Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատներ՝ ակվարիումային պայմաններո՞ւմ

Ապրիլ 12,2011 00:00

Կամ «Թատրոն X»-ի բացահայտումները

«Թատրոն X» հանրապետական չորրորդ փառատոնի երեւանյան փուլի ավարտից հետո զրուցեցինք մասնագիտական հանձնախմբի անդամների հետ: Այսօրվանից մարզային դիտումներն են, որոնք շարունակվելու են նաեւ Արցախում:
Հարցին՝ ժամանակը չէ՞, որ «Թատրոն X»-ի ազդագրում ընդգրկված մարզային թատրոնները հանդես գան Երեւանում եւ հենց այստեղ լսեն ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի կարծիքը, թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, «Թատրոն X»-ի նախագահ Արա Խզմալյանը պատասխանեց. «Մեր խնդիրը հանդիսատես պատրաստելն է պրոֆեսիոնալ զրույցի միջոցով: Ներկայացումներից հետո թատրոնի մարդկանց եւ հանդիսականի մասնակցությամբ քննարկում ենք բեմադրությանն առնչվող հարցերը: Եվ եթե մեր նպատակը նաեւ մարզային թատերական կյանքի ակտիվացումն է, ապա դրանք պետք է անցկացվեն մարզերում, այլ ոչ մայրաքաղաքում: Այս տարի երեւանյան փուլում կայացան պարկեշտության սահմանները չանցնող քննարկումներ, այլ տեսակետների հանդեպ հանդուրժողական վերաբերմունք: Վստահեցնում եմ, որ այսպես կանցնեն նաեւ մարզային եւ արցախյան փուլերը»:
Հարցին՝ փառատոնի ընթացքում ինչ-ինչ բացահայտումներ եղա՞ն, պարոն Խզմալյանը նշեց Երեւանի թիվ 27 դպրոցի «Թատրոնիկ», Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի սիրողական թատերախմբերը: Հետաքրքրությանը, թե երեւանյան 17 ներկայացումներից ո՞րը կառանձնացնի, պարոն Խզմալյանը ձեռնպահ մնաց պատասխանից եւ միայն հարցապնդմանն ի պատասխան՝ նշեց դերասանուհի Նարինե Գրիգորյանի խաղը՝ Դարիո Ֆոյի եւ Ֆրանքհա Ռամեի «Ազատ զույգ» (բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան) ներկայացման մեջ:
Իսկ քանի՞ երիտասարդ թատերագետ բացահայտեց փառատոնը: Կարո՞ղ ենք ասել, թե ունենք թատերական քննադատների նոր հերթափոխ, ճանաչված թատերագետ Լեւոն Մութաֆյանի կարծիքը հետեւյալն է. «Այս հարցը գերխնդիր եղել է նախորդ փառատոների ժամանակ եւս: Ձեռքբերում, անկասկած, կա: Այս տարի կարող եմ նշել երիտասարդ թատերագետ Տիգրան Ավետիսյանի անունը, ով արդեն վարում է փառատոնային քննարկումների մի մասը, մյուս կողմից, եւ մեծամասամբ, թատերագետների մասով՝ պասիվություն է տիրում, չի զգացվում երիտասարդ սերնդի կռիվը, պայքարը, ինքնուրույն մտածողությունը… Սրանում, անշուշտ, մեղքի իր բաժինն ունի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Մի խոսքով՝ ակվարիումային պայմաններում չի կարելի քննադատներ աճեցնել»:
Երաժշտագետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը, ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ներկայացումների երաժշտական ձեւավորման մասին, ասաց. «Կցանկանայի, որ մեր բեմադրիչները ուշադրություն դարձնեն հայ կոմպոզիտորների երկերին: Երեւանյան բեմադրություններից շատերի երաժշտական ձեւավորումները խճանկար են հիշեցնում, որոնք վերցված են արտերկրի այս կամ այն ստեղծագործողների գործերից, սակայն ոչ միշտ է, որ հանրահայտ երաժշտական նյութը նպաստում է դրամատուրգիայի բացահայտմանը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել