Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ոճի ըմբիշները՝ առանց մեդալների

Սեպտեմբեր 14,2010 00:00

Մոսկվայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը երկու հաղթանակներից հետո դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն ուզբեկ Զաուրբեկ Սոխիեւին, հաղորդում է news.am-ը: Քանի որ ուզբեկ ըմբիշը հասավ մինչեւ եզրափակիչ, Լալիեւը իրավունք ստացավ պայքարել երրորդ տեղի համար գոտեմարտին մասնակցելու համար, սակայն պարտվեց՝ այս անգամ 4:9 հաշվով կուբացի Ռայներիս Սալաս Պերեսին եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից: 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը մեկնարկում 6:0 հաշվով հաղթել էր իսպանացի Ագուստին Պարա Սանչեսին եւ հաջորդ գոտեմարտում հանդիպել աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովի հետ, որն էլ հաղթեց մեր ըմբիշին՝ 6:2 հաշվով:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանին եւս բաժին էր հասել հաղթողի գլխավոր հավակնորդ, Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրատ Գացալովը: Ենոքյանը պարտվեց 1:7 հաշվով:
Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում ընդամենը 3 միավոր վաստակեց եւ թիմային հաշվարկով զբաղեցրեց 25-րդ տեղը: Առաջին հորիզոնականում հաստատված Ռուսաստանի ընտրանին իր ակտիվում ունի 66 միավոր: Նրան հաջորդում են Ադրբեջանի ու Կուբայի ազգային թիմերը՝ համապատասխանաբար 42 եւ 37 միավոր արդյունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել