Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահին չեմ գրել»

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"Երեկ հայտարարեց մեծանուն ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան

Երեկ կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի մամուլի ասուլիսը:

Մեծանուն բեմադրիչը 20-րդ դարի համաշխարհային ռեժիսուրայի խոշորագույն դեմքերից է, ում անունը գրվում է Ջ. Սթրելերի եւ Պ. Բրուքի անունների կողքին: Նա հատկապես նշանավոր դարձավ Շեքսպիրի եւ Բրեխտի պիեսների իր բեմադրություններով: Հին է ռեժիսորի բարեկամությունը հայ թատրոնի եւ հայ թատերական գործիչների հետ. Վարդան Աճեմյան, Սերգեյ Փարաջանով, Արուս Ասրյան եւ այլ երեւելիներ կամուրջ եղան Ստուրուայի եւ հայ թատրոնի միջեւ:

Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը Ռ. Ստուրուային:

– Ստեղծագործական ու բարեկամական կապեր եք ունեցել հայ արվեստի մեծերից Փարաջանովի, Աճեմյանի հետ, որոնք իրենց ժամանակին անդրադարձել են Սայաթ-Նովային: Արդեն համաձայնել եք Երեւանում բեմադրել Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը 1960-ականներին եւ միակ անգամ իրականացրել է Աճեմյանը: Դա կարելի՞ է ընկալել իբրեւ կոլեգիալ մրցակցություն հիշյալ բեմադրիչների հետ:

– Փարաջանովից լավ չեմ բեմադրի, իսկ Աճեմյանի աշխատանքը չեմ տեսել: Մի բան միայն հաստատ կարող եմ ասել, որ հայկական մշակույթը ինձ ձգել է դեռ մանկուց: Ծնվել ու մեծացել եմ ճարտարապետական արժեք ներկայացնող մի տանը, որտեղ ոչ միայն հայեր էին բնակվում, այլեւ հեղինակն էլ էր հայ: Տարիների ընթացքում ոչ միայն պարզապես հետեւել եմ հայ թատրոնի ընթացքին, այլեւ ձեռք եմ բերել հիանալի ընկերներ ու համախոհներ: Թատերական ոլորտը շատ բարդ է, օրինակ, ես ծնվածս օրվանից լսում եմ՝ իբր թատրոնը մեռնում է, ինչն այդպես չէ: Այո, ինչ-որ ժամանակ այն պետք է բարձրանա, ինչ-որ ժամանակ էլ՝ իջնի: Եթե ուզում եք իմանալ, հայերիդ թատրոնը կարող եմ որակել մեկ բառով՝ իմաստուն, ինչը չեմ կարող ասել մեր թատրոնի մասին: Եթե մեկ բառով, ապա կօգտագործեմ էքստրավագանտ բառը: Սիրահարված եմ ընդհանրապես բոլոր ազգերի հանդիսատեսին: Ճիշտ է, մեր օրերում մարդիկ կառչած են հեռուստասերիալներին, ինչ-որ տեղ պետությունն է աչքաթող անում թատրոնը, օրինակ՝ չտրամադրելով ֆինանսներ, ինչ-որ տեղ էլ մերօրյա պետական այրերն իրենց շուրջը համախմբել են չգիտես որտեղից հայտնված եւ երիտասարդ տարիքում արդեն աստղ դարձած այդքան երգիչ-երգչուհիների: Բայց թատրոն սիրող մարդն ուրիշ է, նա եղել է ու կլինի միշտ:

– Ըստ մեզ հասած տեղեկության, մտահոգ լինելով մեր Մայր թատրոնի ճակատագրով, ձեր ստորագրությամբ նամակ եք հղել ՀՀ նախագահին, թե սատարում եք Վահե Շահվերդյանին:

– Հայտարարում եմ՝ ես Սերժ Սարգսյանին նամակ չեմ հղել եւ, բնականաբար, չէի կարող չգրածիս տակ ստորագրություն դնել: Ինչ կատարվում է ձեր մշակութային օջախներում, դա միայն ու միայն ձեր ներքին խնդիրն է: Ուրիշ բան է, որ ես կարող եմ համակրել, ընդունել կամ չընդունել այս կամ այն ռեժիսորին ու դերասանին: Երիտասարդ տարիքում ընդամենը մեկ անգամ եմ ստորագրել նամակի տակ, որից հետո երդվել եմ այլեւս նման… չանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել