Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՀԱՅ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Մարտ 07,2009 00:00

\"\"Լելա Կակուլիայի համար Վրաստանի հաղթանակը Հայաստանի պարտությունն է

Մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները հայտարարել են, թե Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կամ ջավախահայերի նկատմամբ քրեական եւ այլ բնույթի հետապնդումները ոչ թե հայերի դեմ ուղղված գործողություններ են, այլ՝ ողջ Վրաստանի նման հայերն էլ սոցիալական խնդիրներ ունեն, կամ եթե հանցանք են կատարել՝ պիտի պատասխան տան: Սակայն վրացական մամուլում Վրաստանի իշխանությունների համակրանքը վայելող գործիչների հայտարարությունները հիմք են տալիս առնվազն թերահավատ լինել Վրաստանի իշխանությունների վերը նշված պնդումները լսելիս:

Վրաստանի իշխանությունները հայերի նկատմամբ վատ վերաբերմունքը մի կողմից քողարկելու, մյուս կողմից՝ հրապարակելու համար ունեն իրեն պայծառատես անվանող Լելա Կակուլիային: Սույն տիկնոջ բոլոր «կանխատեսումներում» հայերին միայն ծանր օրեր եւ ավերներ են սպասվում, Վրաստանին՝ դրախտային կյանք: Ու հատկանշական է, որ այս կնոջ «պայծառատեսություններին» հաջորդում են վրացական իշխանությունների որոշակի գործողություններ՝ Ջավախքում կամ հայերի դեմ: Այնպես որ, դժվար է կապ չտեսնելը: Բայց արագության հաշվին տուժում է կնոջ «կանխատեսումների» որակը: Շատ հաճախ դրանք ոչ թե «կանխատեսումներ» են, այլ՝ ցանկալին իրականության տեղ մատուցելու անհաջող փորձ եւ չհաջողված վերլուծություն: Խոսեմ օրինակներով:

1995 թվականին սույն պայծառատեսը գրում է, թե «Ռուսաստանը այլեւս չի հակադրվում Վրաստանին… Ռուսաստանը կզգա իր սխալները եւ վերջնական արդյունքում առաջին պլան է մղվում Շումեյկոն, որը մեծ դերակատարություն կունենա կովկասյան քաղաքականության մեջ… Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պարտվում է: Տեսնում եմ, ինչպես եւ միշտ հայերը այնտեղ են, որտեղ պետք չէ եւ ինչպես միշտ՝ Վրաստանի օգնությունը պետք է նրանց… Կովկասյան պատերազմները կցնցեն աշխարհը… Կովկասի կենտրոնը Վրաստանն է, այդպիսին է կամքը Տիրոջ»: Ես առաջին անգամ եմ լսում, որ պայծառատեսը կոնկրետ անուն ասի: Պայծառատեսները սովորաբար նշում են չափանիշներ եւ հետո մարդիկ փորձում են հասկանալ, թե ում նկատի ունի նա: Կակուլիան միակն է, որ կոնկրետ անուն է տալիս:

Ինչպես 1995-ին, այնպես էլ դրանից առաջ եւ հետո՝ վերջին 15 տարում Լելա Կակուլիան արձանագրում է, որ հայերը վրացիների խրոնիկական թշնամիներն են եւ պարտվելու են: Կակուլիայի խոսքով՝ «Տիտանիկի» պես խորտակվելու է նաեւ Ռուսաստանը: Զարմանալին այն է, որ սույն «պայծառատեսը» հայերի պարտություն է ենթադրում վրացիների հաղթանակի պարագայում: «Ով դավաճանում է Վրաստանին, Աստծո պատժին կարժանանա, նրանց երկրին Աստված շատ ծանր կացության մեջ կդնի: Հայաստանը պիտի զգուշանա: Տեսնում եմ տանկեր Երեւանում, տեսնում եմ՝ ինչպես է ռմբահարվում Հայաստանը,- գրում է Կակուլիան:- Թե ով է ում դավաճանել՝ գիտեմ ես ու բոլոր այն հայերը, ովքեր պատերազմի տարիներին Հայաստանում էին ու տեսնում էին, թե ինչպես են բարեկամ Վրաստանով Հայաստան հասնում հացն ու շաքարը»:

Իր «պայծառատեսություններում» Կակուլիան մի հազար անգամ գրում է, որ հայերը կդավաճանեն ռուսներին, որ հայերին ծանր օրեր են սպասվում, որ «Ջավախքը մաքրվում է, այնտեղ ապրող հայերը իրենք են թողնում վրացական հողը, այդպիսին է կամքը տիեզերական: Տեսնում եմ այնտեղ վրացական ռազմաբազա՝ ՆԱՏՕ-ի զինանշանով: Կովկասը միավորվում է միասնական մայրաքաղաք Թբիլիսիով»: Հիշեցնեմ, որ մինչ այս՝ Կակուլիան կանխատեսել է Կովկաս, որի կենտրոնը Վրաստանն է:

Այս «պայծառատեսությունները» հավանաբար չեն կատարվել, ու Կակուլիան պայծառատեսին ոչ հարիր պահվածք է որդեգրել՝ կանխատեսումների եւ գուշակությունների փոխարեն խորհուրդներ է տալիս, այն էլ՝ իր խրոնիկական թշնամիներին: Անցած տարվա վերջում կրկին պայծառացած Կակուլիան հայտարարել է՝ «Հայերին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել ռուսների հետ հարաբերություններում: Որքան հեռու մնան՝ այնքան նրանց շահն է»: Թե ինչու է նա խորհուրդներ տալիս իր կանխատեսումներով օրերս խորտակվողներին՝ պարզ չէ: Ինչպես պարզ չէ, թե ինչու է «պայծառատեսը» փորձում խորհուրդներով օգնել իր խրոնիկական թշնամիներին:

Կակուլիան շատ ցավոտ է տանում Հայաստան-Թուրքիա հնարավոր ջերմացումը եւ «կանխատեսում», որ դրանից բան չի դուրս գա: Միաժամանակ, ապագան գուշակելու փոխարեն հայտարարում է, թե հայերը անցյալում ուզում էին Աջարիայով Թուրքիայի հետ կապ հաստատել, որ Աջարիայում ինքնավարություն ստեղծեն: Ելնելով այս հայտարարության լրջությունից՝ կարելի է դատել Կակուլիայի «կանխատեսումների» լրջության մասին:

Հա, ի դեպ, Կակուլիան վրացիներին առաջարկում է խելք հավաքել: Եթե սա պայծառատեսություն է, ապա Լելա Կակուլիան իրեն ծնած-սնած ժողովրդի մասին շատ վատ կարծիքի է:

Իր «պայծառատեսություններում» Կակուլիան շատուշատ անգամ նշում է, որ վրացիներն էլ, ռուսներն էլ ուղղափառ են, հայերը՝ անհավատ: Կակուլիան հավանաբար տեղյակ չէ, որ վրացիները քրիստոնեությունը ընդունել են հայերի նախաձեռնությամբ:

Ըստ Լելա Կակուլիայի, Վրաստանի բարգավաճումը Տիրոջ կամքն է, Վրաստանը օրհնված է եւ մաքրվելու է անօրեններից: Մինչեւ օրս ես մեկ պետություն գիտեի, որ իրեն եւ իր ժողովրդին ընտրյալ է համարում: Փաստորեն՝ արդեն երկուսն են:

Հ. Գ. Վրաստանի թիվ մեկ պայծառատեսը կանխատեսում է նաեւ ռուս-ուկրաինական եւ չին-ճապոնական պատերազմներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել