Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Օգոստոս 17,2010 00:00

«Ուլիսը» կրկնակի հաղթանակ է տոնում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Հրազդան» մարզադաշտում: Այստեղ ուժերը չափեցին միանձնյա առաջատար «Բանանցը» ու նրանից 6 միավոր ետ մնացող «Ուլիսը»: Կուզմանոսկու թիմի համար այս հանդիպումը հերթական լավ հնարավորությունը պիտի լիներ՝ ավելի պոկվելու հետապնդող «Ուլիսից», իսկ հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում՝ նաեւ «Փյունիկից»: Սակայն 17 թիվը առավել հաջողակ գտնվեց Սեւադա Արզումանյանի «Ուլիսի» համար: Հանդիպման 80-րդ րոպեին Նորայր Սահակյանի խփած միակ գնդակը ոչ միայն, պարզապես, հաղթանակ պարգեւեց «Ուլիսին», այլեւ՝ օգնեց կրճատել միավորային տարբերությունն առաջատարից: Եվ քանի որ հանգամանքներն էլ բարենպաստ էին դասավորվել, անգամ առաջ անցավ Դիլիջանում միավորներ կորցրած «Փյունիկից»: Հայաստանի անփոփոխ չեմպիոնը մինչ հանդիպման 84-րդ րոպեն զիջում էր համեստ «Իմպուլսին» եւ միայն խաղավերջից մի քանի րոպե առաջ կարողացավ փրկվել ու խուսափել ահագնացող միավորային տարբերությունից: Ի դեպ, 2010 մրցաշրջանում սա «Փյունիկի» երկրորդ ոչ-ոքին էր Դիլիջանում: Առաջին շրջանում եւս Վարդան Մինասյանի սաները խաղաղ ելք էին կնքել «Իմպուլսի» հետ արտագնա խաղում: Իսկ չեմպիոնության համար պայքարը այսպիսով նոր թափ ստացավ ու նոր երանգներ ավելացրեց մրցակցային դաշտում:
17-րդ տուրը հաջող ստացվեց նաեւ «Միկայի» համար: Գոլազուրկ երեք հանդիպումից հետո «Միկան» վերջապես հաղթանակ տոնեց «Կիլիկիայի» նկատմամբ, այն էլ խոշոր՝ 4:1 հաշվով: Սա մարզիչ Արմեն Շահգելդյանի առաջին հաղթանակն էր «Միկայի» ղեկին: Ուշագրավ է, որ մարզիչների պայքարում երիտասարդ Շահգելդյանը հաղթանակ տոնեց հավաքականում իր երբեմնի մարզիչ, փորձառու մասնագետ Սամվել Դարբինյանի հանդեպ, ինչը նորաթուխ մասնագետի համար, թերեւս, պակաս կարեւոր չէ գրանցված գոլերի թվից: Ինչեւէ, հաղթանակը, գոլերի առատությունը, վեց տարի անց թիմ վերադարձած Գեւորգ Կասպարովը օգնեցին Հայաստանի փոխչեմպիոնին երրորդ տեղում հանգրվանած «Փյունիկից» միավորների տարբերությունը կրճատել 11-ի ու դեռ հույսեր փայփայել՝ մնացած ժամանակահատվածում եռյակում հայտնվելու համար:
Իսկ ահա Կապանի «Գանձասարը», որ արդեն որեւէ լուրջ նպատակ հետապնդել չի կարող առաջնությունում, այս տուրում կատարեց իր առջեւ դրված խնդիրը՝ մրցակցի հարկի տակ հաղթելով նոր-նոր ֆինանսական ճգնաժամից դուրս եկող «Շիրակին»: Ալբերտ Սարգսյանի թիմը խաղավերջի 10 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասը՝ իր հերթին մոտենալով «Իմպուլսին» ու ամբողջ վեց միավորով առաջ անցնելով նախավերջին հորիզոնականում հանգրվանած «Կիլիկիայից»: Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակող «Շիրակին», ինչպես ցույց տվեց հանդիպումը, թիմը դեռ գտնվում է վերականգնման փուլում ու պատրաստ չէ 90 րոպե ակտիվ խաղին: Բիչախչյանի սաների համար առաջնությունը, իհարկե, ավարտված չէ, սակայն անգամ լուրջ ներդրումները դեռ ի զորու չեն թիմին ներարկել լավ մարզավիճակ ու ամենակարեւորը՝ վստահություն հաղթանակներ տոնելու համար: Առայժմ գյումրեցիները միայն պայքարում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031