Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ ու սայթաքումներ

Ապրիլ 27,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրը անակնկալ մատուցեց հայ ֆուտբոլասերին:
Գավաթային եզրափակչի «գլխավոր փորձի ընթացքում» Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ոչ-ոքի՝ 1:1, ավարտեց հանդիպումը «Բանանցի» հետ: Հանուն արդարության պետք է նշել, որ «Բանանցը» տվյալ դեպքում չեմպիոնին զրկեց 2 միավորից՝ միայն մրցավարի ավելացրած ժամանակում խփելով պատասխան գնդակը: Սակայն դա, ըստ էության, ոչինչ չի փոխում, քանի որ հինգ տուրերի ընթացքում երկու անգամ հանդիպումները ոչ-ոքի ավարտած «Փյունիկը» այս հանդիպումից հետո առաջատարի դիրքը զիջեց «Միկային»: Արմեն Ադամյանի սաները միայն մեկ խաղում են միավորներ կորցրել՝ երկրորդ տուրում պարտվելով հենց գործող չեմպիոնին: Փոխարենը՝ մյուս բոլոր հանդիպումներում բավական կայուն են հանդես եկել, այդ թվում եւ հինգերորդ տուրի շրջանակներում՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասարի» դարպասը: Այժմ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Միկան», «Փյունիկը» նրան զիջում է ընդամենը 1 միավորով: Նույնքան տարբերություն է նաեւ «Փյունիկի» եւ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ուլիսի» միջեւ: Առհասարակ, մրցաշարային աղյուսակը բավական խիտ դասավորություն ունի: Թե առաջին ու թե երկրորդ եռյակում թիմերը մեկական միավորների տարբերությամբ են ընթանում: Աստիճանաբար, դիրքերը բարելավում է «Իմպուլսը», որն արդեն իր ակտիվում ունի 7 միավոր, այդ թվում եւ «Փյունիկից» կորզած մեկ ոչ-ոքին: Ի դեպ, այս տուրում «Իմպուլսը» 2:1 հաշվով հաղթեց «Շիրակին» եւ բախտի քմահաճույքով առաջին գնդակի հեղինակ դարձավ Արման Մինասյանը, ում երկու շաբաթ առաջ հեռացրել էին թիմից: Հետաքրքրական է, որ նախորդ տուրում նույնպես երեք հեռացվածներից Ռոմեո Ջենեբյանն էր գոլի հեղինակ դարձել: Այն ժամանակ մարզիչները ֆուտբոլիստի վերադարձը բացատրեցին նրանով, որ Ջենեբյանը արտասահմանյան ինչ-որ ակումբի տեսադաշտում է, ուստի՝ նրան խաղային պրակտիկա է տրվում: Մինասյանի վերադարձն արդեն ծիծաղելի է դառնում: Թեեւ ակումբում այժմ նշում են, որ Մինասյանն ու Ջենեբյանը վերադարձել են թիմ, իսկ Արամ Հակոբյանը հանվել է տրանսֆերի, սակայն չի բացառվում, որ մյուս հանդիպման ընթացքում «Իմպուլսին» հաղթանակ պարգեւի հենց Արամ Հակոբյանը: Մեկ շաբաթվա ընթացքում այնքան բան կարող է փոխվել:
Առաջին հնգյակին ընդամենը 1 միավորով է զիջում հրավառության պես առաջնությունն սկսած «Կիլիկիան», որին երկու հաղթանակներից հետո այլեւս ոչինչ չի հաջողվում: Ավելին, հենց «Կիլիկիայում» տեղի ունեցավ մրցաշրջան 2010-ի մարզչական առաջին հրաժարականը: Աբրահամ Խաշմանյանին այժմ թիմի ղեկին փոխարինում է Սամվել Դարբինյանը, որի հետ ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել: Ի դեպ, Խաշմանյանի հետ «Կիլիկիայից» հեռացել է նաեւ նրա օգնական եւ ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Արմեն Տոնոյանը: 
Փոփոխություններ են տեղի ունենում նաեւ նախավերջին հորիզոնականում ընթացող «Գանձասարում»: Այստեղ Սլավա Գաբրիելյանի փոխարեն թիմը մարզում է Ալբերտ Սարգսյանը: Գաբրիելյանն այժմ աշխատում է երկրորդ թիմի հետ: Սակայն դեռ պաշտոնապես փոփոխությունը ֆիքսված չէ, քանի որ Ալբերտ Սարգսյանը չունի մարզչական արտոնագիր, ուստի,  բարձրագույն խմբի որեւէ թիմ մարզելու իրավունք չունի: Փոփոխություն դեռ չկա վերջին հորիզոնականում զրո միավորային պաշարով ընթացող «Շիրակում»: Ինչը, թերեւս, ակնկալելի է, քանի որ գյումրեցիները ընտրության սահմանափակ ռեսուրսներ ունեն, ավելի ճիշտ՝ գրեթե չունեն: Իհարկե, առաջնությունը դեռ նոր-նոր է մեկնարկել եւ վաղ է խոսել կանխատեսումների մասին, սակայն ակնհայտ է, որ Գյումրիի թիմը ներկա տեսքով կարող է պայքարել միայն ուժեղագույնների խումբը չլքելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել