Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ» ՈՒ «ԲԵՍՊՐԵԴԵԼԸ»

Մայիս 17,2011 00:00

\"\" Ինչ ուզեն՝ կանեն: Ավելի ճիշտ՝ ինչ ուզում՝ անում են

Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում երկու «Եհովայի վկա» հարձակվել են եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի վրա, սպառնացել ու նույնիսկ հարվածել նրան: Բանն այն է, որ այդ օրը առավոտյան «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները հոգեորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Տեր Եսայի քահանան էլ փորձել է միջամտել՝ խնդրելով աղանդավորներին եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել եւ հեռանալ: «Գաղտնիք չէ, որ այդ թաղամասը հայտնի է որպես մի քանի խոշոր աղանդավորական կազմակերպությունների տարածք, մեր հարեւանությամբ են մորմոնները, «Կյանքի խոսք» եւ «Եհովայի վկաներ» աղանդները: Եհովականները վերջին 3-4 տարիների ընթացքում շատ ագրեսիվ են, հատկապես եկեղեցու տարածքում: Եվ որքան էլ փորձել ենք նրանց հեռու պահել եկեղեցու տարածքից, չի ստացվել: Մինչեւ այս միջադեպը տարբեր առիթներով առնչվել եմ այդ քարոզիչների հետ, բանավեճի բռնվել: Նրանք հիմնականում կանայք եւ աղջիկներ են եղել, որոնց հետ բնականաբար միայն կարող ես բանավիճել: Որպես կանոն, բոլորը պնդում են՝ սա մեր երկիրն է, եւ ինչպես ուզենք, այնպես էլ կանենք: Այս անգամ երկու երիտասարդ տղաներ էին, ավելի տաքարյուն, որոնք մեր բախման ընթացքում փորձեցին նաեւ հիշեցնել, որ իրենք նաեւ տղամարդ են: Երբ նրանց դիմեցի, որ իրենց գործողությունը դադարեցնեն, նրանք ինձանից փաստաթուղթ պահանջեցին, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Ապա որոշեցի, որպես հոգեորսության ապացույց, փաստն արձանագրել՝ բջջային հեռախոսով նկարահանել, որովհետեւ հաճախ նրանք գոչում են, որ եկեղեցու տարածքի սահմաններից դուրս են գործում: Երիտասարդները, հասկանալով մտադրությունս՝ ձեռքիցս խլեցին հեռախոսը: Ու երբ փորձ արեցի հեռախոսը ետ վերցնել, հարվածեցին՝ հոխորտալով. «դու դեռ կտեսնես», «կոկորդդ կկրծեմ», ու խոստացան, որ դեռ հաշվեհարդար են տեսնելու»,- «Եհովայի վկաների» հետ ունեցած միջադեպի մասին պատմեց քահանան:
Տեր Եսային նկատեց. «Ցավալի է այն երեւույթը, որ «Եհովայի վկաները» ամեն օր եւ ամենուր քարոզում են, նույնիսկ դեմքերն անգիր գիտենք, թե ով որ տարածքում է քարոզում, բայց այս երեւույթի դեմ ոչինչ անել չենք կարողանում՝ ոչ օրենքի եւ ոչ էլ բարոյականության սահմաններում: Իրենք համոզում են, թե հոգեորսություն չեն անում, այլ ուղղակի քայլում են: Գոնե մի քիչ բարեխիղճ լինեն՝ եկեղեցու տարածքում չգործեն: Ցավը նաեւ այն է, որ մենք չգիտենք՝ ի՞նչ է հոգեորսությունը, ո՞նց ենք դա որակում, ի՞նչ չափանիշներով, չունենք համապատասխան օրենք: Ստացվում է այնպես, որ ամբողջ աշխարհը բղավում է՝ «Եհովայի վկաները» թե՛ Հայաստանում, թե՛ մյուս երկրներում ճնշված փոքրամասնություն են: Բայց իրականում մենք խնդիր ունենք իրենցից պաշտպանված լինելու եւ չգիտենք ինչպես դա անել: Նրանք առանց վախի եւ սահմանափակումների՝ կարող են մտնել ցանկացածի տուն, սեփական տարածք եւ ուղղակի քարոզչություն իրականացնել, առանց հաշվի առնելու տարածքից հեռանալու մարդկանց հորդորները, խնդրանքը»:
Քահանան միջադեպից անմիջապես հետո դիմել է Հարավ-արեւմտյան թաղամասի ոստիկանական բաժանմունք եւ գործը հանձնել իրավապահ մարմիններին: Նրա փոխանցմամբ, ոստիկանությունը զբաղվում է գործով, բայց քրեական գործ չի հարուցվել: Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը ՀԱԹ բնակիչների սիրելի վայրերից է, որը միշտ մարդաշատ է երեխաներով ու տարեց մարդկանցով: «Եհովայի վկաները» այս տարածքում եւ հատկապես պատարագների ժամանակ մշտապես քարոզչություն են իրականացնում բնակիչների շրջանում: «Եհովայի վկաները» հաճախ են հայտնվում եկեղեցու պատերից ներս՝ հոգեորսությամբ զբաղվելու եւ բախումներ իրականացնելու՝ մարդկանց հրահրելու նպատակով:
Ըստ տեր Եսայու, եղել են առիթներ, երբ ոստիկանությանը դիմելու սպառնալիքից վախենալով, եհովականները հեռացել են եկեղեցու տարածքից, սակայն վերջին ժամանակներում իրենք անձամբ են սպառնում ոստիկանություն դիմել, երբ փորձ է արվում զուսպ եւ քրիստոնեավայել նրանց հեռացնել եկեղեցու տարածքից. «Եհովայի վկաները», ովքեր զենք չեն բարձրացնում հայրենիքի պաշտպանության համար, համարձակվում են ձեռք բարձրացնել հայ հոգեւորականի վրա, մերժում են արյան փոխներարկումը, սակայն պատրաստ են կոկորդ կրծելու, երբ տանտերերը սեփական հոգեւոր տնից նրանց դուրս են հրավիրում»,- ասում է քահանան:
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարողանում օրենքի դաշտ տեղափոխել աղանդավորների խնդիրը, տեր Եսային ասաց, որ նրանք ունեն շատ լուրջ հովանավորներ. «Չեմ կարող կոնկրետ քաղաքական գործիչներից որեւէ մեկի անունը տալ, որը հովանավորում է նրանց, բայց Հայաստանի տարածքում այս հարցի բարձիթող վիճակի մեղավորները ոչ թե անհատներն են, այլ խղճի եւ ազատության օրենքի անկատար լինելն ու ոչ ճիշտ գործածումը: Ասեմ նաեւ, երբ մեր եկեղեցին կառուցվեց այդ թաղամասում, աղանդավորական շարժումներն ավելի ագրեսիվացան ու սկսեցին անդադար հարձակվել եկեղեցու վրա: Խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կոնկրետ ձեւակերպվի՝ ի՞նչ է հոգեորսությունը»:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների հոգեւոր տեսուչ տեր Կոմիտաս վարդապետ Հայրապետյանը միջադեպի ժամանակ եկեղեցում է եղել եւ տեսել է, թե ինչպես են երկու երիտասարդները հոխորտում քահանայի վրա: Բայց չի մոտեցել, մտածելով, որ կարող է այլ հարցեր առաջանան: Նա ստիպված ներս է գնացել՝ ոստիկանություն կանչելու:
Թե ինչո՞ւ աղանդավորների հետ խնդիրը օրենսդրական դաշտ չի տեղափոխվում, տեր Կոմիտաս վարդապետ Հայրապետյանը մեկնաբանեց. «Օրինական դաշտ բերվում են այդ խնդիրները, միայն թե՝ նրանք, ովքեր պետք է ընթացք տան, շահագրգռված չեն: Արեւմտյան ուժերն են կանգնած աղանդավորականների թիկունքում, այսինքն՝ այն ուժերը, որոնք ղեկավարում են մեր երկիրը: Մենք էլ դեռ երազում ենք Եվրամիության անդամ դառնալ եւ մտնել եվրոպական արժեքների մեջ ու միասեռականության արժեքները, աղանդավորական շարժումները գնահատել: Այսինքն այն, ինչը կարող է կործանել մեր երկիրը: 20 տարի առաջ անկախություն հայտարարեցինք՝ ոչ թե կործանելու համար այս սրբազան աշխարհը, այլ՝ խնայելու: Իսկ այսօր իրականությունը ցույց է տալիս, որ մենք կործանման ենք տանում մեր աշխարհը՝ էմոները մի կողմից, աղանդավորները՝ մյուս կողմից, միասեռականության հովանավորությունն էլ մեկ այլ կողմից»:
Տեր Եսային «Առավոտի» հետ զրույցում նաեւ նշեց, որ չնայած նախկինում նման միջադեպեր էլի են պատահել, սակայն այդ միջադեպի «հերոսներին» առաջին անգամ է տեսել: Մեզ հետ զրույցից հետո քահանան պետք է գնար ոստիկանական բաժանմունք՝ դատաբշժկական քննության: Հետաքրքրվեցինք նաեւ՝ չի՞ պատրաստվում իրավապահ մարմիններին դիմել՝ եկեղեցու տարածքում պահակախումբ նշանակելու հարցով. «Ես այդ մասին դեռ վաղուց էի մտածել, դիմել ոստիկանություն, որ մեր եկեղեցու տարածքում հատուկ հսկողություն սահմանվի եւ ոստիկանական խումբ նշանակվի: Բայց ոչ միայն աղանդավորների համար, այլ նաեւ առեւտրականների ու մուրացկանների»: Մյուս հարցին էլ՝ չի՞ վախենում հետագայում իր կյանքին սպառնացող վտանգից, նա պատասխանեց. «Ո՛չ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել