Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՐԿԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴՈՒ ՄՏՔԵՐԸ ԿԱՐԴԱԼ

Ապրիլ 14,2011 00:00

Այս գյուտի հեղինակն առաջարկում է այդ գլխարկի միջոցով ստուգել նաեւ մեր պաշտոնյաներին

\"\"
Պրոֆեսոր Մ. Հյուլլը այս գյուտի համար արժանացել է Բելգիայի Բոդուա թագավորի անվան ֆոնդի մրցանակին:

\"\"
Լուսանկարում
մտքեր կարդացող սարքն է:

Եթե մի քանի տարի առաջ մարդու մտքերը կարդալու հնարավորոթյունը միայն ֆանտաստիկ ֆիլմերում էինք տեսնում, ապա այսօր այն արդեն իրական կյանքում էլ հնարավոր է: Եվ դրա համար պահանջվում է ընդամենը գլխարկանման մի փոքր սարք: Այս գյուտը 2 տարի առաջ արել է Բելգիայի կաթոլիկ համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլլը: Մոտ մեկ տարի առաջ պրոֆեսորն այցելել էր Հայաստան եւ ներկայացրել իր ստեղծած սարքը, սակայն այս մեկ տարվա ընթացքում գիտական խումբը կարողացել է կատարելագործել սարքը: Մ. Հյուլլը կրկին Հայաստանում է եւ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց մարդու մտքերը կարդացող սարքի առանձնահատկությունները:
Պրոֆեսորի խոսքերով՝ նախեւառաջ սարքը ստեղծվել է այն հիվանդների համար, ովքեր խոսքի արտահայտության խնդիրներ ունեն. օրինակ՝ ցերեբրիալ պարալիչով կամ այլ կարգի կաթված ունեցող անձանց համար, ովքեր չեն կարողանում խոսել, բայց նրանց ուղեղն աշխատում է եւ, այսպես ասած՝ կարողանում են մտքում խոսել: Հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը եւ ուշադրությունը սեւեռում մոնիտորի վրա գրված այբուբենին: Եվ որպեսզի հիվանդի մտքում ծագած բառը գրվի մոնիտորի վրա, նա հայացքով ընտրում է իր ուզած տառերը եւ ընդամենը 1 րոպեում մի քանի նախադասություն, որը ուզում է արտաբերել հիվանդը, գրվում է մոնիտորի վրա: Թե ինչպե՞ս է աշխատում սարքը, պրոֆեսորը փորձեց մեզ ոչ գիտական եւ շատ մատչելի մեթոդով ներկայացնել. «Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին եւ հեռակառավարմամբ ուղեղում տեղի ունեցող ինֆորմացիան տեղափոխվում է համակարգիչ: Նախորդ տարի, երբ ես եկել էի Հայաստան, սարքն այս աստիճան իդեալական չէր: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, հետո գլխարկի մեջ հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեն, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում եւ մարդն արդեն ստիպված չի լինում գլխարկը հանելուց հետո լվանալ գլուխը: Բացի այդ, աշխատանքն էլ արագացվել է, առաջ մի բառ գրվելը մոտ 20 վայրկյան էր տեւում, այսօր 20 վայրկյանում կարելի է մի քանի նախադասություն գրել: Այնպես որ, առաջընթացն ակնհայտ է»: Պարզվում է, սարքը միայն հիվանդների համար չէ, այն կարելի է կիրառել նաեւ առողջ մարդկանց դեպքում: Մեր այն հարցին, արդյո՞ք սարքը հետագայում չի օգտագործվի վատ նպատակներով, ասենք՝ առանց մարդու տեղեկության, նրա մտքերը այլ անձինք փորձեն կարդալ, պրոֆեսոր Հյուլլը բացառեց դա: Քանի որ գլխարկը հագնելուց հետո տվյալ անձը պետք է կենտրոնանա եւ անպայման մտածի: Այսինքն, եթե անգամ բռնի ուժով նրան հագցնեն այդ գլխարկը, մարդը կարող է ոչինչ չմտածի, ցրված լինի եւ ի վերջո այլ տառեր ընտրի համակարգչի մոնիտորի վրա. «Դա նույն հարցն է, ինչպես, ասենք՝ երազները կարո՞ղ ենք կարդալ: Սարքով, իհարկե, կարելի է մարդու հուզականությունը կարդալ, ինչպես դա արվում է սրտի կարդիոգրամայի դեպքում»:
Սակայն, ինչպես պրոֆեսորն է վստահեցնում, սարքը կարելի է օգտագործել ռազմական եւ քաղաքական նպատակներով: Մ. Հյուլլը հետաքրքիր առաջարկ արեց մեր կառավարությանը. «Դուք փոքր պետություն ենք եւ ձեր երկրի անվտանգության խնդրին պետք է մեծ ուշադրություն դարձնեք:  Այս սարքով դուք, օրինակ, կարող եք ստուգել ձեր օդաչուներին եւ ընտրել լավագույններին: Ընդամենը սարքը հագնում են, եւ համակարգիչը բացահայտում է տվյալ մասնագետի ուշադիր եւ կենտրոնացված լինելու մակարդակը, կամ նրա ընդհանուր հուզական մակարդակը: Բացի օդաչուներից, այն կարելի է կիրառել նաեւ սահմանապահների դեպքում՝ ասենք՝ եթե զինվորը այդ գլխարկ-սարքը հագին դիրքերում է եւ ննջում է, հեռակառավարման մեթոդով հնարավոր է դա տեսնել»: Պրոֆեսորի մյուս առաջարկը թերեւս շատ ավելի ուշագրավ է. սարքը կարելի է կիրառել հատկապես այն դեպքում, երբ մեր կառավարությունը որեւէ մեկին շատ պատասխանատու պաշտոնի է նշանակում. «Մինչ պաշտոնի նշանակելը, սարքով հնարավոր է ստուգել տվյալ անձի հուզականությունն ու նրա ուշադիր, կենտրոնացված լինելու աստիճանը: Այսինքն՝ պաշտոն նշանակելուց առաջ կարելի է փորձել՝ անձը ցրվա՞ծ է, թե՞ լավ էլ կենտրոնացված է»:
Սակայն, եթե հաշվի առնենք այդ գլխարկի գինը, ապա դժվար թե մեր կառավարությունը գնա այդ քայլին, թեկուզեւ ժողովրդին դուր գալու եւ ասելու՝ մենք պարոն Էսինչյանին ստուգել ենք, շատ կենտրոնացած մարդ է: Գլխարկը, ինչպես պրոֆեսորն է վստահեցնում, արժե մոտ 7000 եվրո, բայց դրանք անհատական են եւ դեռ դրանց արտադրությունը չկա: «Սարքով հետաքրքրված են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները: Եվ մեծածավալ արտադրություն սկսելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ: Երբ սկսվի գործարանային արտադրություն, ապա սարքը 300 եվրոն չի գերազանցի: Արդեն գյուտի պատենտավորման աշխատանքներն ենք կատարում, բայց համալսարանը չի կարող արտադրությունով զբաղվել»: Մեր այն հարցին, եթե հանկարծ Հայաստանը պատվիրի, հնարավո՞ր է մեզ համար էլ այդ սարքերից պատրաստեն, պրոֆեսորն ասաց՝ «Այո, իհարկե: Ես միշտ ասում եմ, քանի որ դուք քրիստոնեությունն առաջինն եք ընդունել, առաջարկում եմ ռիսկի դիմել եւ առաջինը սկսել սարքի արտադրությունը: Ճիշտ է, մենք անվճար չենք աշխատում, բայց հայաստանցի իմ գործընկերոջ շնորհիվ կարող ենք սկսել Հայաստանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել