Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է

Մարտ 07,2009 00:00

\"\"Նրան անհրաժեշտ է անհապաղ եւ ստացիոնար բուժօգնություն

Երեկ կտրուկ վատացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Նույն օրը նրան մեկուսարանում այցելած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական վերահսկողության դիտորդների խմբի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնել, թե ճիշտ կլինի, եթե Շանթի խափանման միջոցը փոխվի: Խմբի անդամներ Թեմիկ Խալափյանն ու Ավետիք Իշխանյանը, «Ա1+»-ի մատուցմամբ, երեկ մոտ մեկ ժամ զրուցել են Շ. Հարությունյանի հետ: «Նա գտնվում էր հոգեբանական ծանր վիճակում, անհանգստացած էր իր ընտանիքի անդամների համար»,- ասել է Ա. Իշխանյանը: Վերջինս զրուցել է նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանի հետ, որը վստահեցրել է, որ Շ. Հարությունյանի նկատմամբ որեւէ ճնշում չի եղել: Նույնը պնդել է նաեւ ինքը՝ Շանթը՝ ասելով, որ հիմնարկի տնօրինությունից որեւէ բողոք չունի: Իրավապաշտպանի փոխանցմամբ, քաղբանտարկյալի դժգոհությունը կապված է նրան՝ իր քաղաքական հայացքների համար անհիմն ազատազրկելու հետ: «Ես հասկանում եմ, որ «7-ի գործը» կշարունակվի, եւ այս պայմաններում, Շ. Հարությունյանի հոգեբանական վիճակն ավելի չսրելու համար, նրա խափանման միջոցը պետք է փոխել: Վերջին օրերին նա տառապում է անքնությամբ»,- հայտարարել է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Յոթի» գործով դատական վերջին երկու նիստերի ընթացքում Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նկատելիորեն վատ էր, ու նա մեծ դժվարությամբ էր նիստի ընթացքում կանգնած մնում, իսկ մարտի 4-ի նիստում հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Եթե իմ ընտանիքի, իմ երեխայի, քրոջս եւ կնոջս հետ որեւէ բան պատահի, ապա դա ՌԴ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է»:

Երեկ ուշ երեկոյան «Առավոտը» նրա հարազատների միջոցով տեղեկություններ ստացավ, որ Շանթի վիճակը գնալով սրվում է: Դա նկատի ունենալով՝ ՔԿՀ ղեկավարությունը նրա հարազատներին հնարավորություն էր տվել մի քանի անգամ տեսակցել քաղբանտարկյալի հետ: Նրանց փոխանցմամբ, Հարությունյանի կյանքի անվտանգության համար ամեն ժամը կարող է նշանակություն ունենալ, որովհետեւ նա ծայրահեղ անհանգիստ վիճակում է, եւ այդ վիճակն անընդհատ սրվում է եւ միայն թեթեւակիորեն հանդարտվում, երբ տեսնում է իր հարազատներին: Վերջիններս պնդում են, որ Շանթին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ ապահովել նաեւ իրենց ներկայությունն այնտեղ:

Շ. Հարությունյանի տագնապալի վիճակի առնչությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հայ ազգային կոնգրեսը: «Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը։ Նրան անհրաժեշտ է շտապ ստացիոնար բուժում եւ բժիշկների ամենժամյա հսկողություն»,- արձանագրել է Կոնգրեսը՝ պահանջելով քաղբանտարկյալին անհապաղ տեղափոխել հիվանդանոց եւ թույլ տալ, որպեսզի նրան քննեն նաեւ անկախ բժիշկ մասնագետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել