Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը «քցվելու» է, որովհետև Ադրբեջանը ճանապարհը ստանալու է, բայց մեր ապաշրջափակման բաժինը մենք չենք ստանալու»․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 27,2026 13:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի մինչև խաղաղության պայմանագրի վերջնական վավերացումը։ Քանի որ մեր պարտավորություններն ԱՄՆ առաջ են, մենք այնտեղ չտեսանք որևէ զուգահեռ վերջնական խաղաղության պայմանագրի հետ, կարո՞ղ է այնպես լինել, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը դեռ չստորագրվի»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Այո, կարող է, և մենք տեսնում ենք երկու բան։ Նախ, խաղաղության պայմանագիրն արդեն իսկ նախաստորագրված է։ Եվ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, որ այս պայմանագիրը կա, մենք հավատում ենք սրան, կասկածի տակ չենք դնում։ Այլ պատճառով Ադրբեջանն ասում է՝ առայժմ չենք ստորագրում»։

Ըստ Միրզոյանի՝ խաղաղություն անհրաժեշտ է ԹՐԻՓՓ-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա։ «Իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի և գա ամրապնդելու ու մոտեցնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշեց նա։

Նարեկ Կարապետյանն արձագանքեց․ «Հատկանշական բացահայտում արեցիք, տեսեք՝ ինչ մեծ մարտահրավեր կլինի, պատկերացրեք՝ մենք սա վավերացնում ենք, մեկ տարի հետո ԹՐԻՓՓ-ը գործարկվում է, ո՞րն է Ադրբեջանի մոտիվացիան՝ ապահովելու մեզ համար այլ շրջափակման հնարավորություններ, եթե արդեն ճանապարհն ունի։ Իրենք ստանալու են ԹՐԻՓՓ-ը, հետո գալիս է ժամանակ և դնում են անիրագործելի պայմաններ, ինչպես Սահմանադրության փոփոխության պայմանը, որպեսզի խանգարեն պրոցեսին։ Եվ ավելացնելու են պայմանները, այս պարագայում մեր երկիրը, կներեք այս արտահայտության համար, «քցվելու» է, որովհետև Ադրբեջանը ճանապարհը ստանալու է, բայց մեր ապաշրջափակման բաժինը մենք չենք ստանալու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով՝ Նարեկ Կարապետյանի հայացքն այս նախագծին աշխարհագրորեն կիսատ է։ «Դուք նայում եք այդ 43-44 կմ-ին, այդ ԹՐԻՓՓ-ը շարունակություն պետք է ունենա աջ ու ձախ, և եթե այնտեղից չեկավ որևէ բան, չմտավ Երասխ, չի աշխատի ուղղակի։ Երաշխիքն այն է, որ ինքը փոխշահավետ է, մեզ շատ պետք է, իրենց շատ պետք է և երրորդ երկրներին շատ պետք է։ Չի կարող լինել իրավիճակ, որ այդ ենթակառուցվածքը Ադրբեջան Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ շարժվի, Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի»,- հայտարարեց Միրզոյանը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031