Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 03,2009 00:00

Երկու մրցանակային տեղ

Լեհաստանում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնությունում, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ, առավել հաջող են հանդես եկել մեր մինչեւ 60 կգ քաշայինները: Հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Հովհաննես Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Սրապյանը՝ հինգերորդ տեղը:

Երկրորդ շրջանը հաջող է սկսել

Լինարեսում անցկացվող շախմատի գերմրցաշարի մասնակից ութ ուժեղագույն գրոսմայստերները շարունակում են պայքարը:

Լեւոն Արոնյանը, որ առաջին շրջանի վերջնամասում անհաջող հանդես եկավ, երկրորդում փորձում է ետ վերադարձնել կորցրածը: Ութերորդ տուրում նա սեւերով պարտության է մատնել նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ հաջորդ օրը միավորը բաժանել է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որի նկատմամբ առաջին շրջանում հաղթանակ էր տարել:

Երեկ կայացած 10-րդ տուրից առաջ, որում հանդիպում էին Ռաջաբով-Արոնյան, Գրիշչուկ-Իվանչուկ, Անանդ-Դոմինգես եւ Կարլսեն-Վան Յուե զույգերը, մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորված էին հետեւյալ հաջորդականությամբ:

1. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 6,0 միավոր

2. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,0

3. Լեւոն Արոնյան (Հայաստան) 5,0

4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 5,0

5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 4,5

6. Լեյնյեր Դոմինգես (Կուբա) 3,5

7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 3,5

8. Վան Յուե (Չինաստան) 3,5

Երեկ ուշ գիշեր

Երեկ ուշ գիշերՌվ Գրիշչուկը եւ Իվանչուկը 41-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքիի: Ավելի արագ՝ 35-րդ քայլին, ավարտվեց նաեւ Անանդ-Դոմինգես հակամարտությունը, որում նույնպես կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Ցավոք, Լեւոն Արոնյանը Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում, չնայած համառ դիմադրությանը, 56-րդ քայլում ստիպված եղավ կանգնեցնել ժամացույցը եւ իրեն պարտված ճանաչել: Իսկ ահա Կարլսենը եւ Վան Յուեն արդեն կատարել էին 64 քայլ: Սեւ խաղաքարերով հանդես եկող չինացին Մագնուսի երկու նավակների դիմաց ուներ թագուհի: Եվ դա նրան հաջողություն բերեց 64-րդ քայլում:

Վերադարձավ չորրորդ տեղով

Կապանի «Գանձասարը» Թուքմենիայում անցկացված այդ երկրի նախագահի գավաթի խաղարկության ավանդական մրցաշարը եզրափակեց չորրորդ հորիզոնականում՝ երրորդ տեղի համար պայքարում 1:2 հաշվով պարտվելով տեղի «Աշգաբադին»: Իսկ հաղթող դարձավ ՄՏՏՈՒ-ն, որը վճռորոշ խաղում առավելության հասավ Լատվիայի «Սկոնտոյի» նկատմամբ:

Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել