
Հեղինակ-ստեղծագործող Mari Loveը` նույն ինքը` Մարի Հովհաննիսյանը, մեկ ամիս է, ինչ հայտարարել էր սիրո և անհատի ներաշխարհի թեմաներով էսսեների մրցույթ: Այն մեկնարկել էր նոյեմբերի 12-ին և բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլում ներկայացված 32 աշխատանքներից Մարին ընտրել է 5 լավագույնին:
«Ինձ թվում էր, թե բարդ ընտրություն կլինի, սակայն, ինչպես պարզվեց ընթացքում, ընտրությունը բավականին հեշտ էր: Էսսեների մեծ մասում «հայկական ավանդական ողբն» էր: Մենք` հայերս, համարում ենք, որ առանց տառապանքի սեր չի լինում, սիրո մեջ միշտ ինչ-որ ողբերգական բան կա: Իսկ ես ինչ-որ լավատեսական աշխատանք էի փնտրում: Ամեն դեպքում փորձեցի ընտրել առավել անկեղծ աշխատանքները, որովհետև գրականության մեջ առաջին հերթին ես անկեղծությունն եմ գնահատում»,- «Առավոտ երիտասարդականի» է ասում Մարին, մրցույթի մասին էլ ներկայացնում է` «Հիմնական նպատակը` գրական խոսքի զարգացումն է, մարդկանց հավատ ներշնչելը, որ ամոթ չէ ստեղծագործել, գրել սեփական զգացմունքների մասին և դրանք կիսել մյուսների հետ: Այժմ շատ ոգևորված եմ, որովհետև, ճիշտն ասած, այսպիսի աշխուժություն չէի ակնկալում»:
Լավագույների աշխատանքները տեղադրվել է նրա բլոգում: Ընթերցողները Facebook-յան like և օդնոկլասսնիկյան класс կոճակների միջոցով ընտրել են հաղթողին: 544 like և 69 класс արդյունքներով հաղթող է ճանաչվել Էդգար Ամիրխանյանը:
«Facebook-ում տեսնելով այդ հայտարարությունը, միանգամից գրեցի և ուղարկեցի»,- պատմում է Էդգարը: Նա ստացավ նվեր մրցույթի հովանավորի կողմից:
Ըստ կազմակերպչի` մրցույթը կլինի շարունակական:
Արամ Արարատյան


















































