Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնություն. առաջատարների «սեւ շաբաթը»

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Ինտրիգը ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավելի ու ավելի է թեժանում, իսկ եզրագծին հասնելու ժամանակը անողոքաբար նվազում է: Չեմպիոնության համար պայքարի մտած երկու թիմերից յուրաքանչյուրի սխալն ու սայթաքումն այժմ ոսկու գին ունի՝ ընդ որում, բառի փոխաբերական եւ բուն իմաստով:
24-րդը, ասես, հենց նման սխալներ գործելու տուրն էր առաջատարների համար: Նախ, հոկտեմբերի 16-ին «Բանանցը» սայթաքեց «Ուլիսի» հետ խաղում՝ երկու անպատասխան գնդակ ընդունելով մրցակցից, իսկ արդեն հաջորդ օրը Կուզմանոսկու թիմի նվերից չկարողացավ օգտվել Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Իմպուլսի» հետ: Հետաքրքիր է, որ «Բանանցն» իր վերջին պարտությունը գրանցել էր նույն «Ուլիսից»՝ օգոստոսի 15-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած 17-րդ տուրի խաղում՝ ընդհատելով անկասելի թվացող հաղթարշավը: Ու որքան «Ուլիսն» է անհարմար մրցակից «Բանանցի» համար, նույնքան էլ՝ առաջնության այս տարվա նորեկ «Իմպուլսը»՝ չեմպիոնի դեպքում: Եվ սա այն պարագայում, որ դիլիջանցիների ելույթները ոչնչով առանձնապես աչքի չընկան այս առաջնությունում: Բայց փաստը մնում է փաստ. «Փյունիկի» հետ չորս հանդիպումներից երեքն «Իմպուլսն» ավարտել է ոչ-ոքի ու միայն մեկում է կրել պարտություն՝ մշտապես «սուր պահելով ատամները» չեմպիոնի հետ խաղում: Ու եթե այս երկու թիմերի նախորդ հանդիպումները գոլառատությամբ աչքի չէին ընկնում, 24-րդ տուրում այդ բացն էլ լրացվեց: Խաղում մերթ հյուրերն էին հաշվի մեջ հետապնդողի դերում, մերթ՝ տանտերերը: Ի վերջո, մրցավար Գեւորգ Եղոյանի սուլիչի եզրափակիչ ձայնը լուսատախտակին արձանագրեց 3:3 հաշիվը: Ի դեպ, Կապանում այս հանդիպմանը զուգահեռ ընթացող «Գանձասար»-«Շիրակ» խաղում նույնպես գրանցվեց այդ նույն՝ 3:3 հաշիվը: Այս խաղում ձեռք բերված միավորը 2010-ին առաջինն էր շիրակցիների համար «Գանձասարի» հետ հանդիպումներում: Վերջին երկու խաղերում գյումրեցիները չորս միավոր են վաստակել, ինչն այս առաջնության համար բավական հաջող համալրում է «Շիրակի» գանձարանում, որը, սակայն, մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ դեռ ի զորու չէ բերել:
Փոփոխությունների չի բերում նաեւ «Միկայի» հաղթանակը «Կիլիկիայի» նկատմամբ: Նախորդ տարվա փոխչեմպիոնն այս մրցաշրջանում երկրորդ անգամ հաղթեց «Կիլիկիային» միեւնույն՝ 4:1 հաշվով: Իհարկե, տեսականորեն այս երկու թիմերն էլ դեռ շանսեր ունեն մրցաշարային աղյուսակում իրենց դիրքը շտկելու, սակայն երկուսի պարագայում էլ այդ հնարավորությունները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ շատ ու շատ կոմբինացիաների համադրմամբ…
Ընդամենը չորս տուր է մնացել մինչ առաջնության ավարտը, իսկ հարցականները միայն ավելանում են:
Մրցաշարային աղյուսակ:
1. Բանանց 24 17 4 3 50-22 55
2. Փյունիկ 24 16 5 3 67-22 53
3. Ուլիս 24 15 3 6 37-19 48
4. Միկա 24 12 4 8 38-25 40
5. Իմպուլս 24 7 7 10 23-40 28
6. Գանձաս. 24 7 3 14 23-36 24
7. Կիլիկիա 24 4 3 17 19-53 15
8. Շիրակ 24 2 3 19 18-58 9  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել