Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողները պահանջում են ազատել իրենց ընտրյալներին

Մայիս 20,2008 00:00

\"\"Երեկ խորհրդարանի մոտ էին հավաքվել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ընտրողների ներկայացուցիչները:

Մարդիկ բերել էին յուրաքանչյուր պատգամավորի ընտրատարածքի ընտրողների ստորագրություններով դիմումներ, որոնցով պահանջում են ազատ արձակել իրենց ընտրյալներին, որպեսզի նրանք կարողանան կատարել ընտրողներին տված խոստումները: Դիմումները հաստափոր տրցակներ էին, որոնցից յուրաքանչյուրում 10-11 հազարական ստորագրություններով նամակներ էին: ԱԺ նախագահին հասցեագրված նամակում նշված է. «Փետրվարի 19-ից հետո ՀՀ-ում ստեղծված բռնության եւ անհանդուրժողականության մթնոլորտն անջրպետ է առաջացրել ժողովրդի եւ իշխանության միջեւ: Հակաօրինական տարբեր պատճառաբանություններով հարյուրավոր ձերբակալությունները, բռնությունները, մարդու իրավունքների անսանձ ոտնահարումները ի վերջո հայտնվեցին եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում։ ԵԽԽՎ քննարկման խնդիր դարձավ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների վիճակը»:

Խորհրդարանի մոտ հավաքվածներին հանդիպեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս «Առավոտին» տեղեկացրեց, որ այս մասին հայտարարություն կանեն խորհրդարանում, կդիմեն գլխավոր դատախազին. «Դիմում կհղենք դատախազին առ այն, որ մենք՝ ներկա պատգամավորներս, հանդիսանում ենք կալանավորված մեր գործընկերների երաշխավորը եւ պատրաստ ենք դեպոզիտ հաշվին գումար փոխանցել, խնդրելով, որ փոխվի նրանց խափանման միջոցը: Կա նաեւ ընտրողների ստորագրություններով նամակ, որով նրանք պահանջում են, որ իրենց պատգամավորներին ազատ արձակեն: Դրանից հետո դատախազությունը պարտավոր է ընդունել որոշում եւ պատասխանել այս դիմումներին: Մենք կգնանք իրավական ճանապարհով եւ կսպասենք պատասխանին»:

«Ինքս Խաչատուր Սուքիասյանի ընտրողն եմ եւ գտնում եմ, որ իմ՝ ընտրողիս իրավունքները ոտնահարված են, քանի որ պատգամավորը, որին լիազորել եմ իրավունքներիս մի մասը, փաստորեն չի կարողանում կատարել իր ընտրողին տված նախընտրական խոստումները: Ես պահանջում եմ ազատ արձակել իմ պատգամավորին»,-ասաց ներկաներից մեկը: Դիմումատուների հետ խորհրդարանի մոտ էր եկել նաեւ արցախյան պատերազմի հերոս Արշավիր Բոզինյանը, ով մեզ ասաց. «Այս շենքում հիմա գտնվողների գոնե 2%-ը ժողովրդի ընտրյալն է, մնացածը կեղծարար են, բայց եթե իրենց ժողովրդի ընտրյալ են համարում, պիտի ժողովրդի պահանջը կատարեն: Եթե այս պահանջն էլ արհամարհեցին, մենք հետագա քայլերի մասին կմտածենք»:

 Հ. Գ. ԱԺ մուտքերից ոչ մեկում չկա ճանապարհ՝ հաշմանդամների սայլակների համար: Պատերազմի հաշմանդամ Ա. Բոզինյանի սայլակը ներս մտցնելու համար մարդիկ բավական չարչարվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել