Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն

Հունվար 29,2010 00:00

Իսկ Վանաձորի երաժշտական դպրոցները անմխիթար վիճակում են

Հետանկախության տարիներին ամենից շատ տուժել են մշակութային հաստատությունները: Մասնավորի հետ պետության անմրցակից վիճակից պարզ երեւում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում որեւէ խոշոր բիզնեսմեն կարող է պալատ հիշեցնող հսկայական սուպերմարկետ վեր խոյացնել, իսկ պետությունն իր ողջ ռեսուրսով ի վիճակի չէ մշակութային օջախների հիմնանորոգման կամ վերանորոգման հարց լուծել, էլ չենք խոսում նոր շենք կառուցելու մասին:
Պատկերն այդպիսին է մասնավորապես Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դեպքում: Դպրոցի հենց դիմացի մայթին տեղակայված է ճոխ սուպերմարկետ, իսկ պետությանը պատկանող դպրոցը շարունակում է գոյատեւել, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Այսպես շարունակվելու դեպքում 1988-ի երկրաշարժից երկրորդ կարգի վթարային դարձած դպրոցի շենքը երկար կանգուն մնալ չի կարող:
Մարզային մամուլը 2009թ. օգոստոսին անդրադարձել է դպրոցի հիմնախնդիրներին: Դպրոցի տնօրեն Ներսես Եթիմյանը մեզ ասաց. «Ոչինչ էլ չի փոխվել այդ օրից: Ճգնաժամի պատճառով վերանորոգումը հետաձգվեց, տեսնենք ինչ կլինի…»: Դպրոցի չորս՝ դաշնամուրի, երգի, լարային եւ փողային բաժիններում այժմ սովորում է 165 աշակերտ: Վճարներն էլ շատ չեն. տարեկան 18500 դրամ՝ դաշնամուրի, 13500-ական դրամ՝ մյուս բաժինների համար:
2009թ. ապրիլին Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցին միացվեց Գուսան Զաքարյանի անվան (թիվ 5) երաժշտական դպրոցը: Հիմնական պատճառը աշակերտների թվի պակասն էր: Ն. Եթիմյանը Վանաձորի համար անգամ 5 երաժշտական դպրոցն է շատ համարում. «Էս 5 դպրոցն էլ է շատ. մեր դպրոցը ժամանակին ամբողջ քաղաքին սպասարկել է, 1200 աշակերտ ենք ունեցել, այսօր 5 դպրոցը միասին հազիվ 800 աշակերտ ունենա»: Աշակերտների սակավությունը տնօրենը պայմանավորում է նախ եւ առաջ շենքի անմխիթար պայմաններով, ոլորտի հանդեպ պատշաճ ուշադրության պակասով: Երբ դպրոցում էինք, նկատեցինք երկրորդ հարկի պատերից մեկին փակցված ցուցատախտակ՝ «Դպրոցի բարեկամները» խորագրով: Կարծելով, թե դպրոցը այս կարիքավոր օրերում բարեկամներ է ձեռք բերել՝ դիմեցինք տնօրենին: «Խորհրդային տարիներին դպրոցը լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, մեր դահլիճը հանրապետությունում լավագույններից էր, այստեղ շատ համերգներ էին կազմակերպվում: Այժմ դպրոցի պայմանները տեսնելով՝ բոլորը խուսափում են այստեղ համերգներ կազմակերպել»,- դպրոցի բարեկամների մասին անցյալով խոսեց տնօրենը:
2009թ. ապրիլին, երբ Գուսան Զաքարյանի անվան երաժշտական դպրոցը միացվեց թիվ 1 դպրոցին, այստեղ տեղափոխվեց 74 աշակերտ: Նրանցից միայն 30-ն է սեպտեմբերից ուսումը շարունակում դպրոցում: Սա եւս հիմնականում պայմանավորված է շենքի վատթարագույն վիճակով: «Նախքան ճգնաժամը, երբ կար շենքը հիմնանորոգելու ռեալ հնարավորություն, պայմանավորվել էինք Մ. Թավրիզյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինության հետ՝ դասերը ժամանակավորապես այնտեղ կազմակերպելու համար,- ասաց տնօրենը,- սակայն վերանորոգումն անորոշ ժամանակով հետաձգվեց, եւ պայմանավորվածությունը մնաց անկատար: Ծնողներն էլ իրենց երեխաներին այլեւս չուղարկեցին երաժշտական դպրոց»: Բայց սա միակ պատճառը չէ. այս ոլորտում աշխատավարձը կրկնակի ցածր է հանրակրթական դպրոցի ուսուցիչների աշխատավարձից: «Երաժշտական դպրոցն ավարտող շրջանավարտը պետք է աշխատի երաժշտական հաստատություններում, ուրիշ տեղ չի կարող, դրանք էլ օրեցօր փակվում են կամ գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում»,- տարակուսում է մեր զրուցակիցը: «Տարիներ շարունակ հավասար ենք վարձատրվել: Էս վերջին տարիներին թե ինչ եղավ, չհասկացանք, ոչ էլ մանկավարժի կարգավիճակ ունենք, չգիտես ինչ ենք»,- մտահոգվում է Ն. Եթիմյանը եւ տեղեկացնում, որ 2009թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ մշակույթի նախարարը խոստացել է 2011թ. կարգավորել խնդիրը: Նաեւ կարծես ցանկություն է հայտնվել ժողգործիքների բաժնի օրինակով ուսման վարձից ազատել նաեւ փողային եւ լարային բաժիններում սովորողներին եւս: Խնդիր է նաեւ երաժշտական գործիքների մաշվածությունը: Դրանց օգտագործման ժամկետը վաղուց անցել է եւ այսօր անընդատ վերանորոգման եւ հատուկ խնամքի կարիք են զգում: Դպրոցի խնդիրները սրանով չեն սահմանափակվում. տաքացվում է էլեկտրական ջեռուցիչներով, որոնք այս պայմաններում արդյունավետ լինել չեն կարող. չնայած սրան՝ դասապրոցեսը երբեք չի դադարում, եւ դպրոցի սաներն ընդունվում են հանրապետության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի ճակատագիրը կիսում է նաեւ Տ. Չուխաջյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը: Այն գտնվում է քաղաքի Քիմիագործների թաղամասում եւ գործում է տնակային պայմաններում:
Երաժշտական դպրոցների ճակատագրի, 2010թ.-ին այստեղ նախատեսված հնարավոր շինաշխատանքների մասին զրուցեցինք նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանի հետ: «2009թ. հոկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության թիվ 41 նիստի արձանագրության մեջ հավանություն է տրվել Լոռու մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկում՝ մարզի այլ կրթօջախների թվում ներառել Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնանորոգումը,- տեղեկացրեց Գ. Աղաբաբյանը,- դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման համար 2011թ. պետական բյուջեի նախագծում համապատասխան հայտ է ներկայացվել»:
Գ. Աղաբաբյանը հուսով է, որ արդեն 2010 թ. վերջին եռամսյակից կսկսվեն աշխատանքները: Նա շեշտեց քաղաքային իշխանությունների շահագրգռվածությունը՝ այս հարցի լուծման համար, միաժամանակ նշելով, որ քաղաքի բյուջեն այդ հնարավորությունը չի տալիս եւ պետության աջակցություն կամ բարերարներ են պետք: Պարոն Աղաբաբյանի ասելով՝ հիմնանորոգումից հետո կլուծվի նաեւ պարարվեստի դպրոցի հարցը, այստեղ կսկսեն գործել Վանաձորի կամերային նվագախումբն ու կամերային երգչախումբը, եւ երեխան ամբողջովին դասական մթնոլորտի մեջ կլինի: Թիվ 2 երաժշտական դպրոցի առնչությամբ էլ ասաց, որ նոր շենք կառուցելու համար հսկայական գումար է պետք, որն առաջիկա տարիներին քաղաքի բյուջեում չի լինի, քաղաքում էլ այնպիսի շենք չկա, որ հատկացնեն. բոլոր շենքերը, կիսակառույցներն ու անգամ կիսաքանդ շինությունները սեփականատեր ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել