Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի անմիջական աջակցությամբ արդեն 10 տարի Գերմանիայի վերամիավորման տարեդարձը նշում է ֆուտբոլային բարեգործական մրցաշարեր կազմակերպելով, որը նաեւ Հայաստանում հավատարմագրված միջազգային, դիվանագիտական կառույցների, տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելու նպատակ է հետապնդում:
Օրերս ավարտվեց նաեւ հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որին այս անգամ, կազմակերպիչներից բացի, մասնակցեցին «Ավերս», «Իմպերիալ» ընկերությունները, Արտասահմանյան լրագրողների միջազգային ասոցիացիան եւ ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Նախնական հանդիպումների արդյունքով երրորդ տեղի համար պայքարում լրագրողական հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ «Իմպերիալի» նկատմամբ, իսկ գլխավոր մրցանակը վիճարկեցին Գերմանիայի դեսպանատան եւ «Ավերս» ընկերության թիմերը: Սեփական դարպասը երկու գնդակ ընդունելուց հետո «գերմանացիները» հաշիվը վերականգնելու մեծ ճիգեր գործադրեցին, սակայն մեկ պատասխան գոլ խփելուց ավելի նրանց չհաջողվեց: Հաղթելով 2:1 հաշվով՝ հոբելյանական մրցաշարի հաղթող դարձավ «Ավերս» ընկերությունը (տնօրեն՝ Կարո Շահբազյան), ինչի համար այդ օրը թիմի ավագի պարտականությունն ստանձնած Սարգիս Չրչյանը Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտից ստացավ գլխավոր գավաթը, իսկ ՀՖՖ հավաքական թիմերի եւ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշճյանը մրցանակակիր դարձած բոլոր ֆուտբոլիստներին հանձնեց ոսկե մեդալները:
Մրցաշարի ավարտից հետո դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը «Առավոտին» ասաց. «Ֆուտբոլն ամենասիրված մարզաձեւից է եւ ինձ հաճելի է, որ Հայաստանի ազգային հավաքականը լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Ցավոք, ձեր թիմը պարտվեց Իռլանդիային: Սակայն ձեր մարզիչն ավելի կարեւորում է այն, որ հավաքականի խաղամակարդակն է բարձրանում եւ հույս կա, որ ավելի հաջող հանդես կգան աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում: Ինչ վերաբերում է այս մրցաշարին, այն չինովնիկներին, օրինակ՝ մեր դեսպանատան աշխատակիցներին, բավարար գնահատականի մակարդակով խաղալու հնարավորություն է տալիս: Սա պրոֆեսիոնալ մրցաշար չէ եւ ֆուտբոլ խաղալը մասնակիցներին ուրախություն է պատճառում: Մեր մրցաշարը նաեւ բարեգործական է եւ ես ուրախ եմ, որ գերմանացի ձեռներեցները որոշակի գումար տրամադրելով՝ աջակցում են նախաձեռնությանը»:
Իսկ մրցաշարի հիմնական կազմակերպիչ, Գերմանիայի դեսպանատան աշխատակից Գագիկ Թումասյանը տեղեկացրեց, որ այս անգամ բարեգործության հասցեատերեր լինելու են Չարենցավանի երկու մանկապարտեզներ, ուր հաճախող շուրջ 200 երեխաների համար կահույք է պատվիրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել