրավիճակն է, կադրային հարցերը, աշխատատեղերի պակասը: 2000թ. Սպիտակի բնակչության թիվը եղել է 21.700, 2003-ին դարձել է 18.000, այսօր մոտ 15.000 է: Արտագաղթածների մեջ իմ ընտանիքի անդամներն ու հարազատներն են: Որպեսզի այս տենդենցը չշարունակվի, քաղաքում շատ հարցեր պետք է լուծվեն»:

Համայնքապետի թեկնածու Աշոտ Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ուզում եմ, որ ընտրություններն անցնեն արդար, ազատ ու թափանցիկ, որպեսզի ընտրություններից հետո մենք չամաչենք իրար երեսի նայելիս: Ի վերջո, մայիսի 4-ից հետո կա մայիսի 5, մայիսի 6… Պետք է այնպես անենք, որ ժողովուրդը ընտրի իր քաղաքի ղեկավարին եւ որպեսզի չօգտագործվեն որեւէ լծակներ ու միջոցներ»: Միհրան Սահակյանը ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելու առնչությամբ ասաց. «Եթե լիներ երկու թեկնածու, դժվար թե ընտրությունը լիներ ազատ ու արդար: Սակայն 7 թեկնածուի պարագայում հսկողությունը ուժեղ կլինի եւ հազիվ թե հնարավոր լինի խախտումներ անել: Սպիտակցին արդեն ամեն ինչ տեսել եւ հասկանում է, եւ նա կկատարի գիտակցված ընտրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել