Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՆԳՍՏԱՆԱ՛ՆՔ ՄԻԱՍԻՆ

Մայիս 28,2008 00:00

\"\"Կարծում են հայաստանյան մշակութային օջախների ղեկավարները

Այսօր պետական քաղաքականության հիմքում դրված է Հայաստանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու հայեցադրույթը, ինչի իրագործումն անհնար է՝ առանց զբոսաշրջային ինդուստրիայի հետ համագործակցության: Ամառը զբոսաշրջության լավագույն սեզոնն է, մինչդեռ նախկին խորհրդային մոդելով մեզ մոտ թատրոնների եւ երաժշտական կոլեկտիվների համար հուլիսի վերջից օգոստոսի վերջը արձակուրդի շրջան է: Այնինչ, օրինակ, Ռուսաստանը վերջին տարիներին մշակել է մշակութային օջախների հերթափոխային աշխատանքի սկզբունքը, ինչի շնորհիվ թատերասերները երբեք չեն հայտնվում փակ դռների առջեւ:

«Առավոտն» այս թեմայով զրուցեց որոշ հայաստանյան մշակութային օջախների ղեկավարների հետ:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ. Բաբայան.- Աշխարհում գոյություն ունեն տուրիզմի տարբեր տեսակներ՝ կրոնական, էքստրեմալ, պատմամշակութային եւ այլն: Չեմ կարծում, թե զբոսաշրջիկները հենց Երեւանում են հանգստանում: Նրանք գերադասում են Դիլիջանը, Սեւանը, Հանքավանը եւ այլն: Կոնկրետ Տիկնիկային թատրոնը, որը համագործակցում է դպրոցների հետ, հարմար է, որ հանգստանա հուլիս կամ օգոստոս ամիսներին: Բայց դա չի նշանակում, որ մայրաքաղաքում պետք է մեռնի մշակութային կյանքը: Անհրաժեշտ են բացօթյա ցուցահանդեսներն ու ներկայացումները: Երկրորդ տարին է, ինչ նախարարությունը մշակել է մարզային ծրագրեր, որի շրջանակներում անցյալ ամռանը մենք եղանք Վայքում, Տավուշում, այս տարի կմեկնենք Մեղրի, Գորիս ու Կապան:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան.- Ճիշտն ասած, ես մտածել եմ այդ ուղղությամբ եւ հանգել եզրակացության, որ սա այն դեպքն է, երբ կոնկրետ թատրոնների հետ պետք է աշխատեն տուրիստական կազմակերպությունները, քաղաքապետարանն ու թաղապետարանները: Մարզպետներն էլ չպետք է մի կողմ քաշվեն, այլ հարց տան իրենց՝ արդյոք պե՞տք է թատրոն: Բացի Գյումրիի եւ Վանաձորի թատրոններից, միջշրջանային թատրոնները «լավ են զգում» իրենց, ընտանիքներով աշխատում են նույն վայրում ու թատրոն-թատրոն խաղում, այնինչ՝ պետք է թարմ կադրեր գործուղվեն շրջաններ, ապահովվեն նրանց կեցության եւ այլ հարցեր, ինչով վերջ կտրվի թատրոնում «ընտանեկան բիզնեսին» եւ կբարձրանա մարզային թատրոնների մակարդակը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյան.- Ֆիլհարմոնիկ նվագախումբը ողջ տարին յուրաքանչյուր ուրբաթ, չհաշված այլ միջոցառումները, ունենում է համերգ: 11 ամիս աշխատելուց հետո նվագախմբի արտիստները պետք է հանգստանան: Մենք աշխատում ենք նաեւ հունվար-փետրվար ամիսներին, բայց եթե մշակվի ծրագիր, որ ասենք, օգոստոսին Ֆիլհարմոնիկը պետք է մեկնի որեւէ մարզ համերգների՝ պատրաստ ենք: Թեեւ այսօր ոչ բոլոր մարզերում կա այնպիսի դահլիճ, որի բեմում տեղավորվի Ֆիլհարմոնիկի 100 երաժիշտ: Ի դեպ, մեծ սիրով հենց օգոստոսին կմեկնեինք Արցախ՝ համապատասխան պայմանների ու միջոցների առկայության դեպքում:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան.- Առհասարակ, ամառը արեւմուտքի թատերական օջախների համար հյուրախաղերի շրջան է: Համամիտ եմ, որ, որոշ բացառությամբ, արձակուրդ կոչվածը չպետք է անդրադառնա մշակութային օջախի, հետեւաբար՝ մշակութային կյանքի վրա: Այս տարի առաջին անգամ Ծաղկաձորում, օգոստոսի 10-15-ը, կանցկացվի մնջախաղի միջազգային փառատոն: Ինձ ուրախացրեց, որ հայտարարությունը լսելուն պես՝ մեզ հետ կապվեցին տուրիստական կազմակերպությունների ղեկավարները: Այս տարի մեր թատրոնն իր հասանելիք արձակուրդը կօգտագործի Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի թատերասերներին ներկայանալով:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյան.- Այս տարի մշակույթի նախարարությունը կանոնակարգել է այդ հարցերը, ինչը երբեք չէր եղել: Մեր դեպքում՝ նվագախումբը արդեն հուլիսի երկրորդ կեսից կմեկնի Սյունիքի եւ Լոռվա մարզեր, համերգներով հանդես գալով Մեղրիում, Կապանում, Գորիսում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում: Սա ճիշտ մոտեցում է, քանի որ երաժիշտը մշտապես ոչ միայն «ֆորմի մեջ է մնում», այլեւ չի կտրվում հանդիսատեսի հետ կապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել