Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել:

Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, որտեղ սպասարկման որակից ու մատուցվող ծառայությունների գներից կարելի է մասամբ պատկերացում կազմել տվյալ երկրի «դեմքի» մասին: Թեեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը վերջին տարիներին բավականին բարեկարգվել է, սակայն, տուրիստների հավաստմամբ, սպասարկման որակով այն կարելի է համեմատել միայն աֆրիկյան հետամնաց երկրների կամ, լավագույն դեպքում, Վիետնամի հետ: Օդանավակայանում վայրէջք կատարած արտասահմանցին երբեմն ստիպված է լինում այնտեղ անցկացնել ավելի շատ ժամանակ, քան տեւել է թռիչքը: Վայրէջք կատարելուց հետո մեր երկիր մուտքի թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է վճարի 15 հազար դրամ, ու քանի որ, բնականաբար, անգլիացին կամ, ասենք, ամերիկացին չի կարող իր երկրից դրամ բերել, հետեւաբար նրանք պետք է հերթ կանգնեն՝ դոլարը կամ եվրոն դրամով փոխանակելու համար: Ապա պետք է անցնել, այսպես ասած, «երկրորդ գծով», որտեղ օտարերկրացու անձնագրում դրվում է մուտքի արտոնագիրը կամ այլ կերպ ասած՝ վիզան, որից հետո պետք է «հաղթահարել» նաեւ երրորդ գիծը՝ վիզայի վրա համապատասխան կնիք ունենալու համար: Ընդ որում, օտարերկրացիների հավաստմամբ, յուրաքանչյուր գծով անցնելիս պահանջվում է նվազագույնը 30-40 րոպե:

Մեծ Բրիտանիայի «First Freedom Productions» կազմակերպության գործադիր տնօրեն Գրեհեմ Էդդիքոթը եւ «Irving International Limited» ընկերության գործադիր տնօրեն Քիֆ Հեյզը, որ օրերս գործնական այցով ժամանել էին Հայաստան, խիստ զարմացել էին, որ իրենք օդանավակայանում ավելի քան 1 ժամ ստիպված են եղել կորցնել միայն փաստաթղթային ձեւակերպումների համար: «Առավոտի» հետ զրույցում Գ. Էդդիքոթը նշեց, որ մուտքի վիզա ստանալու համար «Զվարթնոցի» ընթացակարգերը խիստ բարդացված են եւ լրացուցիչ անհարմարություններ են ստեղծում տուրիստների համար: Նրա խոսքերով. «Սկզբից պետք է ժամերով սպասես հայկական դրամ ստանալու համար, հետո պիտի հերթ կանգնես վիզա ստանալու համար, ապա պետք է երրորդ տեղում հերթ կանգնես, որպեսզի վիզայի վրա կնիք դնեն: Ես գործով եմ եկել եւ ստիպված եմ այդ ամենը հանդուրժել, սակայն եթե տուրիստը մի անգամ գա Հայաստան եւ տեսնի այդ վիճակը, հաջորդ անգամ հաստատ ուրիշ երկիր կընտրի»: Ըստ Գ. Էդդիքոթի, բոլոր այն երկրները, որոնց կառավարությունը մտածում է իր երկիր ժամանող օտարերկրացիների գործը հնարավորինս հեշտացնելու մասին, բոլորովին այլ գործելաոճ ունի. «Հայաստանից անհամեմատ վատ է վիճակը Ռուսաստանում, ավելի վատ է նաեւ Հնդկաստանում եւ աֆրիկյան որոշ երկրներում: 3 շաբաթ առաջ Վիետնամում էի, այնտեղ էլ նույն 3 հերթով սիստեմն է գործում: Սակայն, ասենք, Մալայզիայում վիճակն այլ է, այս պետությունն ուզում է, որ բիզնեսը տեղ ունենա իր երկրում, դրա համար էլ չափազանց հեշտացրել է մուտքն իր երկիր»: Նշենք, որ տասնյակ օտարերկրացիներ դժգոհում են նաեւ, որ նախկին $30-ի փոխարեն ստիպված են օդանավակայանում մուտքի արտոնագրի համար վճարել 15 հազար դրամ:

Քանի որ մեր երկրի ավիացիայի ոլորտի վերահսկողությունն իրականացնում է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, դիմեցինք նրանց: Վարչության մամուլի խոսնակ Գայանե Դավթյանն «Առավոտին» պարզաբանեց. «Հնարավոր է, որ 1 գիշերվա ընթացքում օդանավակայանում մինչեւ 5-6 ինքնաթիռ վայրէջք կատարեն եւ հարկ լինի միանգամից հարյուրավոր ուղեւորների սպասարկել: Այս պարագայում, բնականաբար, ծանրաբեռնվածություն կառաջանա եւ հերթերը կլինեն անխուսափելի: Չնայած սա սեզոնային բնույթ է կրում, բայց մենք հետեւողական ենք եւ պատրաստվում ենք ավելացնել վիզաների սպասարկման կետերը: «Զվարթնոցը» գերծանրաբեռնված աշխատել է նաեւ Վրաստանի դեպքերի ժամանակ եւ շատ չարտերային չվերթներ է իրականացրել: Հնարավոր է, որ այդ ժամանակ անհարմարություններ կրած լինեն նաեւ այդ դեպքերի հետ առնչություն չունեցող եվրոպացի ուղեւորները: Իսկ, ընդհանրապես, եթե որեւէ ուղեւոր անհատական դժգոհություն ունի, ապա մեր վարչությունը պատրաստ է փոքր հետաքննություն անցկացնել դժգոհության պատճառները պարզելու համար»:

Օդանավակայանի սպասարկման որակի շուրջ զրուցեցինք նաեւ «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» նախագահ Ռոբերտ Մինասյանի հետ, որի կարծիքով, թեպետ դրական տեղաշարժերին, «Զվարթնոցում» անելիքները դեռեւս շատ են. «Չնայած իրենք ասում են, որ ամեն ինչը լավ է, բայց բացեր շատ կան: Օրինակ, աշխարհում ընդունված բան է, օդանավակայանում որոշ գումար ես վճարում եւ բեռները տեղափոխելու համար սայլակ ես վերցնում, ապա այն հասցնում ես այնտեղ, որտեղ քեզ պետք է, սայլակը նորից կանգնեցնում ես սահմանված տեղում եւ գումարը ետ ես ստանում: Իսկ մեզ մոտ պետք է 400 դրամ վճարես, որ դու քո բեռները տանես, իսկ եթե դա ուրիշն է անում, ուրեմն պետք է նրան վճարես 2500 դրամ: Օդանավակայանը այնքան շահույթ է ստանում, որ իմաստ չունի այս կոպեկներով լրացուցիչ եկամուտ ապահովել: Մասնավոր կառույց է, ինչ գներ ուզում՝ այն էլ սահմանում են, իսկ պետության դերը ո՞րն է»: Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրի համար վճարվող գումարին, ապա պարոն Մինասյանն ասաց. «$30-ը սարքեցին 15 հազար դրամ: Փաստորեն՝ մեխանիկորեն բարձրացրին գինը: Բայց դե մյուս խնդիրն էլ կա այստեղ, ասենք պետությունը հայտարարում է, որ դոլարի կուրսը սա է, բայց օդանավակայանում, բնականաբար, այդ կուրսը չէ: Այդտեղի փոխանակման կետն էլ է մասնավոր, ով ինչ ուզում՝ այն էլ անում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930