Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախին գովազդն է պակասում

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Որպեսզի Ղարաբաղը ներդրողների համար գրավիչ դարձնեն, պետք է երկիրը արտերկրում պատշաճ ներկայացնել:

ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Ավագյանը չի բացառում, որ Արցախը կարող է էլեկտրաէներգիա արտահանող պետություն դառնալ: Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում կկառուցվի շուրջ 15 հիդրոկայան: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներդրողներ արդեն կան՝ միայն մնում է այդ ծրագիրը կյանքի կոչել: Փոխնախարարը վստահեցնում է, որ Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է:

«Մեր տնտեսության զարգացման խոչընդոտները հիմնականում վարչական բնույթի են: Գործարարներին ավելի շատ եվրոստանդարտներն են հետաքրքրում, որ իր գործողություններն անի կարճ ժամանակահատվածում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմեն Ավագյանը: Փոխնախարարի տվյալներով, 2007-ին Արցախի համախառն ներքին արդյունքը կազմել է 70 միլիարդ դրամ, այսինքն՝ Ղարաբաղում մեկ շնչին բաժին է հասնում տարեկան $1500: Նրա խոսքերով՝ ԼՂՀ կառավարությունը նպատակ է դրել առաջիկա 4-5 տարիների ընթացքում մեկ շնչին բաժին հասնող գումարի չափը հասցնել $4000-ի, իսկ երկիրը դասել միջին զարգացող պետությունների շարքում:

Նախորդ տարվա համեմատությամբ, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 9%-ով, համախառն ներքին արդյունքն էլ՝ 8,1%-ով:

Արցախի տնտեսության համար պատասխանատուները համոզված են, որ իրենց բյուջեի համար շահավետ է գյուղմթերքների վերամշակումը: Այդ առիթով օրերս Արցախի Ասկերանի տարածաշրջանում գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություն է բացվել։ Ղարաբաղի ներդրումային քաղաքականության հայեցակարգի մեջ տեղ է գտել նաեւ բնական ռեսուրսների շահագործման եւ տեղեկատվության տարածման մասին կետը:

Ա. Ավագյանը վստահեցնում է, որ Արցախում բնական ռեսուրսներ շատ կան, որոնք պետք է արդյունահանվեն եւ վերամշակվեն։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընդերքում կան քարածխի, երկաթի, քրոմի, պղնձի, կապարի, ցինկի, մոլիբդենի, սնդիկի եւ այլ օգտակար հանածոների հարուստ պաշարներ:

«Մեր երկրի մասին տեղեկատվության պակաս կա, ամեն ինչ անելու ենք, որ այս ամենի մասին տեղեկացվեն դրսի գործարարները եւ այստեղ ներդրումներ անելու ցանկություն ունենան»,- ասաց Ա. Ավագյանը։ Ղարաբաղում այս տարի գերակա է համարվել նաեւ զբոսաշրջությունը։ Մինչ այժմ այս ոլորտի պատասխանատուն Արցախի տնտեսական զարգացման նախարարությունն էր, սակայն մոտ մեկ ամիս առաջ դարձել է Զբոսաշրջության պետական գործակալությունը, որը գործում է կառավարությանն առընթեր:

«Առաջիկայում պետք է մշակվի զբոսաշրջության զարգացման հեռահար ծրագիր: Շեշտը դրվելու է գյուղական տուրիզմի զարգացման վրա: Գյուղերում կհիմնվեն հյուրանոցներ: Այդ ոլորտի համար բոլոր առանձնահատկությունները մեր գյուղերն ունեն, օրինակ՝ հին ոճով կառուցված տները հաստատ զբոսաշրջիկներին կհետաքրքրեն, օդն ու գյուղմթերքը էկոլոգիապես մաքուր են»,- ասաց պարոն Ավագյանը: Նրա խոսքերով Ղարաբաղը տուրիստներին այնքան էլ հայտնի չէ, այդ պատճառով Արցախ քիչ են գալիս, իսկ այցելողներն էլ հիմնականում սփյուռքահայեր են:

Փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու ուղղությամբ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, առեւտրային բանկերը բավականին լավ պայմաններով վարկեր են տրամադրում: Բիզնեսմեններին խրախուսելու եւ աջակցելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամն իր վրա է վերցնում վարկի վճարվող տոկոսադրույքի մինչեւ 8%-ը, փոխնախարարի ներկայացմամբ՝ «որպեսզի նոր բիզնես սկսողը կարողանա ոտքի կանգնել»:

Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Արցախի Հանրապետությունում առաջին կիսամյակում սպառողական ինդեքսը կազմում է 105,2%, այդ թվում պարենային ապրանքներինը՝ 105,1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 106,3%, իսկ ծառայությունների սակագներինը՝ 104,8%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930