Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փետրվար 14,2009 00:00

Կազմը որոշված է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին նախապատրաստվում է փետրվարի 20-21-ին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ, ի տարբերություն այլ մարզաձեւերի, ասենք, բռնցքամարտի, պայքարն ընթանում է թիմային հաշվարկում:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն կողմնորոշվել է, թե ովքեր են մեկնելու մրցավայր: Երեկ նա մեզ ներկայացրեց հավաքականի կազմը: Նրանք են. Շավիղ Գեւորգյան՝ 55 կգ քաշային կարգ, Արտակ Հարությունյան՝ 60, Սասուն Ղամբարյան եւ Խոսրով Մելիքյան (երկուսն էլ՝ 66 կգ), Արսեն Ջուլֆալակյան՝ 74, Արթուր Շահինյան՝ 84, Արման Գեղամյան՝ 96, օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւ:

Մեր հավաքականը Ֆրանսիա մեկնելու է փետրվարի 18-ին:

Կարող էին ավելի լավ մասնակցել

Ֆրանսիայի Վալ դ՝ Իզեր քաղաքում շարունակվող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք լեռնադահուկորդները մեկնարկն սկսեցին հսկա ոլորավայրէջքում:

Նրանցից համեմատաբար հաջող հանդես եկավ Աբրահամ Սարկախյանը, որը 95 մասնակիցների մեջ գրավեց 46-րդ տեղը, իսկ նրա թիմակից Յուրա Մանուկյանը բավարարվեց 53-րդ հորիզոնականով: Ցավոք, առաջին շրջանի ավարտից հետո մեր երրորդ ներկայացուցիչը՝ Արսեն Ներսիսյանը, չի շարունակել պայքարը: Դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանի գնահատմամբ, Աբրահամը եւ Յուրան կարող էին ավելի հաջող մասնակցություն ունենալ: Նրանք հանդես եկան իրենց իրական հնարավորություններից ցածր: Բայց մասնակցությունն ընդհանուր առմամբ բավարար կարելի է գնահատել:

Այսօր մեր լեռնադահուկորդները հանդես են գալու հատուկ ոլորավայրէջքում:

Գոհ են Ծաղկաձորից

\"\"Այս օրերին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան գերծանրաբեռնված է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների տարբեր մարզաձեւերի ազգային հավաքականներով: Նրանք վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում կարեւորագույն պաշտոնական մրցումներին նախապատրաստվելով: Մասնավորապես, դահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը պատրաստվում է հենց Ծաղկաձորից մեկնել Չեխիա եւ մասնակցել աշխարհի առաջնությանը: Փետրվարի 11-ին նրանց է այցելել այդ երկրի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Լոգինովը: Նա թիմի հետ անցկացրել է երեք օր՝ այդ ընթացքում անձամբ ծանոթանալով տրամադրված բնակության, մարզումային պայմաններին: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանի հավաստմամբ, Լոգինովը գոհ է մնացել ստեղծված պայմաններից:

Հայաստանում գտնվելու օրերին նա նաեւ գործնական հանդիպումներ է ունեցել մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարների եւ պատասխանատուների հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերահաստատված երբեմնի համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու հարցում: Մասնավորապես, կողմերը փոխշահավետ են համարել մինչեւ Սոչիի օլիմպիական խաղերը՝ ազգային հավաքականների մակարդակով պարբերաբար համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, որի համար, սկսած վաղվանից, մասնագետները պետք է հաճախակի հանդիպեն եւ ծրագրեր մշակեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել