Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը՝ Պրահայում

Դեկտեմբեր 12,2011 19:01

Դեկտեմբերի 9-ին Պրահայի Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումների թեմայով լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի հեղինակած «Խաչվածին մահ չկա» գրքի շնորհանդեսը։

Երեկոն բացել է «Օրեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ով ներկայացրել է Շուշան Ղազարյանի լրագրողական ուղին եւ պատմել գրքի ստեղծման մոտ քսան տարիների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների եւ հետաքրքիր դրվագների մասին։

Միջոցառմանը, որը կազմակերպել է Չեխիայում հրատարակվող «Օրեր» համաեվրոպական անկախ հանդեսը, մասնակցել են Չեխիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ հյուպատոս Դավիթ Ղուկասյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ելույթում ասել է, որ «Խաչվածին մահ չկա» փաստագրական գրքի շնորհանդեսը շատ կաեւոր իրադարձություն է թե Չեխիայի հայ համայնքի, եւ թե աշխարհասփյուռ հայ մտավորականության կյանքում:

«Հեղինակը, որպես ականատես, մասնակից, կարողացել է առավելագույնս անաչառ, օբյեկտիվ կերպով ներկայացնել 1988-1991թ.թ. Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քննարկումները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Երեւանում , Ստեփանակերտում, հայ ազգի համար այդ պատմական , բեկումնային իրադարձությունները, հայաստանյան պատվիրակների ակտիվ աշխատանքները, անձնատուր ջանքերը Խորհրդային Միության Գերագույն խորհրդում Արցախի հարցի խաղաղ, արդար կարգավորման համար, նաեւ նրանց հուզմունքները, ինչու չէ, նաեւ հակասությունները: Շատ իրական են արտացոլվել նաեւ Կրեմլի որոշ գործիչների հակասական, երբեմն թշնամական, վերաբերմունքը մեր արդար պահանջի հանդեպ , դրանց անդրկուլիսային խաղերը, նաեւ՝ մեր բարեկամների, օրինակ Արկադի Վոլսկու, նպաստավոր գործունեությունը»,- ասել է Չեխիայում ՀՀ դեսպանը, որի համոզմամբ, աշխատությունն օգտավետ է հայոց նորագույն պատմությունն ուսումնասիրողների, քաղաքագետների, լրագրողների, ուսանողների , սովորական ընթերցողի համար:

Պարոն Սեյրանյանը նշել է, որ գրքի հրատարակման հաջողությունն իրավունք ունի կիսելու նաեւ դրա ստեղծմանն աջակցություն ցուցաբերած «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ղեկավար Արմեն Քոլոյանը։ Դեսպանը ջերմորեն արտահայտվել է դպրոցի ամենափորձառու մանկավարժ Լարիսա Գրիգորյանի մասին, ով երեկոյի ընթացքում համառոտ վերլուծել է «Խաչվածին մահ չկա» գիրքն ու մի քանի հատված է ընթերցել։

«Oգտվելով պատեհ առիթից կուզեի նշել, որ այսօր մեզ հետ է գրքի հերոսներից մեկի՝ Մարտունու , Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, մեծ հայրենասեր Վաչագան Գրիգորյանի թոռը՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանը: Թեպետ Շուշանը համեստաբար նշում է, որ «գիրքը չի հավակնում վճռական եզրահանգումների կամ քաղաքական վերլուծության», դրա մեջ հեղինակի՝ մեծ հայրենասերի սիրտն ու ոգին են դրված»,- ասել է դեսպանը։

Երեկոյի ընթացքում, Չեխիայի հայ համայնքի հոգեվոր հովիվ հայր Բարսեղ Փիլավչյանը օրհնել է նոր լույս տեսած գիրքը եւ ընդգծել է, որ «Խաչվածին մահ չկա» վերնագիրն ինքնին շատ խորհրդանշական է, «քանի որ Աստված չուրացած ժողովուրդը երբեւէ չի կործանվի եւ կհասնի իր առջեւ դրած նպատակին»։

Չեխահայ համայնքին իրենց տեսաուղերձն են հղել գրքի հերոսներից` փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը, ինչպես նաեւ «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանը։

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ Արցախյան շարժման մասին, բացի այդ, մշակութային համարներ են ներկայացրել Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի նախկին եւ ներկա սաները։

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031