Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ հաստատությունները՝ «թեժ գծի» տակ

Նոյեմբեր 04,2011 00:00

\"\"

Նոյեմբերի 1-ից վերաբացվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման ծառայությունը եւ «1-16» համարով գործում է շուրջօրյա անվճար «թեժ գիծ»: Արագ արձագանքման ծառայությունը գործելու է հայաստանյան 9 հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ: «Թեժ գծի» վերաբացումն ուղղված է հատկապես փակ հաստատություններում տեղի ունեցող բռնության դեպքերի բացահայտմանն ու դրա արագ արձագանքմանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս հարցում հատկապես կարեւորում է հասարակական կազմակերպությունների դերը, որոնք վայելում են հասարակության վստահությունը: Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների եւ հասարակական կազմակերպությունների հանդեպ առկա վստահության համադրումը, ըստ Կարեն Անդրեասյանի, կաջակցի բացահայտելու այն խնդիրները, որոնք շատ դեպքերում թաքնված են: Արագ արձագանքումն իրականացվելու է բոլոր այն դեպքերում, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից (ոստիկանություն, դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն), այնտեղ ենթարկվել է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ առկա է այդպիսի վերաբերմունքի արժանանալու սպառնալիք, վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն բավարարվում անձի օրինական պահանջները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու, թարգմանիչ ունենալու, դատաբժշկական ուղեգիր տրամադրելու, առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում կալանավորը կամ դատապարտյալը ենթարկվել են դաժան, անմարդկային վերաբերմունքի (ծեծ, խոշտանգում եւ այլն), զորամասում տեղի է ունեցել կամ շարունակվում է տեղի ունենալ խոշտանգում, զինվորական ծառայության են զորակոչում անձի, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողություններն իրականացնում է անօրինական եղանակով եւ այլն:
Այն հարցին, թե ինչո՞ւ էր իր պաշտոնավարման սկզբում փակել արագ արձագանքման ծառայությունը, Մարդու իրավունքների պաշտպանը նշել է՝ «Գաղափարը միշտ էլ եղել է շատ լավը՝ ունենալ արագ արձագանքման ծառայություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Բայց, ցավոք, այդ լավ գաղափարի տակ չկար որեւէ ռեսուրս: Ընդամենը մեկ անձ էր աշխատում՝ արագ արձագանքման պատասխանատու եւ ցերեկային ժամերին իր մի քանի գործընկերների հետ փորձում էին հնարավորինս աջակցել: Եթե պետությունը այն ժամանակ մեզ բյուջե տված լիներ, ես կարիք չէի ունենա փակել ամենակարեւոր ծառայությունը»:
Կարեն Անդրեասյանը նաեւ ընդգծեց, որ բյուջետային որեւէ հատկացում չի եղել արագ արձագանքման խումբը վերականգնելու համար: Ներկայումս «թեժ գծի» վերականգնումը հնարավոր է դարձել, քանի որ ազատել է 4-5 հաստիք եւ բացի այդ, ծառայությունը գործելու է նաեւ 9 հասարակական կազմակերպությունների ունեցած մարդկային, տեխնիկական եւ նյութական ռեսուրսներով:
Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների թվում է նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչ Ժորժետա Մեսրոպյանը (լուսանկարում) կարեւորեց օմբուդսմենի գրասենյակի հետ համագործակցությունը՝ նշելով իրավապաշտպան գործունեության ոլորտում կազմակերպության բազմամյա փորձի եւ ակտիվության մասին:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության շրջանակներում ոչ միայն կարող է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն (հեռ.՝ 010 582819) խոշտանգման զոհ դարձած անձանց, այլեւ բուժհոգեբանական վերականգնողական օգնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել