Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին է Վազգենի երազած Հայաստանը

Մարտ 06,2009 00:00

\"\"Հիշում են Սպարապետի ընկերները

Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ դեպի Եռաբլուր այցելությունները սկսվեցին վաղ առավոտյան, առաջինը մի փունջ ձնծաղիկն էր, որ Սպարապետի նկարի առաջ դրեց Ղարաբաղյան պատերազմում զոհված, «Տիգրան Մեծ» ջոկատի զինվոր Ռաֆայել Սիմոնյանի մայրը՝ տիկին Արաքսյան: Ասաց՝ այդպես է վարվում, քանի որ գիտի՝ Վազգենը գարուն էր սիրում եւ ամեն մարտի 1-ին ընկերներով գնում էր Աշտարակի ձորը՝ ձնծաղիկ հավաքելու եւ գարունը դիմավորելու:

Հետո եկան օրենսդիր մարմինը, կառավարությունը եւ նախագահը: Բոլորը՝ ճերմակ մեխակներով: 10.30-ի սահմաններում Եռաբլուր այցելեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Վազգեն Սարգսյանի ընկեր Վահագն Գրիգորյանը:

«Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության որոշ դրվագների վերաբերող մեր հարցերին պարոն Գրիգորյանը չուզեց պատասխանել: Խնդրեցինք պատմել Վազգենի մասին: Ասաց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ամեն տարի այցելելով Սպարապետի գերեզմանին՝ վերհիշում է Սպարապետի 40-ամյակի տոնակատարությունը, որի ժամանակ Վազգենը միայն մեկ բանի մասին էր խոսում՝ իր երազած Հայաստանի: Պարոն Գրիգորյանը վերհիշում է, որ ամեն տարի, իր ծննդյան տոնակատարություններից հետո իրենք գիշերներ էին լուսացնում՝ զրուցելով. «Որքան ժամանակն առաջ է գնում, մարդիկ ավելի ու ավելի են գնահատում Վազգեն Սարգսյան գործչին, մարդուն, ընկերոջը եւ զորավարին, տեսեք՝ այս փոքրիկ տղաները՝ երկրապահի հագուստներով, այ, սրանք են վազգենները, տեսեք, թե մարդիկ ոնց են գալիս այս մեծ մարդու գերեզմանին, Վազգենի տեսակը մեզանում պետք է ավելանա, ճիշտը դա է»:

ԱԺ պատգամավոր, Արմավիրի ԵԿՄ կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանը Սպարապետի գերեզմանին այցելեց երկրապահների հետ: Ընդառաջելով մեր խնդրանքին՝ մի դրվագ վերհիշել պատերազմի դաշտից, պարոն Գասպարյանը սա պատմեց. «Վազգեն Սարգսյանը չեք պատկերացնի, թե ոնց էր կարողանում ոգեւորել զինվորներին: Ղոչազի հատվածում, Լաչինի ձախ թեւի վրա, թուրքերը ռմբակոծել էին մեր դիրքերը, մեր ջոկատները ետ էին քաշվել: Վազգենը՝ իմանալով, որ հարձակում չի եղել, եւ ընդամենը ռմբակոծության պատճառով մեր ջոկատները ետ են քաշվել, ջղայնացած եկավ-հասավ այդտեղ, զենքը վերցրեց, ընկավ առաջ, առաջից գնում էր՝ փախնող ջոկատներին ցույց տալու համար, որ վախկոտներ են: Մենք ասում էինք՝ «Շեֆ, դու հետ ընկի, մենք կգնանք, բայց ինքը չէր լսում, նստել էր մեքենան եւ գնում էր առաջ, բայց դա վտանգավոր էր ամեն պահի, որովհետեւ ամեն պահի ցանկացած ծառի հետեւից կարող էին կրակել: Ինքը չէր լսում, ջղային գնում էր առաջ, մենք՝ հետեւից, զինվորները՝ հետեւից, եւ այդպես հասանք մինչեւ այն դիրքերը, որտեղից տղերքը նահանջել էին, Աստծուն փառք, որ թուրքերը առաջ չէին եկել, չէին հասկացել, որ տղերքը դիրքերը թողել էին: Վազգենը հասավ դիրքերը, մի գիշեր էլ մեզ հետ մնաց դիրքերում, խրամատների մեջ: Այ, էդ էր Վազգենը, կարող էր այնպես ոգեւորել, որ դու առանց մտածելու գնայիր նրա հետեւից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել