Լրահոս
Օրվա լրահոսը

Կնունքներին ու ծնունդներին չէր հրավիրում

Սեպտեմբեր 23,2008 00:00

Բացի այդ՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նաեւ չէր միջամտում, որ պատգամավորների մեքենաները դուրս բերվեն տուգանային հրապարակից:

Երեկ «Հայացք» ակումբում ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նշեց, թե այդպես էլ չպարզվեցին այն հիմնավորումները, որոնցով ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում աննպատակահարմար համարեց Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ մի՞թե չի ընթերցել ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանի ներկայացրած հիմնավորումները «Հայք» օրաթերթում, որտեղ ասել էր. «Շարքային պատգամավոր եմ եղել ու երբեք նրա՝ որպես ԱԺ նախագահի, շունչը չեմ զգացել: Կնունք է եղել, ծնունդ է եղել, մի անգամ չհրավիրեց: ԱԺ պատգամավորների հետ դեպքեր եղան, մի անգամ չմիջամտեց, ոչ մի բան չարեց»: Իսկ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ Աշոտ Աղաբաբյանը նշել էր. «Չի եղել մի դեպք, երբ որեւէ պատգամավոր դիմի նրան ու բարձրացված խնդրին օրենքի սահմաններում չընդառաջի»:

Հարցին ի պատասխան՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Իմիջիայլոց, հանրապետականներից շատերն են դրանից դժգոհ: Այսպիսի բան պատմեցին. ինչ-որ մեկի մեքենան տարել են տուգանային հրապարակ, պատգամավորը զանգել է՝ ասել, որ միջամտի, իսկ Տիգրան Թորոսյանը հարցրել է՝ ասա, տեսնեմ՝ ի՞նչ օրինախախտում ես արել, որ տարել են: Ի՜, պատասխանել է՝ ես քեզ զանգել եմ, որ դու իմ մեքենան հանե՞ս տուգանային հրապարակից, թե՞ ԳԱԻ-շնիկի նման պատմեմ քեզ, թե ինչ եմ արել»: Այլ մանրամասներ հավելեց. «Իրենք դժգոհ են, որ որոշները ինչ-որ արտոնյալ բաներ չեն ունեցել: Թվում է, թե ինչքա՜ն լավ է. մենք՝ ընդդիմությունս, պիտի ասենք, որ էս ի՜նչ օրինապահ ԱԺ նախագահ ենք ունեցել՝ տեղյակ չենք եղել: Բայց այդ դժգոհություններն այս են, որ դահլիճը կողպեքով փակել է՝ չի թողնում՝ մտնենք: Մենք չգիտեինք էլ, որ ԱԺ-ում սպորտդահլիճ կա. իրենցից լսեցինք: Այսպիսի բաներ: Մենք էլ ենք զգում, որ ԱԺ նախագահը շահագրգիռ չէր ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու: Իսկ արդյունավետ աշխատանքի համար պահանջվում է, որ մեր գրադարանում լինեն բոլո՛ր թերթերը (նշենք, որ ԱԺ գրադարանը չի ստանում «Հայք», «Տարեգիր», «ՉԻ» եւ «Հրապարակ» թերթերը.- Ա. Ի.): Պահանջվում էր, որ խմբակցության փորձագետները գոնե 2-ը լինեին, այլ ոչ մեկը՝ ինչպես այժմ, որ մեր օգնականները վճարվեն, այլ ոչ թե աշխատեն հասարակական կարգով եւ այլն»:

Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը տեղիք չի տա ՀՀԿ-ականների նման դժգոհությունների. «Կնունք, ծնունդ կանեն, իրար հետ ավելի կախպերանան: Իսկ մեր նշած խնդիրների տեսանկյունից՝ ոչ մի ակնկալիք չունենք»: Հայտնեց նաեւ, որ «Ժառանգությունը» քննություն է կազմակերպելու նրա համար՝ պարզելու, թե արդյոք գիտի՞ ԱԺ կանոնակարգը:

Անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի վերջին հաշվետվությանը՝ 3 ոլորտներում գումարների չարաշահման մասին. «Պարզվեց, որ միայն այդ 3 բնագավառներում բյուջեի 1/3-ից ավելին յուրացվում է»: Անահիտ Բախշյանը նշեց. «Հաշվետվությունը փաստեց, որ բյուջեի գումարները գողանում են կոալիցիոն ուժերի՝ նախարարություններում աշխատող ներկայացուցիչները։ Այդ մասշտաբի գողությունը միայն կոալիցիայի շնորհիվ է լինում»: Եվ այս հաշվետվությունից հետո նա երկու եզրակացություն է արել. «Կա՛մ գործող նախագահն իսկապես ուզում է ցույց տալ, թե պատրաստվում է ազատվել այն բոլոր պաշտոնյաներից, ովքեր նստած գողանում են (սա ակնհայտ է՝ ՎՊ-ն ինքը հայտարարեց, որ մեր պաշտոնյաների մեջ կան գողեր՝ մեծ, շա՜տ մեծ ախորժակով), կա՛մ ընդամենը վերաբաշխում է գնում՝ այս մի գողից պիտի վերցնեն՝ մյուս գողին տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել