Այսօր երեկոյան Հանրապետական մարզադաշտում միմյանց դեմ են դուրս գալու Մ 21 տարեկանների 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեր ենթախմբի առաջատարները՝ Հայաստանն ու Չեխիան:
Երկու թիմերն էլ ունեն 7-ական միավոր, տոնել են 2-ական հաղթանակ ու Չեխիայում կայացած առաջին խաղում կիսել միավորները՝ 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը: Չնայած դրան, այսօր բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում հյուրերի շանսերը, իսկ մեր հավաքականի հաղթանակը կամ ոչ-ոքին՝ հավասարազոր… Այդ ամենը, սակայն, չի խանգարում Հայաստանի երիտասարդական հավաքականի շտաբին: Երեկ կայացած նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ այս թիմերի սեպտեմբերյան հանդիպումն արդեն ապացուցել է, որ ֆավորիտ լինելը վճռորոշ չէ. «Ես կարծում եմ՝ տղաները հասկացան, որ կարող են խաղալ չեխերի հետ: Ես հիմա էլ եմ համարում, որ Չեխիան է ֆավորիտը, բայց միշտ չէ, որ ֆավորիտն է հաղթում: Իհարկե, այս խաղը կարեւոր է ու վճռորոշ. ճիշտ այնպես, ինչպես մյուսները: Մենք ճանապարհ ենք անցնում ու բոլոր հանդիպումներում է պետք լավ խաղալ»,- ասաց Նազարյանը: Միեւնույն ժամանակ, մարզիչը նշեց, որ չի մտածում հեռահար ծրագրերի մասին, այլ կենտրոնացած է տվյալ, առաջիկա խաղի վրա: «Ուղեգրի համար պայքարը լավ պահանջ ու ցանկություն է: Բայց ես մտածում եմ առաջիկա խաղի մասին, իսկ վերջնական արդյունքը կերեւա վերջում: Մենք կփորձենք խաղալ ազգային հավաքականի նման»: Ի դեպ, այս նույն արտահայտությունն էր օգտագործում հեռահար պլանների մասին հարցադրումներին ի պատասխան նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Հուսանք, որ երիտասարդականին հաջողությունը շատ ավելի կժպտա, ու հաղթանակներն էլ ավելի շատ ու հաստատուն կլինեն, քան մեր հիմնական թիմի դեպքում էր: Մանավանդ որ, ինչպես Նազարյանն ինքն է փաստում. «մրցաշարային աղյուսակը թելադրում է վստահ լինել սեփական ուժերին»:
Ինչ վերաբերում է երիտասարդականի հավաքին, Նազարյանը փաստեց, որ մտահոգող ոչինչ չկա: Ամեն ինչ անցել է բնականոն հունով, ֆուտբոլիստների մարզավիճակը մտահոգություն չի առաջացնում՝ բացառությամբ Գեւորգ Բադալյանի: Ընդհանուր առմամբ, սակայն, մարզիչը գոհ է: Խնդիրները հիմնականում այս հավաքի շրջանակներից դուրս են: Մասնավորապես, շոշափելի է երիտասարդական հավաքականի ընկերական հանդիպումների պակասը: «Երիտասարդական հավաքականին ընկերական խաղեր են պետք, ու ֆուտբոլի ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ: Խոսակցություններ կան ԱՊՀ գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցելու վերաբերյալ, բայց դա նպատակահարմար չէ: Թեեւ դեռ վերջնական որոշում կայացած չէ՝ կմասնակցե՞նք, արդյոք, թե՞ ոչ: Նույնիսկ կազմակերպիչներն իրենք վերջնական չեն որոշել»,- ասաց Ռաֆայել Նազարյանը:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































