Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Հուլիս 18,2009 00:00

Զինված ուխտագնացները կրակել են Սառնաղբյուրի բնակիչներից մեկին

\"\"
Ահա այս ջրամբարի մոտ է, ըստ գյուղացիների,
տեղի ունեցել հանցագործությունը:

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները ահուսարսափի մեջ են: Գյուղացիների պատմելով, նախորդ օրը, ժամը 19.00–19.30-ի սահմաններում, գյուղով մեկ լուրեր են տարածվել այն մասին, որ Գյումրիից եկած ջահել ուխտագնացների մի խումբ՝ թվով 15 հոգի, որի մեջ է եղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, կերուխում է արել մոտակա վանքի շրջակայքում, այնուհետեւ շարժվել է դեպի ջրամբարի պոմպակայան՝ փորձելով շարունակել ուխտը դեպի Էջմիածին: Պոմպակայանի պահակը՝ Գեւորգ Հակոբյանը, նախազգուշացրել է, որ այդտեղից ճանապարհ չկա, ի պատասխան՝ ուխտագնացներից մեկն էլ զենքը հանելով կրակել է վերջինիս ոտքին: Գյուղացիները նաեւ պատմում էին, որ Գեւորգին օգնության է հասել պոմպակայանի տնօրեն Ստյոպա Մադաթյանը, որին էլ, ըստ սառնաղբյուրցիների, ուխտագնացները դանակահարել են: Մենք եղանք Ստյոպա Մադաթյանի տանը, նա գնացել էր ոստիկանության Անիի տարածքային բաժին՝ հարցաքննության: Նրա որդին փոխանցեց, որ իր հորը չեն դանակահարել, այս լուրը հերքեցին նաեւ ոստիկանները: Այդուհանդերձ, գյուղացիները այդպես էլ չեն հասկանում, թե ինչ տեսակի ուխտագնացներ էին վերջիններս. մարդ կրակելով են Աստծուն երկրպագո՞ւմ:

Երեկ Սառնաղբյուրը շրջափակված էր ոստիկաններով, սառնաղբյուրցի տղամարդիկ էլ այնպես էին վախեցած, որ լրագրողներին տեսնելուն պես կամ փախչում էին, կամ էլ միանգամից գոռում, թե՝ «Մենք գյուղում չենք եղել, Երեւանում էինք»: Փոխարենը սկանդալը ներկայացնում էին գյուղամիջում հավաքված կանայք՝ գյուղի անունից պահանջելով անհապաղ պատժել «մարդասպանին»: «Ո՞վ պիտի մեզ ջուր տա, խուլիգանների պատճառով բոստաններս չորացել են, մի լիտր ջուր չունինք, որ բոստաններս ջրենք, մեր էրեխեքին պահենք, եթե Գեւորգին խփողի անուն-ազգանունը անհապաղ չհրապարակեն, մենք գյուղովի ոստիկաններին խայտառակ կանենք: Մեր գյուղը համեստ, շնորհքով, անշառ տեղ է, Գեւորգն էլ հարգալից, մարդամոտ մարդ է, ամոթ չի՞, խուլիգան ունեք՝ դռներդ պահեք, եկել, մարդու գործի վրա հարձակվում եք, ոտքն էլ ցխում եք, մեզ մենակ էս էր պակաս»: Կանայք նաեւ պնդում էին, որ ուխտագնացները դանակներով են եղել: Նրանց մի խումբ էլ պատմում էր, թե ուխտագնացների շքեղ մեքենաները տեսնելիս մտածել են, թե արտասահմանցի տուրիստներ են, բայց չանցած կես ժամ՝ գյուղով մեկ աղմուկ է բարձրացել, թե ուխտագնացները Գեւորգի վրա են հարձակվել, նորընտիր գյուղապետն էլ տուժողին սկզբում Մարալիկի հիվանդանոց է հասցրել, այնուհետեւ տեղափոխել Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ էլ վերջինիս վիրահատել են: Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչիկ Կարապետյանը մեզ փոխանցեց, որ տուժողի վիճակը միջին ծանրության է, մենք չկարողացանք բարձրանալ տուժողի մոտ, քանի որ առաջին հարկից նախազգուշացրեցին, թե նրա սենյակը շրջափակված է, խիստ հսկողության տակ է: Այս փաստից առավել վրդովված էին Սառնաղբյուրի գյուղապետարանում, գյուղապետին հրավիրել էին ոստիկանություն՝ հարցաքննության, գյուղապետարանի աշխատակիցներն էլ մեր հարցին, թե ճի՞շտ է, որ գյուղացիները ծաղրել ու բահերով հասել են ուխտագնացների վրա, նրանք էլ պաշտպանվելու համար կրակել են, ասացին. «Թե չէ չգիտեք՝ ովքեր են սկանդալ հրահրողներն ու կրակողները, մենք պիտի նրանց հասցեն տա՞նք, Գյումրիից պրծան, դանակն առած գյուղերին անցան»:

Ըստ մեկ այլ վարկածի, սկանդալի պատճառն այն է, որ ուխտագնացները տրորել են գյուղացիներից մեկի արտը, պոմպակայանի պահակ Գեւորգն էլ գյուղացուն օգնության է հասել ու «զոհ» դարձել: Ի դեպ, գրեթե նույնը վկայում են նաեւ մեր ոստիկանական աղբյուրները: Վերջիններիս հավաստմամբ՝ Գյումրիի մի խումբ երիտասարդներ վաղ առավոտյան ուխտի դուրս գալով Յոթվերք եկեղեցու մոտից՝ կանգնել են ճանապարհին գտնվող բոլոր սրբավայրերի մոտ: Սառնաղբյուրի վանքում եւս կանգնելով ու իրենց լավ զգալով, ճանապարհը շարունակելիս անցել են գյուղացիներից մեկի արտի միջով, գյուղացին զայրացել ու բղավել է. «Հո կով չե՞ք, որ մշակած արտի միջով եք անցնում», «աստվածավախ» երիտասարդներն էլ ի պատասխան՝ զենքը հանել ու գյուղացուն փորձել են տեղում «գյուլլել»: Ոստիկանության Անիի տարածքային բաժնից մեզ տեղեկություններ հրաժարվեցին տրամադրել՝ պատճառաբանելով, որ կատարվում է նախաքննություն, դեռ ճշտված չէ, ով է եղել Գեւորգ Հակոբյանին հրազենային վնասվածքներ հասցնողը: Նրանք միայն տեղեկացրեցին, որ ձերբակալվածներ չկան, թեեւ նշենք, որ Սառնաղբյուր մտնելիս ոստիկանները ճանապարհի մեջտեղում ձեռնաշղթա էին հագցրել ոչ սթափ վիճակում գտնվող մի ջահելի, որը ամենայն հավանակությամբ ուխտագնացներից մեկն էր: Իսկ այն տեղեկությունները, որ ուխտագնացների խմբի մեջ եղել է նաեւ Գյումրիի քաղաքապետի հանրահայտ որդին, այս լուրը ոստիկանները չեն հերքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել