Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԸ ՆԵՆԳԱՓՈԽՎԵԼ Է

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Ասում է ՍԴՀԿ համահնչակյան Կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանը

Մարտի 24-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը (սա ՍԴՀԿ-ի այն թեւն է, որը այժմ Հայաստանում գործում է «Հնչակյան» կուսակցություն անվան տակ եւ Հայ ազգային կոնգրեսի կազմում չէ- Ն. Մ.), Ֆրանսիայի շրջանի կուսակցության պատասխանատուները հանդիպել էին նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Հանդիպման ժամանակ Հնչակյան ղեկավարության կողմից առաջարկ էր հնչել Համահայկական խորհուրդ ձեւավորելու մասին, որը պետք է համակարգի Հայրենիք-Սփյուռք կապերը, մշակի համագործակցության ավելի լայն ձեւաչափեր: ՍԴՀԿ ԿՎ ատենապետն առաջարկել էր, որ Համահայկական խորհուրդը ղեկավարի ՀՀ նախագահը: Այս տեղեկությունը առիթ էր դարձել, որ Հայաստանում գործող ՍԴՀԿ-ն՝ ի դեմս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի եւ կուսակցության կենտրոնական վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի, պնդեն իրենց՝ ավելի վաղ արած հայտարարությունները, թե ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ ատենապետն ու նրան սատարած հնչակյանները ՀՀ իշխանությունների հետ գործարք են կնքել ու Հայաստանում նաեւ երրորդ ուժ՝ «կեղծ» ընդդիմություն ձեւավորելու ծրագիր են իրականացնում: Թերթերից մեկը նշել էր նաեւ հնարավոր 3-րդ ուժի կոնֆիգուրացիան՝ «Հնչակյան»-Դաշնակցություն-Ռամկավար՝ 3 ավանդական կուսակցություններով:

Այս պնդումները, սակայն, ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ անդամ, լոսանջելեսաբնակ Համբիկ Սարաֆյանը կտրականապես հերքում է: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ վերջինս մանրամասնեց, թե ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչները Ֆրանսիայում էին Հայ-եվրոպական խորհրդի նախաձեռնած խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը, որը նվիրված է եղել Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ներկա է եղել նաեւ դեսպան Չիթեչյանը, որի հետ էլ ՍԴՀԿ ԿՎ անդամները հանդիպել են:

«Դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել Սփյուռք-Հայաստան կապերի, դրանց ձեւերի մասին: Առաջարկվել է, որ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների համար ստեղծվի համահայկական մի կառույց, որը կղեկավարի Հայաստանի նախագահը, անդամ կլինեն ԼՂՀ նախագահը, ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, սփյուռքահայ հայտնի գործիչները, գաղթօջախների ներկայացուցիչները: Կոնտեքստը սա էր, բայց ամեն ինչ նենգափոխվել է, ու Հայաստանի նախագահը դարձրել են Սերժ Սարգսյան, այսինքն՝ պաշտոնը փոխարինել են անձով: Ավելին, փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ Հայաստանի ներքին խոհանոցի համար երրորդ ուժ են ուզում ստեղծել»,- ասաց Հ. Սարաֆյանը՝ հավելելով, որ այդ խորհրդաժողովին դաշնակցականներ, ռամկավարներ չեն մասնակցել. դա եղել է ՍԴՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը:

Այդ դեպքում ի՞նչ կապ ունի երեք ավանդական ուժերի միավորումը, երրորդ ուժի ձեւավորումը այդ նախաձեռնության հետ: Մեր այս հարցին ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչը հետեւյալ բացատրությունը տվեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ Գուրգեն Եղիազարյանը 2 տարի առաջ պնդում էր, որ Սերժ Սարգսյանը 3-րդ ուժ ստեղծելու ծրագիր ունի: Նախ՝ ասում էին, թե ՍԴՀԿ-ն ուզում են ՀԱԿ-ից հանել, հետո՝ իբր, «Հնչակյանը»-Ռամկավարը՝ այն, որ հիմա արմենական են, եւ որոնց մենք չենք ճանաչում, ու ՀՅԴ կուսակցություններով պետք է կառավարելի ընդդիմադիր ուժ ձեւավորենք: Հիմա՝ տարիներ անց, իր ասած հիմարությունն արդարացնելու համար ուզում է դա բերի հարմարեցնի այս եղած միջոցառմանը: Փորձ է արվում ապացուցել, որ տեսեք՝ ասում էինք, որ այդպես է: Այսինքն՝ այն գաղափարը, որ մերոնք արտահայտել էին Համահայկական խորհրդի մասին, ինքը բերում դերձակի նման ուզում է հագցնել ներքին հայաստանյան տարազին: Սա է ամբողջ պատմությունը: Գաղափարը ինքը փոխանակ ողջունելու, քանի որ դրանում ոչ մի վատ բան չի կարող լինել, նա փորձում է դա ներկայացնել որպես ինչ-որ մի դավադրություն: Բացի այդ, սա եւս մեկ առիթ էր նաեւ Սեդրակ Աճեմյանին, իբր, վարկաբեկելու համար»:

Իսկ ո՞րն է, այնուամենայնիվ, Համահայկական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը: Հ. Սարաֆյանի ասելով, կան բազմաբնույթ հարցեր, որոնք անցյալ տարիներին այդպես էլ լուծում չեն գտնում նաեւ Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում: Բայց կա նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարություն: Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ Սարաֆյանը հակադարձեց, ասելով, թե՝ սփյուռքահայերի մոտ այնպես չէ, որ այդ նախարարությունը հավատ ու վստահություն է ներշնչում, կամ ինքն անձամբ՝ որպես սփյուռքահայ, գոհ է այդ նախարարության գործունեությունից:

«Չէի ասի՝ գոհ եմ, որովհետեւ, կարծում եմ, թեեւ այդ նախարարության նպատակն ազնիվ էր, բայց գործնականում նա չի կարող լուծել Սփյուռք-Հայաստան հարաբերություններում առկա բոլոր խնդիրները: Որպես նախարարություն՝ նրա անելիքները հստակ չեն. միայն բարի ցանկությունների հիման վրա է ստեղծված: Շատ հարցեր կան, որտեղ նախարարության հայտարարություններն ու գործառույթները հակասում են դեսպանությունների եւ հյուպատոսությունների գործունեությանը: Տպավորությունն այնպիսին է, որ Սփյուռքի նախարարությունը փորձում է զբաղվել մի բնագավառով, որը դեսպանությունների կամ հյուպատոսությունների գործն է: Օրինակ՝ ներգաղթի կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցերով: Ու, դժբախտաբար, նախարարությունը այսպես կարող է դառնալ իշխանության՝ օրվա նախագահի քարոզչամիջոցը։ Փոխանակ Սփյուռքի՝ քարոզչության նախարարության է նման»,- մանրամասնեց Հ. Սարաֆյանը՝ հավելելով, որ նախարարությունը այդպիսի տպավորություն չպետք է թողնի Սփյուռքի վրա, եթե թողեց՝ արդեն համագործակցություն չի կարող ստացվել: Սարաֆյանի ասելով, Համահայկական խորհուրդ ստեղծելու առաջարկի նպատակը նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունից անկախ, նրա վերահսկողությունից դուրս մարմին ձեւավորելն է. «Համահայկական խորհուրդը, այո՛, չպետք է ենթակա լինի Սփյուռքի նախարարությանը: Իսկ խորհրդում ՀՀ նախագահի մասնակցությունն էլ չի նշանակում, որ այն պիտի ծառայի որպես այդ օրվա նախագահի քարոզչական գործիք, այլ պիտի մշակի ծրագրեր, ինչու չէ՝ նաեւ ծավալի քարոզչություն: ՀՀ նախագահները կարող են փոխվել, եւ եթե վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը լինի նախագահի պաշտոնում, նա պիտի համակարգի այդ խորհուրդը: Խնդիրն անձերը չեն»:

ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցչի մատուցմամբ, Համահայկական խորհրդի ստեղծման պարագայում խնդիրներն այլ են լինելու: Նրա ասելով, այսօր Սփյուռքի պատկերացումներն ու ակնկալիքները բոլորովին այլ են, քան Հայաստանի քաղաքացու մտահոգություններն ու Սփյուռքի մասին պատկերացումներն են: Դրա համար էլ նրանց միջեւ անջրպետ գոյություն ունի: Եվ միակ ընդհանրական հարցը, կարելի է ասել, Ցեղասպանության ընդունումն է եւ Ղարաբաղի հարցը: Այն ռեսուրսը, որ պիտի օգտագործվի համատեղ աշխատելու համար՝ մինչեւ հիմա էլ, ըստ Սարաֆյանի, չի օգտագործվում: «Պարզ օրինակ ասեմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում առաջացան ու դեռ էլի կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, որ Հայաստանի պետական շահը հակասի Սփյուռքի ակնկալիքներին, եւ Սփյուռքը կրկին հիվանդագին ընդունի եւ արձագանքի դրան: Որպեսզի դա չլինի, պիտի հստակեցվի, թե ինչն է անհրաժեշտ մեզ: Առաջնահերթությունները պիտի մշակվեն, եւ միշտ պիտի ասվի, թե ինչ քայլ է արվում եւ ինչու է արվում: Այսինքն՝ եթե Հայաստանի պետական շահը պահանջում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լավանան, ուրեմն պիտի լավանան, ու Սփյուռքը այս առումով չի կարող խանգարող լինել: Իսկ որպեսզի Սփյուռքը չդժգոհի՝ կարեւոր է, որ նաեւ սփյուռքահայությունը հասկանա, թե որեւէ քայլ ինչու է անհրաժեշտ: Այդ հստակությունը դեռ չկա: Բայց կարեւորն այն է, որ Համահայկական խորհրդի գաղափարը չխեղաթյուրվի: Գաղափարը կարելի է քննարկել, մշակել, բայց ոչ խեղաթյուրելով փորձել նենգամտորեն ներկայացնել որպես վատ գաղափար, որպես երրորդ ուժ ձեւավորելու փորձ»,- հայտարարեց ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ անդամ Համբիկ Սարաֆյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել