Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը ՀՀ ոստիկանության դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան

Նոյեմբեր 11,2011 17:54 Share

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, պահանջելով ճանաչել կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքներիի խախտման փաստը, ինչպես նաեւ` ճանաչել ոստիկանների գործողությունները որպես ոչ իրավաչափ:

Միջադեպը, որ տեղի է ունեցել հանրահայտ է. 2011 թվի սեպտեմբերի 21-ին Ոստիկանության Երեւանի  կենտրոնական բաժանմունքի պետի տեղակալն ու մի քանի այլ աշխատակիցները Սարյանի արձանի մոտից ոստիկանություն բերման էին ենթարկել Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուռին միայն այն բանի համար, որ վերջիններս 10 հոգու հետ քայլերթ էին սկսել այդտեղ, պարզել էին հայոց եռագույն դրոշը եւ վանկարկել «Ազատ-անկախ Հայաստան»:

Բերման ենթարկվածներին ոստիկանությունում պահել էին իրենց կամքին հակառակ, 3 ժամ շարունակ թույլ չէին տվել լքել ոստիկանության տարածքը, թույլ չէին տվել նրանց հետ հանդիպել փաստաբանին, որը դրսում սպասել էր մոտ մեկուկես ժամ, ապա` ռազմաշքերթի ավարտից հետո, ազատ էին արձակել:

Նույն օրը, երեւի կռահելով, որ իրենց արածը ակնհայտ ապօրինություն է, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Սարյանի արձանի մոտից երկու հոգի հրավիրվել է ոստիկանություն` անձերը ճշտելու, այնինչ, միջադեպի վայրում լրագրողների արած բազմաթիվ տեսագրությունները ցույց են տալիս, որ ոստիկանությունը բռնի կերպով միջամտել է 10-12 հոգու քայլերթին, վերոհիշյալ քաղաքացիներին ուժով է նստեցրել ոստիկանական ավտոմեքենան ու տարել: 

Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի մեկնաբանությամբ, հայցվորն ու ինքը հետեւողականորեն պայքարելու են այս գործով ոստիկանական օրինազանցությունների փաստի դատական ճանաչման համար, որքան ժամանակ կամ միջոցներ էլ դա պահանջի:

Ըստ «Ասպարեզի» հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել